Թալիշ (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թալիշ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Թալիշ | ||
Թալիշ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Թարթառի շրջան, Ելիզավետպոլի նահանգ, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 581[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | թալիշցի | |
Ժամային գոտի | UTC 4 | |
Փոստային ինդեքս | - | |
Փոստային դասիչ | AZ5900 | |
Ավտոմոբիլային կոդ | 59 | |
| ||
Թալիշ, Հոռեկ, հայաթափված այժմ ադրբեջանաբնակ գյուղ նախկինում Արցախի Մարտակերտի շրջանում` շրջկենտրոնից 28 կմ հյուսիս` 600 մետր բարձրության վրա, այժմ Տերտերի շրջանում։ Արցախի հնագույն գյուղերից է, եղել է Գյուլիստանի (Թալիշի) մելիքության իշխանանիստը։ Տարածքը՝ 6400 հեկտար։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, երկրագործությամբ։ Ունի միջնակարգ դպրոց և բուժմանկաբարձական կետ։
Գյուղում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար), շրջակայքում են Շիրախան գյուղատեղին, Թալիշի կամ Գյուլիստանի մելիքների տոհմական գերեզմանատունը, պալատների, Հոռեկա վանքի (5-րդ դար) և Հոռեկ գյուղի ավերակաները։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը հարթավայրային է` ունի 6398,80 հա տարածք, որոնցից 2047,53 հա տարածքը գյուղատնտեսական նշանակության, 349,54 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 19 աղբյուրներ՝ «Բարակ», «Արցախ», «Նիկոլայի», «Մալականի», «Քռնով», «Տմբլի», «Շկոլի», «Կլուբի», «Մեժունց», «Սպիտակ», «Մոխանի», «Միջնաշենի», «Բժշկի», «Համամի», «Հոռի», «Միջնակ», «Դյութք», «Ճոխտ» և «Ճղպրեն»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է մ.թ. 401 թ. Ուտիքի գավառի Նիժ գյուղի Յալոյլաբլուր ամրոցի Թարիջ իշխան կողմից։ Թալիշը, որը Հյուսիսային Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, իր պատմության ընթացքում չորս անգամ փոխել է իր անունը։ Թարիջ իշխանը իր հպատակների հետ գալիս ու կանգ է առնում այժմվա Հոռեկա վանքի տարածքում գտնվող մի սառնորակ աղբյուրի մոտ, որտեղ վաղուց ի վեր Պարտավի թագավորների ամառանոցն էր։ Գաղթի երրորդ տարեդարձին Թարիջ իշխանի հրամանով իրենց փրկության օրը հայտարարվում է տոն և որոշվում, որ ամեն տարի Հոռի ամսվա այդ օրը նշել։ Հոռի ամսվա տոնակատարությունները թարիջեցիները կատարել են ամեն տարի։ Հոռի ամսվա անունից էլ այդ աղբյուրը կոչվում է Հոռի աղբյուր ու այդ անունը պահպանվում է առ այսօր։ Կարծիք կա, որ գյուղն իր երկրորդ անունը ստացել է 1279 թվականին, բայց ամենայն հավանականությամբ Հոռեկավան կամ Հոռեկա գյուղ անվանվել է հենց 5-րդ դարից։ Դա հաստատվում է Մովսես Կաղակատվացու «Պատմությունից», որտեղ 7-րդ դարի պատմիչը հիշատակում է Հոռեկա (Ուռեկան) ավանի մասին։ Հիշատակված 1279 թվականին անվանափոխվել է վերակառուցված Գլխո վանքը և գյուղի անունով էլ կոչվել է Հոռեկա վանք։ Հոռեկավան անունը պահպանվել է մինչև 1809 թվականը։ Բոլնիսից վերադարձած թալիշցիները ավերված գյուղը վերականգնում են այսօրվա Թալիշի տեղը և անվանակոչում այն Թբլեցիք։ 1822 թվականին Մելիք Ֆրիդոնի 4-րդ որդի և գյուղի կալվածատեր Թալիշ բեկի անունով էլ կոչում են բնակավայրը, որն առ այսօր կրում է Թալիշ անունը։
Թալիշը Արցախյան ազատամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-93-ին Թալիշում կազմավորվել են աշխարհազորային խմբեր, որոնք գործում էին գյուղի ղեկավարության ներքո։ Հետագայում, երբ գյուղի տղաներից և հայաստանաբնակ թալիշցիներից կազմավորվում են մարտական խմբեր՝ ստեղծվում է Ինքնապաշտպանական ջոկատ և ռազմական շտաբ։ Շտաբի ենթակայության տակ էին աշխարհազորը և մարտական երկու ջոկատները։ Բնակավայրի անկումից հետո Թալիշի ազատամարտիկները շարունակեցին պայքարը՝ ընդգրկվելով Մահապարտների ջոկատում՝ <Արծիվ-1> գումարտակ, Շահումյանի պարտիզանական ջոկատում՝ Թալիշի վաշտ, ՀՀ ՊՆ <Թալիշ> կամավորական վաշտում։ Ջոկատները առանձին կամ ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի, Քելբաջարի (Օմարի լեռնանցք) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրման մարտերին։ Արցախյան պատերազմում Թալիշից զոհվել են 44 հոգի, որից 3-ը աշխատանքի վայրում՝ գրադից և թշնամու գնդակից, 2-ը զինծառայության ժամանակ՝ թշնամու դիպուկահարից, 39 ազատամարտիկ՝ պատերազմի դաշտում[4]։
2016 թվականի Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլի 2-ին Քառօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին հաջողվել էր գյուղ մտել, որտեղ այդ պահին մնացել էին մի քանի խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանցիները գնդադակահարել են Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել են նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին[5]։
Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][6][7]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Թալիշ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 597 մարդ, կար 168 տնտեսություններ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[8].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 555 | 529 | 565 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ` Գլխո (Հոռեկա վանք) վանք, (1279-1284 թթ.), եկեղեցի (XVI Iդ.), գերեզմանոց (XVII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), խաչքար (XII-XIIIդդ.), եկեղեցի (1151թ.), գյուղատեղի «Դյութական» (XIII դ.), Մելիք-Բեգլարյանների ապարանք (1727 թ.), հաշվառված է 26 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Թալիշում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 100 աշակերտներ, համայնքն ուներ 1 պետական մանկապարտեզ` հաճախում են 29 երեխաներ[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոռեկա վանք
- Արցախյան ազատամարտի հուշահամալիր (Թալիշ)
- Թալիշի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Մարտակերտի շրջան)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 206-207։
- ↑ «Վայրագություններ՝ Թալիշում (ԶԳՈւՇԱՑՈՒՄ. հրապարակված է գնդակահարված անձանց լուսանկար) - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». hetq.am. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 156.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 126)։ |
|