Էսենյուրթ (թուրքերեն՝ Esenyurt), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Ստամբուլի մարզի եվրոպական հատվածում։ 2008 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 313 017 մարդ, իսկ տարածքը` 43,12 կմ²։ Էսենյուրթը համարվում է Ստամբուլի արբանյակ քաղաքներից մեկը։ Էսենյուրթ առանձին քաղաքի կարգավիճակ է ստացել 1989 թվականին՝ ադմինիստրատիվ բարեփոխումների արդյունքում և զբաղեցնում է 2770 հեկտար տարածություն։ Քաղաքը ներկայումս ունի 4 մշակութային կենտրոններ` Էսենյուրթի մշակութային կենտրոնը, Սաադեթդերե մշակութային կենտրոնը, Յենիքենթ մշակութային կենտրոնը և Յունուս Բալթա մշակութային կենտրոնը։ Հիմնական էթնիկ կազմը բաղկացած է թուրքերից, հույներից, հայերից և գնչուներից։ 1950-ական թվականներին դեպի Էսենյուրթ և Ստամբուլ մեծ ներհոսք սկսվեց Արդվինից, Կարսից, Արդահանից և Էրզրումից։ Ժամանակին Էսենյուրթում մեծ քանակությամբ թուրքահայեր են բնակվել, սակայն ներկայումս նրանց թվաքանակը չի գերազանցում 2000-ը։ Էսենյուրթը հայտնի համալսարանական քաղաք է։ Այստեղ են գտնվում Ստամբուլի Էսենյուրթ համալսարանը, այստեղ ունեն մասնաճյուղը Ստամբուլի Մարմարայի համալսարանը, որը առաջատար գիտահետազոտական կենտրոններից մեկն է ամբողջ Արևելյան Եվրոպայում։ Էսենյուրթը բավականին թանկ քաղաք է բնակության համար։ Այստեղի գները շատ հաճախ հավասար են Բեյօղլուի կամ Բեշիկթաշի գներին։
Առաջին գյուղական բնակավայրերը այս տարածքում եղել են դեռևս 19-րդ դարում։ 1920-1930 թվականներին այստեղ տեղափոխվեցին մեծ քանակությամբ գնչուներԲալկաններից, ինչով պայմանավորված է բնակավայրի էթնիկ ներկայիս կազմը։ 1989 թվականին քաղաքի կարգավիճակ ստանալուց հետո, Էսենյուրթը սկսեց արագ տեմպերով զարգանալ։