Էուժենիա Ալվարու Մորեյրա
Էուժենիա Ալվարու Մորեյրա | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1898 |
Ծննդավայր | Ժուիս դի Ֆորա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա |
Մահացել է | հունիսի 16, 1948 (50 տարեկան) |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | դերասանուհի և լրագրող |
Eugênia Álvaro Moreyra Վիքիպահեստում |
Էուժենիա Ալվարու Մորեյրա (պորտ.՝ Eugênia Álvaro Moreyra, մարտի 6, 1898, Ժուիս դի Ֆորա, Մինաս Ժերաիս, Բրազիլիա - հունիսի 16, 1948, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի լրագրող, դերասանուհի և թատերական ռեժիսոր, ով դարձել է պրոֆեսիոնալ թատերական միության նախագահ։ Ֆեմինիզմի առաջամարտիկն իր երկրում, Բրազիլիայում ընտրական իրավունքի քարոզարշավի առաջնորդ։ Նրա անունը նաև կապված է բրազիլական մոդեռնիստական շարժման հետ, եղել է կոմունիստական իդեալների կրքոտ պաշտպան։ Էուժենիան ամուսնացած էր բանաստեղծ և գրող Ալվարո Մորեյրայի հետ, ով կարևոր դեր է խաղացել բրազիլական թատրոնի նորացման գործում։ Էուժենիան կազմակերպել է մշակութային արշավներ և աշխատել որպես դերասանուհի, ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, այնուհետև թատերական պրոֆեսիոնալների միության նախագահ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էուժենիա Բրանդանը ծնվել է Ժուիս դի Ֆորայում, 1898 թվականին՝ Արմինդո Գոմես Բրանդանի և Մարի Անտուանետ Արմանդ Բրանդանի ընտանիքում։ Նա բարոն Պիտանգայի թոռնուհին է[2]։ Հարմարավետ մանկություն է ունեցել հայրենի քաղաքում, սակայն Արմինդոյի մահից հետո ընտանիքը սկսել է ֆինանսական դժվարություններ ունենալ։ Քանի որ մայրը չէր կարող հավակնել ամուսնու թողած ժառանգությանը, որը, ըստ օրենքի, պետք է լիներ նրա որդիների ձեռքում, 1910-ականների կեսերին նա Էուժենիայի հետ աշխատանքի որոնման համար տեղափոխվել է Ռիո դե Ժանեյրո և աշխատանքի է ընդունվել Լապայի մոտ գտնվող փոստային բաժանմունքում[2], մինչդեռ դուստրն ինքնուրույն սովորել է գրել և կարդալ պորտուգալերեն և ֆրանսերեն՝ ուսումնասիրելով թերթեր, գրքեր և բառարաններ։
Էուժենիան սկսել է աշխատել 15 տարեկանից՝ աշխատելով որպես տղամարդու և կանացի ապրանքների վաճառող Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում գտնվող խանութում[2]։ Որոշ ժամանակ անց որպես գործավար աշխատել է Freitas Bastos[2] գրախանութում, որը գտնվել է Լարգո դա Կարիոկում։ Այստեղ նա սկսել է հետաքրքրվել թատրոնով և գրականությամբ։
16 տարեկանում նա արդեն լիովին ներգրավվել է քաղաքի բոհեմական կյանքում, ներառյալ իր վարքագիծը և զգեստները, ծխել է սիգարիլոսներ, քայլել փողոցներով կոստյումով, փողկապով և ֆետրե գլխարկով։ Այդ տեսքով նա ներկայացվել է Última Hora թերթում, երբ լրագրողի աշխատանք է փնտրել[2]։ Նրա տեքստերի որակն ու համարձակությունը տարակուսանք և հիացմունք են առաջացրել մի հասարակության մեջ, որը մինչ այդ սովոր է եղել այդ միջավայրում կանանց տեսնել միայն որպես բանաստեղծուհի, ֆելիետոնիստ և մեկնաբան։
