Jump to content

Երևանի 2800-ամյակի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի 2800-ամյակի այգի
ՏեսակՀանրային
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԿենտրոն վարչական շրջան
Հիմնվել է2019
Բացվել էՄայիսի 10, 2019
Մակերես1.5 հեկտար
Անվանված էԵրևանի 2800-ամյակի այգի
ՍեփականատերԵրևանի քաղաքապետարան
Կառավարում«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ
Կարգավիճակըբաց է ամբողջ տարին
Երևանի 2800-ամյակի այգիը գտնվում է Հայաստանում
Երևանի 2800-ամյակի այգի

Երևանի 2800-ամյակի այգի, հանրային զբոսայգի Երևանի Կենտրոն վարչական շրջանում, հայտնի նաև որպես Վարդանյանների այգի[1], որը բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին։ Այն գործարարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ[2]։

Այգին շրջապատված է Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով։ Սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի դիմացից և ավարտվում Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ։

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հուշակոթող

Այգու ներկայիս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու մաս՝ գտնվելով վերջինիս եզրային հատվածում։ 2002 թվականին՝ Իտալիայի փողոցի կառուցումից հետո, այս տարածքը որոշակի իմաստով կղզիացավ։ Տարածքի անբարեկարգ վիճակն ու խնամքի բացակայությունը հաշվի առնելով՝ այն հանրությանն այլևս չէր ծառայում որպես զբոսայգի։ Այդ ժամանակ այգու ծառերը հիվանդ էին, ծերացած և փտած[3], նստարանները մաշված և վնասված էին, իսկ շատրվանները՝ ավերված և չգործող։ Քաղաքի հենց այս հատվածում էլ 2018 թվականի սկզբին սկսվել և 2019 թվականին ավարտվել է Երևանի 2800-ամյակի այգու կառուցումը։ Այգու նախագծման աշխատանքները տևել են շուրջ կես տարի, իսկ կառուցման գործընթացը՝ մեկուկես տարի։ Համաձայն նոր ճարտարապետական նախագծի՝ կառուցման ընթացքում այգում փոխվել է ամեն ինչ։ Ամբողջությամբ փոխարինվել է անգամ այգու տարածքի հողը։

Այգու բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 10-ին։ Բացմանը ներկա են եղել Հայաստանի վարչապետը[4], Երևանի քաղաքապետը, բազմաթիվ այլ հյուրեր։ Երևանի 2800-ամյակի այգին ամբողջությամբ կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Նախագծի հեղինակն է Կարեն Վարդանյանը։ Նախագծի ամբողջական իրականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար։

Զբոսայգու կառուցապատումից բացի` 2019 թվականից սկսած հետագա 99 տարիների ընթացքում «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր միջոցներով հոգալու է նաև այգու ամբողջական խնամքի ու պահպանության ծախսերը[5]։

Կանաչ տարածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգու կանաչ տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 7500 ք/մ[6]։ Այգում կա 70 տեսակի 369 ծառեր։ Այգում տնկելու համար ներմուծվել են 250 ծառեր, որոնք Հայաստանի համար առանձնահատուկ և էկզոտիկ են և հատուկ ընտրվել են Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին համապատասխան, այդ թվում՝ Hamamelis'Ruby Glow, Fagus sylvatica Purpurea Tricolor, Magnolia acuminata, Stewartia pseudocamellia, Pterostyrax hispidus, Heptacodium miconioides և այլն։ Այգում կան նաև բազմագույն գեղեցիկ ծաղկանոցներ։ Այգին երկու կողմից շրջապատված է Ligustrum Vulgare տեսակի թփերից բաղկացած բուսական ցանկապատով։ Կանաչ տարածքները ոռոգվում են ավտոմատացված կաթիլային և ցնցուղային ավտոնոմ համակարգերով։ Այգու այցելուներին անհարմարություն չպատճառելու համար ոռոգումն իրականացվում է բացառապես գիշերային ժամերին։

Այգու շատրվանների գործարկումը սկսվում է յուրաքանչյուր տարի մայիսի սկզբին և դադարում հոկտեմբերի վերջին՝ կախված եղանակային պայմաններից[7]։ Ամեն օր բոլոր շատրվանները միանում են ժամը 11:00-ին և գործում մինչև ժամը 24:00-ն, մայիսին և հոկտեմբերին՝ մինչև ժամը 21:00-ն: Շատրվանների լույսերն ավտոմատ միանում են երեկոյան՝ մթնելիս, և անջատվում ժամը 24:00-ին:

