Էդիտա Մոզեր
Էդիտա Մոզեր գերմ.՝ Editha Moser | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1883 |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] |
Մահացել է | նոյեմբերի 3, 1969 (86 տարեկան) |
Մահվան վայր | Մյոդլինգ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1] |
Գերեզման | Հիտցինգեր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Կիրառական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, արվեստագետ և դիզայներ |
Ամուսին | Կոլոման Մոզեր |
Ծնողներ | հայր՝ Karl Ferdinand Mautner von Markhof?, մայր՝ Edith Mautner von Markhof? |
Էդիտա Մոզեր (գերմ.՝ Editha Moser, ապրիլի 12, 1883, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - նոյեմբերի 3, 1969, Մյոդլինգ, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1]), ինչպես նաև Դիտա Մոզեր, ավստրիացի նկարչուհի, գրաֆիկական դիզայներ, վիեննական սեցեսսիոնիզմ գեղարվեստական խմբի անդամ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիտան ծնվել է հարուստ արդյունաբերող և մեկենաս Կառլ Ֆերդինանդ Մաուտներ ֆոն Մարկհոֆի և նրա երկրորդ կնոջ՝ Էդիտա Սունստենաու ֆոն Շյուտցենտալի ընտանիքում։ Բացի նրանից՝ ընտանիքում ծնվել է ևս 4 աղջիկ։ Մաուտներ ֆոն Մարկհոֆի ընտանիքը ծագում էր Բոհեմիայից։ Ադոլֆ Իգնացը՝ Էդիտայի պապը, ստեղծել է գարեջրի սառնարան, որը թույլ է տվել ամբողջ տարվա ընթացքում գարեջուր արտադրել։ Էդիտայի հայրն ու պապը հիմնադրել են Բոհեմիայի և Վիեննայի բարեգործական հիմնադրամներն ու կազմակերպությունները, հովանավորել Վիեննայի հիվանդանոցը և իրենց ֆաբրիկաներում զինվորական հոսպիտալներ են տեղակայել 1859 թվականին, 1864 թվականին, 1866 թվականին և այլն։ 1872 թվականին ընտանիքին շնորհվել է ազնվականության տիտղոս[2]։ Կառլ Ֆերդինանդը հովանավորել է մանկական հիվանդանոցի, եկեղեցու և ինֆեկցիոն հիվանդանոցի թևի շինարարությունը[3]։
Էդիտա Սունստենաու ֆոն Շյուտցենտալը ծնվել է Կրակովում՝ սպայի ընտանիքում։ Նա եղել է աղջիկների համար բարձրագույն և միջնակարգ կրթության ակտիվ կողմնակիցը, եղել է կանանց կրթություն տրամադրող խոշոր դպրոցական միավորումների կառավարման խորհրդի անդամ, ինչպես նաև եղել է կանանց ազատ կրթության ընկերության միության նախագահ, որը հիմնել է աղջիկների համար առաջին հումանիտար վարժարանը գերմանալեզու տարածքում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1902-1905 թվականներին Էդիտա Մոզերը՝ որպես հրավիրված ուսանողուհի, սովորել է Վիեննայի կիրառական արվեստի համալսարանում։ Այնտեղ նա ուսումնասիրել է ճարտարապետություն Յոզեֆ Հոֆմանի, նկարչություն Կառլ Օտտո Չեշկայի, ինչպես նաև վայելչագրություն և հերալդիկա (զինանիշագիտություն) Ռուդոլֆ ֆոն Լարիշի դասարաններում[5]։
1903 թվականին նա ծանոթացել է Կոլոման Մոզերի հետ, իսկ 1905 թվականի հուլիսի 1-ին ամուսնացել նրա հետ[6]։ Ունեցել է երկու որդի՝ Կառլը (1906-1976) և Դիտրիխը (1909-1925)։ Նրանց ամուսնությունը ձգվել մինչև 1918 թվականը, երբ Կոլոմանը մահացել է քաղցկեղից[7]։
1919 թվականին Դիտա Մոզերը ստիպված էր հղիության պատճառով ամուսնանալ։ Նրա երկրորդ ամուսինը սրճարանի սեփականատեր Ադոլֆ Հաուսկան էր (1881-1929)։ Այս ամուսնությունից երեք երեխա է ծնվել՝ Էդիտան (1919-1920), Թեոդորը (1920-1921) և Ադոլֆը (1922-1945)։
Դիտա Մոզերը մահացել է 1969 թվականին՝ 86 տարեկանում[8] և թաղվել է Կոլոման Մոզերի գերեզմանում՝ Հիտցինգեր գերեզմանատանը։ Այնտեղ են թաղվել նաև նրանց որդիները՝ Դիտրիխը և Կառլը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիտա Մոզերը հայտնի է դարձել որպես օրացույցների և խաղաթղթերի նախագծման ոլորտում մասնագիտացած գրաֆիկ-նկարիչ։ Ամուսնու, ուսուցիչների և այլ հայտնի արվեստագետների հետ, ինչպիսին էր Գուստավ Կլիմտը, Էդիտա Մոզերը վիեննական սեցեսսիոնի անդամ էր։ Երբ 1905 թվականին Կոլոման Մոզերը Գուստավ Կլիմտի և այլ նկարիչների հետ դուրս է եկել Վիեննական սեցեսիոնից, Էդիտա Մոզերն օգնել է իր ամուսնուն հիմնել «Վիեննայի արհեստանոցներ» (գերմ.՝ Wiener Werkstätte) նոր խումբը, որտեղ արվեստագետները կարող էին համագործակցել իրենց աշխատանքների շուրջ[9]։
1906 թվականին Դիտա Մոզերը ճանաչում է ձեռք բերել տարոյի քարտերի թողարկման շնորհիվ, որոնք ճանաչվել են որպես գրաֆիկական դիզայնի հաղթանակ։ 1908-1913 թվականներին նա թողարկել է աստվածաշնչյան և դիցաբանական սյուժեներով պատկերազարված օրացույցներ, որոնք հրատարակվել են քիչ տպաքանակով՝ որպես ընկերներին ամանորյա նվերներ։
Չնայած նրան, որ Դիտան ճանաչում է ստացել որպես գրաֆիկական դիզայներ, նրա աշխատանքները տպագրվել են սահմանափակ քանակությամբ, և միայն մի քանի օրինակ է մեզ հասել[10]։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նա ամբողջությամբ դադարեցրել է գեղարվեստական գործունեությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #1057807478 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Stekl, H. Mautner von Markhof, Adolf Ignaz(գերմ.) // Österreichisches Biographisches Lexikon. — С. 165—166.
- ↑ Stekl, H. Mautner von Markhof, Karl Ferdinand(գերմ.) // Österreichisches Biographisches Lexikon. — С. 167.
- ↑ Meißner, H. Mautner von Markhof, Editha(գերմ.) // Österreichisches Biographisches Lexikon. — С. 166.
- ↑ «Ditha Moser: Jugendstil Tarot Cards». Neue Galerie Design Shop & Book Store. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Franz Smola Wien 1900: Sammlung Leopold, Wien. — Christian Brandstätter Verlag, 2009. — 212 с. — ISBN 978-3-85033-331-3
- ↑ «This Wiener Werkstätte Master Made Everything into Art». The Study (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 12. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Ditha Moser». Virginia Museum of Fine Arts | (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Ditha Moser». Virginia Museum of Fine Arts | (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Ditha Moser». Virginia Museum of Fine Arts | (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
|