Շուտով մամուլում տեղեկություն է հայտնվել երիտասարդ լրագրողի կարիերայի վաղաժամ ավարտի մասին, ով որոշել էր պատսպարվել աղջիկների գիշերօթիկ դպրոցում, որը կոչվում էր Asilo Bom Pastor: Այդ որոշման գաղտնիքն ու պատճառը բացահայտվել են միայն մի քանի ամիս անց, երբ նրա ստորագրությամբ զեկույց է հրապարակվել A Rua ամսագրի առաջին էջում։ Փաստորեն, Էուժենիան խնդրել է իրեն ուղարկել այնտեղ մի նպատակով՝ հարցաքննելու Ալբերտինա դո Նասիմենտո Սիլվային[2]՝ սպանված կնոջ քրոջը, ով կատարել է հանցագործություն, որը հայտնի է որպես «ողբերգություն Յանուցցի փողոցի, տուն 13-ում»[3]։ Կինը, սակայն, այլևս ապաստարանում չի եղել, և Էուժենիան շարունակել է ապրել այնտեղ՝ փորձելով տեղեկություններ ստանալ մյուս բանտարկյալներից։ Այդ հարցում անհաջողության մատնվելով՝ նա օգտագործեց այնտեղ ապրելու իր փորձը՝ պատմելու այդ մարդկանց առօրյայի մասին իրենց կալանավայրում։ Գրված հոդվածների շարքը, որը հրատարակվել է գլուխներով հինգ օր անընդմեջ, տպավորել է մեծ թվով ընթերցողների և հեղինակին արժանի ճանաչում է բերել հասակակիցների, մրցակիցների և լայն հանրության շրջանում, ովքեր նրան տվել են «Բրազիլիայի առաջին լրագրողը» մականունը։ Մինչ ամուսնությունը և մասնագիտական գործունեության ժամանակավոր դադարը՝ Էուժենիան հասցրել է աշխատել այդ ժամանակվա հայտնի թերթերի՝ A Notícia-ի և O País-ի լրատվական բաժիններում[3]։
Ամուսնություն և հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցային թղթակցի իր կարիերայի գագաթնակետին Էուժենիան հանդիպել է բանաստեղծ Ալվարո Մորեյրային, ով իր հետ նույն մտավոր և բոհեմական շրջանակների անդամ է եղել։ Սիրահարներն ամուսնացել են 1914 թվականին։ Այնուհետև Էուժենիան վերցրել է ամուսնու ազգանունն ու անունը[2] և թողել լրագրողական կարիերան՝ նվիրվելով ընտանեկան նոր կյանքին[4]։ Նրանք ունեցել են ութ երեխա, որոնցից չորսը ողջ են մնացել՝ Սանդրա Լուչիանոն, Ժոաո Պաուլոն, Ալվարո Սամուելը և Ռոզա Մարինան։ 1922 թվականին նա մասնակցել է Ժամանակակից արվեստի շաբաթին[5], իսկ 1927 թվականին ամուսնու հետ հիմնել է Թատրոն դե Բրինկեդուն[2], որի նպատակն է եղել իրականացնել մոդեռնիստական գաղափարները։ 1928-1932 թվականներին նա մի քանի ճամփորդություններ է կատարել Ռիո դե Ժանեյրոյի ծայրամասերով և շրջակայքում՝ հանրությանը ծանոթացնելով ժամանակակից եվրոպացի գրողների ստեղծագործություններին։
1930 թվականի հեղափոխությունից հետո բրազիլական մոդեռնիստական շարժման մասնատման հետ մեկտեղ Էուժենիան Ալվարո Մորեյրայի, Պագուի և Օսվալդ դե Անդրադեի հետ միասին շարունակել է պաշտպանել ձախ դիրքերը՝ ակտիվորեն մասնակցելով Ազգային ազատագրական դաշինքին (պորտ.՝ Aliança Nacional Libertadora), որի արդյունքում նա հետապնդվել է Վարգասի կառավարության կողմից[1]։ Կառլոս Լասերդայի ազդեցության ներքո Էուժենիան և Ալվարոն միացել են Բրազիլիայի կոմունիստական կուսակցությանը, իսկ 1935 թվականի մայիսին նա դարձել է Բրազիլիայի կանանց միության հիմնադիր անդամներից մեկը, կազմակերպություն, որը նպաստել է Բրազիլիայի կոմունիստական կուսակցության կին անդամներին կամ համախոհներին[6]։ Նրա տունն այն ժամանակ դարձել է բոհեմների և մտավորականների հանդիպման վայր, նրա բազմաթիվ հյուրերի թվում են եղել Դի Կավալկանտին, Վինիսիուս դե Մորաիսը, Կառլոս Դրումոնդը, Գրասիլիանու Ռամոսը և Ժորժի Ամադուն[2]։
1935 թվականի նոյեմբերին, կոմունիստական դավադրության բացահայտումից հետո, Էուժենիային ձերբակալել և մեղադրել են Բրազիլիայի կոմունիստական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Նա կալանքի տակ է մնացել մոտ չորս ամիս Ֆրեյ Կանեկա փողոցի տներից մեկում, որտեղ նա նստած է եղել 4-րդ խցում կոմունիստ հեղափոխական Օլգա Բենարիո Պրեստեսի և մյուսների հետ[7]։ 1936 թվականի փետրվարի 1-ի առավոտյան Էուժենիան ազատ է արձակվել ապացույցների բացակայության պատճառով։ Այնուհետև նա վերադարձել է քաղաքական ակտիվ գործունեության՝ ի թիվս այլ բաների, ներգրավվելով Օլգա Բենարիո Պրեստեսի զավակի՝ Անիտա