Այգում կան հինգ տեսակի բազմագույն լուսավորությամբ գրանիտապատ ավազանով շատրվաններ՝ հետիոտնային, վերասլաց ջրաշիթերով, պտուտաձև, փրփրացող և կամարաձև։ Այգու բոլոր շատրվանների ավազանները կառուցված են երկու գույնի գրանիտե սալերով։ Գրանիտե սալերի վրա փորագրված են հայկական ավանդական զարդանախշեր։

Շատրվանային համալիրը բաղկացած է ընդամենը 10՝ երկու կողմից հնգական ավազան և 2800 ջրաշիթեր ունեցող շատրվաններից, որոնք զարդարված են հայկական նախշերով՝ պատրաստված ալյումինից։ Համալիրի երկու ծայրերում տեղադրված են ցայտաղբյուրներ։ Տաս ավազաններից յուրաքանչյուրի գրանիտե և ալյումինե նախշերի դիզայնն ինքնատիպ է և չկրկնվող։

Այգու կենտրոնական հատվածում տեղադրված է վարդագույն կվարցիտից պատրաստված քարտեզ, որի վրա փորագրված են Երևանի 12 վարչական շրջանների անվանումները։ Քարտեզը շրջապատված է շատրվաններով։

Այգում կառուցվել է նաև 30 շիթով ջրային կամար։ Այցելուների կողմից հյուսված հավատալիքների համաձայն՝ կամարաձև շատրվանի տակով անցնելն առողջացնում է[8]։

Այգում ստեղծվել է նաև փոքրացված մասշտաբով Երևանի իրական քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` 45 վերասլաց ջրաշիթերով շատրվանով։ Այն համալրված է չորս սենսորներով, որոնց միջոցով հպումով հնարավոր է փոխել շատրվանի դինամիկան։ Երեկոյան ժամերին հրապարակը շրջապատվում է գետնի մակերեսից պարբերաբար դուրս եկող և գույնզգույն լուսավորմամբ մառախուղի շղարշով։ Քարտեզի վրա կապույտ գրանիտով ներկայացված է Հրազդան գետն իր չորս կամուրջներով։

Ի տարբերություն սովորական շատրվանների՝ Երևանի 2800-ամյակի այգու շատրվանների գեղեցիկ տեսքը և այցելուների հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով կառուցվել է ստորգետնյա գերհզոր կառույց՝ շատրվանների տեխնիկական սպասարկման համար՝ իր ավազաններով, խողովակների ու պոմպերի գերժամանակակից համակարգերով։

Այգու 5420 քմ ընդհանուր մակերես ունեցող սալահատակը պատրաստված է 10 սմ երկարությամբ, 10 սմ լայնությամբ և 5 սմ հաստությամբ թվով 500 հազար հատ 7 գույնի գրանիտե սալիկներով[9]։ Սալահատակի տակ՝ ողջ մակերեսով, տրվել է բետոնային հատուկ ամրացում՝ համապատասխան դրենաժային համակարգով։ Այգու սալահատակի նախշերը գրեթե ամբողջությամբ կրկնօրինակված են հին հայկական ավանդական գորգերի նախշազարդերից, իսկ նախշերի մի մասն էլ արտապատկերում է Էրեբունի ամրոցի ուրարտական ժամանակաշրջանի նախշազարդերը։

Սալահատակի կենտրոնական հատվածում պատկերված է հայկական գորգարվեստի նախշերով զարդարված ուղեգորգ։ Ուղեգորգն ունի երկարավուն ու նեղ կառուցվածք, որի հիմքում շեղանկյունազարդ խոշոր հորինվածքների իրար կցված շարանով բնորոշվող գորգերի գեղազարդման համակարգն է։ Այս դեպքում խոսքը «Ճարտար» տիպի գորգերի գեղազարդման համակարգի մասին է։ Ներկայացված է «Խնձորեսկ» տիպի ուշ շրջանի վիշապագորգերի հիմնական հորինվածքը, որը բաղկացած է բարու և չարի հավերժական պայքարը ներկայացնող արևի խորհրդանշանից ու դրան շրջապատող վիշապի ութ ոճավորումներից։ Բարու հաղթանակն ու կյանքի հավերժության գաղափարը պատկերում են արևի խորհրդանշանից սկիզբ առնող «կենաց ծառ» նախշազարդերը։ Խոշոր շեղանկյունազարդի կենտրոնում տեղակայված է 1680 թվականին գործված «Գուհար» վիշապագորգի կենտրոնական վարդակի գծայնացված տարբերակը, իսկ անկյունները զարդարված են «Մասյացոտն» տիպի ուշ շրջանի վիշապագորգերին հատուկ ոճավորված վիշապապատկերներով ու «Ճարտար» տիպի գորգերին բնորոշ աստիճանաեզր շեղանկյունազարդերով։

