Jump to content

Զադարի հնագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զադարի հնագիտական թանգարան
Տեսակհնագիտական թանգարան
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԶադար
ՎայրԶադար
Հիմնադրվել է1832
ՏնօրենՍմիլյան Գլուշչևիչ
Կայքamzd.hr
Քարտեզ
Քարտեզ

Զադարի հնագիտական թանգարան (խորվ.՝ Arheološki muzej Zadar), գտնվում է Զադար քաղաքում՝ Խորվաթիայում։ Ժամանակակից կառույցը գտնվում է Սուրբ Մարիայի վանական համալիրի դիմաց, Շիմուն Կոժիչիչ Բենո զբոսավայրի երկարությամբ։ Թանգարանը հիմնադրվել է 1832 թվականին։ Դալմաթիայում այդ բնույթի կառույցների շարքում իր հնությամբ երկրորդն է։ 1893-1954 թվականներին թանգարանը գտնվում էր Սուրբ Դոնատի եկեղեցում։

Իր երեք սրահներում թանգարանը ցուցադրում է Զադարի շրջանի հնագիտական մեծ հավաքածու, որը վերաբերում է նախնադարին, անտիկ շրջանին և վաղ միջնադարին։

  • 1 (Առաջին հարկ): Միջնադարյան հավաքածու
  • 2 (Երկրորդ հարկ): Ստորջրյա հնագիտության հավաքածու, Հռոմեական հավաքածու (այժմ վերակառուցվում է)
  • 3 (Երրորդ հարկ): Նախապատմական հավաքածու

Քարե հուշարձանների և հռոմեական ճարտարապետական դեկորատիվ բաղադրիչների թանգարանային հավաքածուի մի մասը ցուցադրվում է թանգարանից ոչ հեռու գտնվող ֆորումում՝ բաց երկնքի տակ։

Զադարյան շրջանի հազարամյա բնակեցումը պարարտ հող հանդիսացավ հնագիտական պեղումների համար, որոնք իրականացվում են վերջին երկու հարյուրամյակների ընթացքում։ Այդ պեղումների արդյունքում հայտնաբերվել են հնագիտական արժեքավոր նմուշներ, որոնք հարստացրել են թանգարանի հավաքածուն։ Առաջին հարկի սրահի նյութերը վերաբերում են վաղ միջնադարին (VIII-XI դարեր), երբ զարգացել է Միջնադարյան Խորվաթական պետությունը, որի կարևորագույն կենտրոնները գտնվում էին զադարյան տարածաշրջանում, թեև հենց Զադարը գտնվում էր բյուզանդական տիրապետության տակ և համարվում էր Դալմաթիայի տնտեսական և մշակութային կենտրոնը։ Սրահի մեծ մասը ցուցադրում է հնագույն դամբարանների թաղման գույքը։ Դրանց շարքում հատկապես առանձնանում է Նին քաղաքում գտնվող Ժդրիյացի դամբարանը։ Սպասքից բացի գտնվել են նաև զարդեր, մետաղական առարկաներ, գումար և զենք։ Այդ հավաքածուում ցուցադրված նմուշներից մեծ արժեք ունեն քարե եկեղեցական կահույքի տարրերը, հատկապես Զադար քաղաքից։

Երկրորդ հարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հարկի սրահում ցուցադրված են անտիկ շրջանի նյութական մշակույթի և գեղարվեստական արտադրանքի նմուշներ։ Սրահի հենց մուտքի մոտ տեղադրված գրությունը վկայում է, որ զադարյան պատը ստեղծվել է Օգոստոս կայսեր ժամանակաշրջանում։ Սրահի մի մասը նվիրված է այն Հռոմեական բանակին վերաբերող գտածոներին, որոնք հայտնաբերվել են Բուռնումի ռազմական ճամբարում։

Հաստատության հաջորդ մասն արտացոլում է թաղման միջոցները և ցուցադրում է տարբեր տապանաքարեր։ Անտիկ Զադարին նվիրված բաժանմունքում գերակայող դիրք է գրավում քաղաքի կենտրոնի վերակառուցման մակետը ֆորումով, պանդոկներով, կապիտոլիումը եկեղեցիներով և քաղաքային բազիլիկով։ Այստեղ ցուցադրված են նաև մեծ քանակությամբ ճարտարապետական զարդարանքներ՝ ներառյալ կերամիկա, քանդակներ և գեղարվեստական աշխատանքներ, որոնց մի մասը պատրաստվել է Իսպանիայի, Հունաստանի, Փոքր Ասիայի և Սիրիայի հռոմեական պրովինցիաներում։ Անտիկ ճարտարապետական հավաքածուի մեջ առանձնահատուկ արժեք են ներկայացնում I-III դարերի ապակյա աշխատանքները և սպասքը։

Հռոմեական քանդակագործության նմուշների ոչ քիչ քանակության մեջ իր արժեքավորությամբ առանձնանում են հռոմեական կայսրերի երկու քանդակները, որոնք վերաբերում են III դարին և գտնվել են Նին քաղաքում (Խորվաթիա)։ Կլավդիոս կայսեր արձանը ցուցադրված է երկրորդ հարկի սրահում, իսկ Օգոստոս կայսեր ավելի վեհակերտ արձանը գտնվում է թանգարանի ատրիումում։ Այդ աշխատանքները կատարվել են երկրի տարբեր արհեստանոցներում։

Երկրորդ հարկի ավելի փոքր դահլիճում ցուցադրված են հյուսիսային Դալմաթիայի կրոնական պաշտամունքներ։ Այստեղ գտնվում են նախաքրիստոնեական շինությունների մակետներ, ինչպես նաև գոթական շրջանի առարկաներ, որոնք հայտնաբերվել են զադարյան շրջակայքում։

Նախապատմական հավաքածուն տեղադրված է 3-րդ հարկում։ Այստեղ ցուցադրվող առարկաները նախ մատնանշում են Հին քարի դարի առաջին մարդկային հանրության մնացորդների գտածոները։ Դրանց հաջորդում են դեկորատիվ կերամիկայի բազմաթիվ արժեքավոր գտածոներ, որոնք վերաբերում են Նոր քարի դարին։ Դրանք հիմնականում գտնվել են Սմիլչիչ գյուղում։ Հաջորդ ցուցանմուշները պատկանում են պղնձի, ապա Բրոնզի դարին։ Կերամիկայից բացի այստեղ ցուցադրված են զարդարանքների բազմաթիվ նմուշներ, ինչպես նաև պղնձե և բրոնզե զենք։ Գիտական մեծ նշանակություն ունեն Երկաթի դարի գտածոները, որոնք կապված են լիգուրների և իլլիրիացիների մշակույթի հետ։ Քանի որ լիգուրները հմուտ նավագնացներ և առևտրականներ էին, այլ գտածոների շարքում հայտնաբերվել է նաև գունազարդ կերամիկա, որը բերվել է Ապուլիայից և Հունաստանից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Антун Травирка Задар: история, культура, художественное наследие = Zadar: povijest, kultura, umjetnička baština. — Zadar: Forum, 2003. — 76 с. — ISBN 953-179-593-2

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զադարի հնագիտական թանգարան» հոդվածին։