Իլիկ
Արտաքին տեսք
Իլիկ,
- Թել մտնելու ձեռքի պարզունակ գործիք։ Բաղկացած է 25–35 սմ երկարությամբ ձողիկից (որի վրա փաթաթվում է »մանվող թելը)՝ դրա վրա ամրացվող կոնաձև կամ գլանաձև գլխից (ծառայում է պտույտներին արագություն հաղորդելու համար) և թելն ամրացնելու մետաղյա կեռիկից։ Օգտագործում են բացառապես կանայք։ Հայաստանում հայտնի է դեռևս մ. թ. ա. III հազարամյակից։ Իլիկի ոսկրե, քարե կամ կավե գլխիկներ են հայտնաբերվել Հայաստանի էնեոլիթյան և բրոնզեդարյան համարյա բոլոր բնակատեղիներում (Շենգավիթ, Մոխրաբլուր, Արթիկ, Լճաշեն, Գառնի ևն)։ Հետագայում պատրաստվել են առավելապես փայտե իլիկներ։ Այժմ հազվադեպ է գործածվում։
Իլիկներ
2, Նախաթելի, մանող, մանող–ոլորող, ոլորող և փաթաթող մեքենաների հիմնական աշխատանքային օրգանը։ Նախատեսված է նախաթելը, մանվածքը, թելը ոլորելու և որոշակի ձևով ու չափով փաթաթելու համար։ Առավել տարածված են՝ օղակաձև և կենտրոնախույս (մանող մեքենաների համար), սնամեջ (մանող–ոլորող մեքենաների համար), օղակաձև և կրկնակի ոլորող (ոլորող մեքենաների համար), եղանաձև (նախաթելի մեքենաների համար) իլիկները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 319)։ |