Այգու տարածքում տեղադրված են 7 բրոնզաձույլ արձաններ[10], որոնք պատվիրված և պատրաստված են հենց Երևանի 2800-ամյակի այգու համար։ Այգու մուտքի հատվածում տեղադրված են Էրեբունի պատմական ամրոցի որմնանկարների նմանությամբ պատրաստված ցլի և առյուծի բրոնզաձույլ արձաններ։ Երևանի հատակագծի տեսքով շատրվանի չորս անկյուններում առկա ավազանների մեջ տեղադրված են երեխաների չորս բրոնզաձույլ ջրային արձաններ («Երևակայություն», «Հոգատարություն», «Անաղարտություն», «Երջանկություն»)։ Իսկ Երևանյան լիճը պատկերող հատվածում տեղադրված է նավակով երեխայի արձան («Մանկություն»)։

Արձանները խորհրդանշում են 1970-1980-ականների Երևանի մանուկների կերպարները։

Այգու տարածքում տեղադրված արձանները պատրաստել է քանդակագործների խումբ, որը գլխավորել է Արմեն Սամվելյանը։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգու տարածքում տեղադրված լուսասյուներ
Շատրվանների ալյումինե նախշեր
Այգու տարածքում տեղադրված նստարաններ
  • Այգու տարածքում տեղադրված են հատուկ այս այգու համար պատրաստված յուրահատուկ դիզայնով 76 նստարան, 62 աղբաման, 126 լուսասյուն։ Հայաստանում 1 քմ հաշվարկով ամենաշատ ծառատեսակները, լուսասյուները, աղբամաններն ու նստարանները Երևանի 2800-ամյակի այգում են։
  • Այգում գտնվող ճարտարապետական տարրերի գրանիտե մակերեսների վրա առկա զարդաքանդակներն ու ալյումինե նախշերը պատրաստվել են Ալեքսանդր Թամանյանի, Ջիմ Թորոսյանի, Ռաֆայել Իսրայելյանի, Ստեփան Քյուրքչյանի և Մարկ Գրիգորյանի ստեղծած հայտնի ճարտարապետական կոթողների նախշերի նմանությամբ։
  • Այգու վերջնամասում տեղակայված է Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը, որի քանդակագործն է Արա Շիրազը, իսկ ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանը։ Հուշարձանը կանգնեցվել է 1980 թվականին։ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանային համալիրը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Երևանի 2800-ամյակի այգու հետ որևէ կապ չունի։ Հուշարձանային համալիրը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության պահպանության ներքո։

2020-2022 թթ. ընթացքում, Միքայել և Կարեն Վարդանյանների նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, իրականացվել են վթարային կարգավիճակում գտնվող հուշարձանային համալիրի հիմնանորոգման աշխատանքները[11]։

  • Շատրվանների համար այգում տեղադրված է քամու սենսոր, որի միջոցով, քամու ուժգնությունից կախված, կամարաձև շատրվանն անջատվում է, իսկ մնացած շատրվանների ջրային շիթերը ցածրանում են՝ այցելուներին չջրցողելու նպատակով։
  • Այգում տեղադրված է նաև Էրեբունի ամրոցի և Երևան քաղաքի խորհրդանիշներով զարդարված հուշաքար, որի վրա չորս լեզվով առկա է այգու մասին համառոտ տեղեկություն։
  • Բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից Երևանի քաղաքապետարանին ներկայացված գլխավոր նախապայմանն այն է, որ զբոսայգին մնա Երևան համայնքի սեփականություն, և այգու տարածքում արգելվի որևէ ձեռնարկատիրական գործունեություն։
  • Այգու մուտքն անվճար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Վարդանյանների այգին» արդեն երեք տարեկան է». news.am. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  2. «Երևանի 2800 ամյակին նվիրված այգի կհիմնվի». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  3. «Երևանի 2800 ամյակի այգու պատմությունը (ֆոտո)». news.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  4. «Վարչապետը ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակի այգու բացմանը». Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
  5. «Երևանում բացվեց 2800-ամյակի այգին․ ֆոտոշարք». www.aravot.am.
  6. «Երևանի 2800 ամյակի այգու կանաչ տարածքը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  7. «Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները».
  8. «Երևանի 2800 ամյակի այգու շատրվանները». Առավոտ. 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 05․07․2019-ին.
  9. «Երևանի 2800-ամյակի այգու սալահատակը».(չաշխատող հղում)
  10. «Երևանի 2800 ամյակի այգու արձանները».
  11. «Միքայել և Կարեն Վարդանյանները 136 մլն. դրամ են տրամադրել Մյասնիկյանի վթարային արձանի հիմնանորոգմանը». news.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.