Զարդախաչ
Գյուղ | ||
---|---|---|
Զարդախաչ | ||
ադրբ.՝ Zardaxaç | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Քելբաջարի շրջան, Մարտակերտի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 984 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 125[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | զարդախաչցի | |
Ժամային գոտի | UTC 4 | |
|
Զարդախաչ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում`Թարթառ գետի ձախ ափին՝ Մռավ լեռան ստորոտին՝ 900 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիսային հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից գտնվում է 54 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 78 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է Արցախի հյուսիսային հատվածում՝ Թարթառ գետի միջին հոսանքի ձախ ափի բլրալանջին՝ Մռավի լեռնաշղթայից դեպի հարավարևելք[2]։
Համայնքը լեռնային է, ունի 544,10 հա տարածք, որից 259,68 հա գյուղատնտեսական նշանակության, 226,56 հա անտառային հողեր։ Զարդախաչ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա է 1 աղբյուր` «Մոշոտի» աղբյուրը։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մոտակա հողատարածքներից մեկում վար անելիս հողի տակից դուրս է գալիս մի մեծ խաչքար և այդ նույն տարում տեղամասի «զարդա» կոչվող ցորենի արտը առաջին և առատ բերքն է տալիս այսպիսով գյուղը անվանակոչվում է Զարդախաչ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը հիմնադրվել է 1918 թվականին։ Բնակչությունը եկել է Գորիսի շրջանից։ 1940 թվականից գործել է տարրական դպրոց, որն էլ 1969 թվականից դարձել է 8-ամյա։ Էլեկտրաֆիկացվել է 1964 թվականից։ Ջրով լավ է ապահովված, ճանապարհները բարեկարգ չեն։ Կյանքի միջին տևողությունը 75-80 տարի է։ Շրջապատում կան Նոթանց կաղնուտ, Լազգուն չափար, Վկանանց կալեր վայրերը։
Զարդախաչը հիմնադրվել է 1918 թվականին։ Բնակիչներն այստեղ են եկել Հադրութի շրջանի Խծաբերդ և Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղերից։ Առաջին բնակիչներն էին Խաչատուր և Մակիչ Մուսայելյանները, Սարգիս Ոսկանյանը, Ենգիբար Հունանյանը և ուրիշներ։ Գյուղի հիմնադրումը համարյա թե համընկավ Արցախում խորհրդային կարգերի հաստատման հետ[2]։
1930-1931 թվական գյուղում ձևավորվեց կոլեկտիվ տնտեսություն։ Կոլտնտեսության վարչության նախագահներն էին Ավագ Միրզոյանը, Ռուբեն Սարգսյանը, Արմենակ Հունանյանը, Ալեքսան Մուսաելյանը։ 1950 թվականին Չափարի, Զարդախաչի և Իմերթ Քերավանդի տնտեսությունները խոշորացվեցին, և կազմավորվեց մեկ կոլտնտեսություն։ 1989 թվականին Զարդախաչի կոլտնտեսությունն այս անգամ միացավ Հաթերքի Ա.Մամիկոնյանի անվան տնտեսությանը։ Այնուհետև բաժանվեց 1990 թվականի վերջերին։ 1999 թվականին կոլտնտեսությունը լուծարվեց և հողը, անասնագլխաքանակը, անշարժ և շարժական գույքը տրվեցին մենատնտեսներին[2]։
1960-ական թվականներից գյուղացիների կյանքը բարվոք դարձավ։ Նախկին հողաշեն տներին փոխարինեցին մեկ-երկու հարկանի տներ։ 1965 թվականին գյուղն էլեկտրաֆիկացվեց, կառուցվեցին դպրոց, բուժկետ, ակումբ, խանութներ։
Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 65 մարդ։ Նրանցից 10 հոգի զոհվել են։ Այսօր գյուղի կենտրոնում նրանց հիշատակը հավերժացնող հուշարձան է կառուցված։ Արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրվանից Զարդախաչի բնակչությունն ամենաեռանդուն մասնակցությունն ունեցավ։ Բաղդասար Մկրտչյանի հրամանատարությամբ կազմավորվեց 7 հոգուց բաղկացած ջոկատ, որոնց թիվը շուտով հասավ 24-ի։ Հետագայում ջոկատի հրամանատար դարձավ Սերժիկ Սարգսյանը։ Այս ջոկատը 1992 թվականին ներառվել է Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմի մեջ։ Շահումյանի անկումից հետո
Պատերազմի տարիներին զոհվել են զարդախաչցի 5 ազատամարտիկներ՝ Գագիկ Գասպարյանը, Արմեն Մկրտչյանը, Սերժիկ Սարգսյանը, Մարտիկ Սարգսյանը, Պավել Մանուկյանը։ 1940 թվականին Զարդախաչում բացվել է տարրական դպրոց։ 1961 թվականին կրթօջախը ստացավ ութամյա դպրոցի կարգավիճակ։ Դպրոցի տնօրեններ են եղել՝ Անդրանիկ Սայիյանը, Նիկոլայ Մակյանը, Արամ Աբրահամյանը, Սարգիս Ներսիսյանը, Նորա Մովսիսյանը։ 1992 թվականի հուլիսի 4-ին բնակչությունը բռնեց գաղթի ճանապարհը։ Գյուղում մնացած 4 խաղաղ բնակիչներից 3-ին ադրբեջանցիները սպանեցին։ 1992 թվականի հուլիսի 19-ին ազատագրվեցին Հաթերք, Զարդախաչ և Չափաև գյուղերը[2]։
Ադրբեջանցի զինյալները 1992 թվականի օգոստոսի 11-ից 13-ը, անցնելով հակագրոհի, վերագրվեցին Թարթառի ձախափնյա գյուղերը, այդ թվում Զարդախաչը։
Զարդախաչը Արցախյան ազատամարտում
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին Զարդախաչում կազմավորվել է կամավորական ջոկատ, որին միացել է «Սերոբ Աղբյուր» կամավորական ջոկատը։ Ջոկատներն առանձին կամ Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Զարդախաչցի ազատամարտիկ Մ. Հակոբյանը ոչնչացրել է հակառակորդի ռազմական ուղղաթիռ և ինքնաթիռ։ Զարդախաչից հրամանատար են եղել Ս. Սարգսյանը, Դ. Հակոբյանը, Է. Գասպարյանը, Մ. Հակոբյանը։ Գյուղից զոհվել է 5 ազատամարտիկ, իսկ հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 65 մարդ։
Ունի միջնակարգ դպրոց, որը այժմ ունի 11 աշակերտ և 9 ուսուցիչ, բուժկետ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին այստեղ կար 61 տուն, 252 բնակիչ, 1979 թվականին՝ 58 տուն 137 բնակիչ, 1987 թվականին`53 տուն, 165 տուն։ Զարդախաչ համայնքը 2003 թվականին ուներ 150, իսկ 2015 թվականին՝ 136 բնակչություն։ Կա 53 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 126 | 128 | 130 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլտնտեսությունը կազմավորվել է 1931 թվականին, որը 1979 թվականին միավորվելով Չափարի տնտեսությանը` ստեղծեց միացյալ անասնապահական ու ծխախոտագործական պետական տնտեսություն։
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան պատմամշակութային հուշարձաններ` գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), հաշվառված է 12 հուշարձան։ Գյուղից 1-2 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է 17-րդ դարում կառուցված Քրհոնջ եկեղեցին, որն այժմ ավերված է, Դամբարան Քիսովը կառուցված մ.թ.ա. 2-1 հազարամյակում, որն էլ գտնվում է գյուղից 1 կիլոմետր հեռավորության վրա։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 10 աշակերտներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 287–288.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
|