Jump to content

Ժան Ռասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ռասին
ֆր.՝ Jean Racine
Ծնվել էդեկտեմբեր 1639[1]
ԾննդավայրԼա Ֆերտե Միլոն[2]
Վախճանվել էապրիլի 21, 1699(1699-04-21)[3][4][5][…] (59 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6][2]
ԳերեզմանՍենթ Էտիեն դյու Մոն[7]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ, լիբրետիստ, պատմաբան և գրող
Լեզուլատիներեն և ֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
ԿրթությունՍենտ-Լուիսի լիցեյ և Q108740666?
Ժանրերողբերգություն
Գրական ուղղություններկլասիցիզմ
Ուշագրավ աշխատանքներԱնդրոմաքե, Ֆեդրա, Աթալիա, La Thébaïde?, Alexandre le Grand?, Les Plaideurs?, Britannicus?, Bérénice?, Bajazet?, Mithridate?, Iphigénie? և Esther?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[8] և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[9]
ԱմուսինCatherine de Romanet?
ԶավակներJean-Baptiste Racine? և Լուի Ռասին
Изображение автографа
 Jean Racine Վիքիպահեստում

Ժան Բատիստ Ռասին (ֆր.՝ Jean-Baptiste Racine, դեկտեմբեր 1639[1], Լա Ֆերտե Միլոն[2] - ապրիլի 21, 1699(1699-04-21)[3][4][5][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[6][2]), ֆրանսիացի դրամատուրգ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1673)։

Պիեռ Կոռնեյլի և Մոլիերի հետ կազմում է 17-րդ դարի Ֆրանսիայի մեծագույն թատերագիրների եռյակը։

Կենսագրություն և ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բովեի կոլեժում (1653-1655)։ Այդ տարիներին Ռասինը որոշ ժամանակ գտնվել է յանսենիստների ազդեցության տակ, ապա խզել կապերը, գրել է ներբողներ («Սենի հավերժահարսը», 1660), առնչվել արքունիքի հետ։ Վաղ շրջանի ողբերգություններն են՝ «Թերատիս, կամ Թշնամի եղբայրները» (բեմադրումը և հրատարակումը՝ 1664), «Ալեքսանդր» (1665)։

«Դատամոլներ» (բեմադրումը՝ 1668, հրատարակումը՝ 1669, հայերեն հրատարակումը՝ «Դատասերք», 1863) միակ կատակերգությունում Ռասինը ծաղրել է ֆրանսիական դատարանը։

Ֆրանսիական դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ նոր էջ է բացել Ռասինի «Անդրոմաքե» (բեմադրումը՝ 1667, հրատարակումը՝ 1668) ողբերգությունը։ Ստեղծել է սիրային կրքերի կլասիցիստական ողբերգություն՝ առաջին պլան մղելով բարոյականության հարցը։ Նուրբ և ճշգրիտ պսիխոլոգիզմը բացահայտել է պարտքի և կրքի, սիրո և ատելության միջև տառապող, ներքնապես երկատված անհատի դրաման։ Առավել խոր և բանաստեղծորեն է նկարագրել կնոջ հոգեկան աշխարհը։ Բանաստեղծի ողբերգությունների կառուցվածքը պարզ է ու բնական, ենթարկվում է հերոսների զգացմունքների ներքին տրամաբանությանը։ Դրա շնորհիվ Ռասինի մոտ բնավորություններն ու խոսքը նշանակալի են դառնում հատկապես այն դեպքերում, երբ արտաքին գործողությունները հանգում են գրեթե ոչնչի և հեշտությամբ տեղավորվում են եռամիասնության շրջանակներում։ Այդ կազմակերպված ձևը, միաժամանակ, ծայրահեղորեն հագեցած է իր շրջանակներում մոլեգնող կրքերով, որոնք կուրացնում են մարդուն, դարձնում նրան սեփական կամքին և բանականությանը հակառակ, հանցագործ և բռնակալ, իր անսանձության զոհը։ Ռասինի իդեալական հերոսուհիները, ընդհակառակը, համառորեն դիմագրավում են կույր կրքերն ու կամայականությունները, պատրաստ են ինքնազոհության, որպեսզի պաշտպանեն հավատարմությանը բարոյական պարտքի հանդեպ և փրկեն իրենց հոգեկան մաքրությունը։

