Զորրոն (իսպ.՝ Zorro (աղվես[1]) կամ Սինյոր Զորրո, իսպ.՝ Señor Zorro) կամ Դոն Դիեգո Դե Լա Վեգան հորինված կերպար է՝ ստեղծված գրող Ջոնսթոն Մաքքալիի կողմից։
Կերպարը առաջին անգամ հայտնվում է «Կապիստրանոյի անեծքը» արկածային վեպում, որը հրատարակվում է All Story Weekly ամսագրում 1919 թվականին։ Դոն Դիեգոն ազնվական ծագում ունեցող իսպանացի էր, որը բնակվում էր Իսպանական թագավորության գաղութ համարվող Կալիֆորնիայում և պաշտպանում էր բնակչությանը կոռումպացված տեղական իշխանավորներից։ Զորրոն ի սկզբանե արդարության մարտիկի կերպար էր։ Նա կրում էր սև թիկնոց, սոմբրերո, դիմակ, որը ամբողջությամբ ծածկում էր նրա դեմքը, իսկ որպես զենք նա օգտագործում էր ինչպես սուսերը, որով նա գրում էր հանրահայտ Z տառը, այնպես էլ ատրճանակ։ Զորրոյի կերպարը հաճախ ասոցացվում է Ռոբին Հուդի կերպարի հետ։