Ինդի ռոք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ինդի ռոք Indie rock | |
---|---|
Ոճային հիմքեր | Ալտերնատիվ ռոք, Փոսթ-փանք, էլեկտրոնային երաժշտություն |
Մշակութային հիմքեր | Վաղ 80-ականներ, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Կանադա. |
Ծագման ժամանակ | 1981 |
Ծագման երկիր | ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Եվրոպա |
Հատուկ գործիքներ | Կիթառ – Բաս կիթառ – Հարվածային գործիքներ – Ստեղնաշարային գործիքներ – Սինթեզատոր |
Ճանաչում | Ողջ աշխարհում 2000-ականներին |
Ենթաժանրեր | |
Գարաժ փանք, Րայըթ գրրրլ, Թուի փոփ, Էմո, Գրինդի, Փոսթ-փանք րիվայվլ, Նոիզ փոփ, Դենս-փանք, Նյու Ուիրդ Ամերիկա, Բարոք փոփ, Գարաժ ռոք րիվայվլ, լո-ֆայ, սեդկոր, Սի86, Մաթ ռոք, շուգեյզինգ |
Ինդի ռոք, (անգլ.՝ Indie rock) ռոք երաժշտության ժանր, որն առաջացել է Մեծ Բրիտանիայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1980-ական թվականներին։ Այս տերմինը հաճախ օգտագործվում է անկախ ընդհատակյա երաժշտության թողարկման ու տարածման տեսակը, ինչպես նաև նման կերպ թողարկվող երաժշտության ոճը բնութագրելու համար։ Ինդի ռոք արտիստները հայտնի են նրանով, որ իրենք են տնօրինում սեփական երաժշտությունն ու կարիերան՝ թողարկելով ալբոմներ անկախ ձայնագրման լեյբլներում (հաճախ հենց սեփական լեյբլներում) և ճանաչում ստանալով շրջագայելու, սովորական մարդկանց միջոցով գովազդվելու, անկախ կամ քոլեջ ռադիոների եթերում պտտվելու և վերջին տարիներին նաև ինտերնետային պրոմո-արշավների միջոցով։ Ինդի ռոք երաժիշտներն ավելի հաճախ պայմանագրեր են կնքում հենց անկախ, այլ ոչ թե խոշոր ձայնագրման լեյբլների հետ, չնայած՝ շատ դեպքերում նրանք անցնում են խոշոր լեյբլների իրենց կարիերայի կեսից։ Ու սա ավելի աղոտ է դարձնում ինդի և մեյնսթրիմ երաժշտությունների միջև սահմանը, ինչը պատճառ է դառնում երկրպագուների անվերջ վիճաբանության։ Իհարկե, կան խմբեր, որոնք իրենց կարիերայի մեծ մասն անց են կացրել խոշոր լեյբլների հովանու ներքո, բայց հնչողության և պահվածքի շնորհիվ մամուլի կողմից կոչվում են ինդի ռոք։
Շատ երաժշտական ժանրեր ու ենթաժանրեր, ունենալով շատ ընդհանրություններ իրար հետ, ասոցացվում են ինդի ռոքի հետ։ Դրանցից են լո-ֆայը (lo-fi), փոսթ-ռոքը (post-rock), սեդքորը (sadcore), Սի86-ը (C86), մաթ ռոքը (math rock), շուգեյզը (shoegaze), դրիմ փոփը (dream pop), ինդի փոփը (indie pop), նոիզ ռոքը (noise rock), նոիզ փոփը (noise pop), րայըթ գրրրլը (riot grrrl), փոսթ-հարդքորը (post-hardcore), թուի փոփը (twee pop), ալթ-քանթրին (alt-country), փոսթ-փանք րիվայվլը (post-punk revival), գարաժ ռոք րիվայվլը (garage rock revival), դենս-փանքը (dance-punk), ինդի ֆոլքը (indie folk), բարոք փոփը (baroque pop) և ինդիտրոնիկան (indietronica)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ արմատները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից ինդի ռոքի արմատները հասնում են մինչև The Velvet Underground-ի համանուն դեբյուտային ձայնասկավառակը՝ թողարկված 1967 թվականին, որը համարվել էր համար 7 ալբոմը Բլենդերի լավագույն 100 ինդի ռոք ալբոմների ցանկում։ Beach Boys-ի Pet Sounds ալբոմը՝ թողարկված 1966 թվականին, նույնպես համարվում է ժանրի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցող ձայնասկավառակ։ Հետագայում 70-ականների փանք շարժումը ունեցավ մեծ ներդրում ԱԴԻ (արա դա ինքնուրույն) ոճի մեջ, որն ավելի ուշ դարձավ ինդի ռոքի անկյունաքարը։
1980-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ականներին ալտերնատիվ ռոքը քիչ թե շատ ասոցացվում էր ինդի ռոքի հետ։
Մեծ Բրիտանիայում ինդի չարտեր ստեղծվեցին 80-ականների սկզբին։ Ի սկզբանե, չարտերում հիմնականում այնպիսի խմբեր էին, որոնք ստեղծվել էին որպես կիթառային հիմք ունեցող ալտերնատիվ ռոք խմբեր, հատկապես ինդի փոփ արտիստներ, ինչպիսիք էին, Aztec Camera-ն և Orange Juice-ը, Սի86 ջենգլ-փոփ շարժումը և Sarah Records լեյբլի արտիստները։ 80-ականների որոշ չափով բնորոշ բրիտանական ինդի ռոք խմբերից են The Smiths-ը, The Stone Roses-ը, The Jesus and Mary Chain-ը և Happy Mondays-ը, որոնց երաժշտությունը ունեցել է ուղղակի ազդեցություն 90-ականների այնպիսի շարժումների ձևավորման վրա, ինչպիսիք են շուգեյզինգը և բրիթփոփը։
Միացյալ Նահանգներում ինդի ռոք տերմինը մասնավորապես ասոցացվում էր Hüsker Dü-ի, The Replacements-ի, Pixies-ի, Dinosaur Jr.-ի, Sonic Youth-ի և Minutemen-ի սուր, աղմկոտ ու ծանր երաժշտության հետ։ Բայց ճակատագրի հեգնանքով այդ խմբերից շատերն այդ տասնամյակի ընթացքում ձայնագրություններ են թողարկել խոշոր լեյբլների տակ։ R.E.M.-ը, 10,000 Maniacs-ը և նման այլ քոլեջ ռոք խմբեր նույնպես 80-ականների ալտերնատիվ ռոք բեմի մի մասն էին։
Մի շարք ինդի ռոք լեյբլներ հիմնադրվեցին 80-ականներին։ Դրանցից էին Վաշինգտոնի Dischord Records-ը 1980 թվականին, Սիեթլի Sub Pop Records-ը՝ 1986 թ.-ին, Նյու Յորքի Matador Records-ն ու Durham-ը, Հյուսիսային Կարոլինայի Merge Records-ը՝ 1989 թ.-ին։ Չիկագոյի Touch and Go Records-ը 1979 թ.-ին հիմնադրվեց որպես ամսագիր, իսկ 80-ականներին սկսեց թողարկել ձայնագրություններ։