Լեոկադիայի ազատ արձակման արշավում, որը ծնվել է նացիստական Գերմանիայի համակենտրոնացման ճամբար արտաքսվելուց հետո[3]։ 1937 թվականին Ալվարոն Կրթության և մշակույթի նախարարության թատերական վարչության հանձնաժողովին է ներկայացրել «Բրազիլական դրամատիկական ընկերության» կազմակերպման իր ծրագիրը, որը հավանության է արժանացել։ Այնուհետև նա և իր կինը շրջագայել են Ռիո դե Ժանեյրո և Ռիու Գրանդի դու Սուլ նահանգներում[4]՝ ներկայացնելով եռամսյա թատերաշրջան Ռիո դե Ժանեյրոյի Ռեգինա թատրոնում[8]։
1936-1938 թվականներին Էուժենիան եղել է Սան Պաուլոյի թատերական միության նախագահ (պորտ.՝ Casa dos Artista)։ Նա ընտրվել է նոր ժամկետով 1939 թվականի փետրվարին, սակայն Ֆիլինտո Մյուլլերը խանգարել է նրան ստանձնել պաշտոնը՝ բողոք ներկայացնելով Աշխատանքի և զբաղվածության նախարարություն, որ նա «կոմունիստ է և գրանցված է ոստիկանության անվտանգության և սոցիալական քաղաքականության վարչությունում»։ Նախարար Վալդեմար Ֆալկանի հրամանով ընտրությունների արդյունքները չեղյալ են հայտարարվել։ Նա նույնիսկ առաջադրվել է Կոնգրեսի 1945 թվականի համընդհանուր ընտրություններում, բայց այդ ժամանակ ոչ մի կին չէր կարող ընտրվել, որը կներկայացներ կանանց շահերը 1946 թվականի Բրազիլիայի սահմանադրության մշակման ժամանակ[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականի հունիսի 16-ին Էուժենիան տանը՝ Ռիո դե Ժանեյրոյում, թղթախաղի ժամանակ վատ է զգացել։ Նա մահացել է իր ննջարանում՝ երեխաների կողքին, կաթվածի հետևանքով։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Moreyra, Álvaro. 2007. As amargas, não…. Biblioteca da Academia Brasileira de Letras. 9788574401126
- Almeida, Lara Monique de Oliveira. 2007. Eugênia Brandão: A Primeira Repórter do Brasil
- Santucci, Jane. 2005. Os pavilhões do Passeio Público: Theatro Casino e Casino Beira-Mar. Casa da Palavra. 9788587220998
- Sodré, Nelson Werneck. 1999. História da Imprensa no Brasil. 4ª edição. Rio de Janeiro. Mauad. 9788585756888
- Lobo, Eulália Maria Lahmeyer. 1994. Portugueses en Brasil en el siglo XX. Volumen 5 de Colección Portugal y el mundo, ilustrada. Ed. MAPFRE. 8471006162
- Gonçalves, Augusto de Freitas Lopes. 1982. Dicionário histórico e literário do teatro no Brasil. Volume 4. Livraria Editora Cátedra
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Santucci, Jane Os pavilhões do Passeio Público: Theatro Casino e Casino Beira-Mar. — Rio de Janeiro: Casa da Palavra, 2005. — ISBN 8587220993(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Oliveira Almeida, Lara Monique EUGÊNIA BRANDÃO: A PRIMEIRA REPÓRTER DO BRASIL. — Universidade Federal do Rio Grande do Sul, 2008. — С. 2—14.
- ↑ 3,0 3,1 3,2 A Tragédia da Rua Dr. Januzzi, 13 (und) // O Estado. — 2004.
- ↑ 4,0 4,1 «Moreyra, Álvaro (1888 - 1964)». Itaucultural.org.br. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ «ALVARO MOREYRA (1888-1964)». Antaprofana. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ 6,0 6,1 «Eugênia Moreira». Fmauriciograbois.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
- ↑ Sgarioni, Mariana Vovó queria votar (und) // Guia do Estudante. — 2004. Архивировано из первоисточника 31 Դեկտեմբերի 2012.
- ↑ «Biografia». ACADEMIA BRASILEIRA DE LETRAS. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.