Քաղաքական բնույթի «Բրիտանիկուս» (բեմադրումը՝ 1669, հրատարակումը՝ 1670, հայերեն հրատարակումը՝ 1869) ողբերգությունում քննադատված է բացարձակ միապետությունն ու բռնակալությունը։ Ինքնահրաժարման ռասինյան իդեալը առավել ցայտուն է մարմնավորված «Բերենիկե» (բեմադրումը՝ 1670, հրատարակումը՝ 1671) ողբերգությունում։ Իսկ հետագա «Բայազետ» (բեմադրումը և հրատարակումը՝ 1672), «Միհրդատ» (բեմադրումը և հրատարակումը՝ 1673, հայերեն հրատարակումը՝ 1869), «Իֆիգենիան Ավլիսում» (բեմադրումը՝ 1674, հրատարակումը՝ 1675, հայերեն հրատարակումը՝ 1869) ողբերգությունները Ռասինը նորից կառուցել է միապետական բռնակալության և նրա զոհերի կոնֆլիկտների հիման վրա։

«Փեդրա» (բեմադրումը և հրատարակումը՝ 1677, հայերեն հրատարակումը՝ 1861) ողբերգությունում նա մեծ ուժով բացահայտել է բարձր բարոյականության տեր կնոջ կերպարը, որը դժվարին պայքար է մղում իրեն հաղթող հանցագործ կրքի դեմ։ Դա կապված է նորից յանսենիզմին անդրադառնալու հետ։ Ռասինը մեղադրվեց անբարոյականության մեջ, տապալվեցին նրա «Փեդրայի» առաջին բեմադրությունները։ Ռասինն իր կապերը խզեց թատրոնի և գրական աշխարհի հետ։

12 տարվա ընդմիջումից հետո միայն նորից անդրադարձավ դրամատուրգիային («Եսթեր», բեմադրումը և հրատարակումը՝ 1689, հայերեն հրատարակումը՝ 1914)։ Կրոնաքաղաքական դրամայի նոր ժանրը ավելի պարզորոշ ձևավորվեց Աստվածաշնչի թեմաներով գրված «Գոթողիա» (բեմադրումը՝ 1690, հրատարակումը՝ 1691, հայերեն հրատարակումը՝ 1834) ողբերգությունում, որտեղ արդի հասարակական կյանքի բովանդակությունն ամբողջությամբ դուրս է մղել սիրո թեման։

Ռասինի գրական գործունեությունն ավարտվում է «Հոգևոր երգեր» (1694) և «Պոր Ռոյալի հակիրճ պատմությունը» (հրատարակումը՝ 1742) գործերով։

Կլասիցիզմի խոշորագույն բանաստեղծ Ռասինը մեծ ազդեցություն է գործել այդ գրական ուղղության բոլոր ներկայացուցիչների վրա։

  • 1663 - «Մուսաների փառքը» (ֆր.՝ La Renommée aux Muses)
  • 1664 - «Թերատիս, կամ Թշնամի եղբայրները» (ֆր.՝ La thebaïde, ou les frères ennemis)
  • 1665 - «Ալեքսանդր Մեծ» (ֆր.՝ Alexandre le grand)
  • 1667 - Անդրոմաքե
  • 1668 - «Հայցամոլներ» ֆր.՝ Les Plaideurs
  • 1669 - Բրիտանիկ
  • 1670 - Բերենիկե
  • 1672 - «Բայազետ» ֆր.՝ Bajazet
  • 1673 - «Միհրդատ» ֆր.՝ Mithridate
  • 1674 - Իփիգենիա
  • 1677 - Փեդրա
  • 1689 - Եսթեր ֆր.՝ Esther
  • 1691 - Աթալիա ֆր.՝ Athalie

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ռասին» հոդվածին։