1990-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]90-ականները մեծ փոփոխություն մտցրին ալտերնատիվ ռոքի բեմում։ Այնպիսի գրանժ խմբեր, ինչպիսիք են Nirvana-ն, Alice in Chains-ը, Soundgarden-ը և Pearl Jam-ը, ներխուժեցին մեյնսթրիմ՝ ձեռք բերելով կոմերցիոն հաջողություն և միջազգային ճանաչում։ Փանք րիվայվլ խմբերը, օրինակ, Green Day-ն ու The Offspring-ը նույնպես ճանաչում ձեռք բերեցին ու անցան "ալտերնատիվ" կատեգորիայի տակ։ "Ալտերնատիվ" տերմինի իմաստը փոխվեց, քանի որ խոշոր լեյբլները սկսեցին մեծ ներդրումներ կատարել այդ երաժշտության մեջ, ինչը փոխեց այդ մշակույթի ողջ իմաստը։ Այն արդեն բնութագրում էր երաժշտության այնպիսի տեսակ, որը հասնում է մեյնսթրիմ հաջողության։ Իսկ "ինդի ռոք" տերմինը սկսեց ասոցացվել այն խմբերի ու ժանրերի հետ, որոնք մնացին ընդհատակում (անդերգրաունդ)։
90-ականներին առաջացան ինդի ռոքի մի քանի հիմնական ճյուղեր։ Լո-ֆայը գլխավորում էին Elliott Smith-ը, Pavement-ը, Guided by Voices-ը, Neutral Milk Hotel-ը և մի քանի խմբեր, որոնք գրվում էին Elephant 6 Recording Company-ում։ Սահմանվեցին ձայնագրման տարբեր տեխնիկաներ (այդ թվում նաև տնային ձայնագրությունը) և հիմնվեց այն համոզմունքը, որ ինդի ռոք արտիստները չեն "վաճառվում" մեյնսթրիմ ալտերնատիվ ռոք բեմին։
Էմո ուղղությունը, որն առաջացել էր 80-ականներին հարդքոր փանքից, մասնավորապես Rites of Spring խմբից, աստիճանաբար ավելի մեծ ճանաչում էր ձեռք բերում 90-ականներին։ Sunny Day Real Estate-ը, The Promise Ring-ը, The Get Up Kids-ն ավելի մելոդիկ հնչողություն մտցրին ժանրի մեջ։ Weezer-ի Pinkerton ձայնասկավառակը ժանրն ավելի լայն ու մեյնսթրիմ հանդիսատեսին հանձնեց։ Տարիներ անց "էմո" տերմինը մամուլի կողմից վերագրվեց ավելի մեյնսթրիմ խմբերի։
Talk Talk-ի Spirit of Eden ու Laughing Stock և Slint-ի Spiderland ձայնասկավառակները խթանեցին փոսթ ռոքի ու մաթ ռոքի զարգացումը։ Փոսթ ռոքը, որը էքսպերիմենտալ ոճ է՝ ազդված ջազից և էլեկտրոնային երաժշտությունից, դարձավ ժանր, երբ Tortoise-ը և Չիկագոյից նրանց հետևորդները դարձան ազգային կուռքեր 90-ականների կեսերին։ Մաթ ռոքն ունի նույն էքսպերիմենտալ հիմքերը, բայց ավելի հարուստ է ու սուր։ Don Caballero-ն, Chavez-ը և այլ խմբեր մեծ ներդրում ունեցան ոճի ճանաչում ձեռք բերելու գործում 90-ականներին։
2000-ականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին ինդիի ու մեյնսթրիմի միջև սահմանը չափազանց աղոտ է դարձել։ Այնպիսի ինդի խմբեր, ինչպիսիք են Modest Mouse-ը և Death Cab For Cutie-ն, պայմանագիր են կնքում խոշեր լեյբլների հետ և ձեռք բերում կոմերցիոն հաջողություն։ Իսկ ահա Radiohead-ը չեղյալ հայտարարեց իր պայմանագիրը EMI-ի հետ և 7-րդ՝ In Rainbows ալբոմը թողարկեց սեփական լեյբլի տակ։ Առանց խոշոր լեյբլի ինդի խմբերը առաջխաղացման համար մեծ մասամբ դիմում են ինտերնետի օգնությանը, մասնավորապես այնպիսի վեբկայքերի, որոնք գրում են ինդի ռոքի մասին հոդվածներ, օրինակ Pitchfork Media-ն։