Գործադիր մեխանիզմ, սերվոհաղորդակ, սարք, նախատեսված ավտոմատ կարգավորման կամ հեռակառավարման համակարգերում կարգավորող օրգանի տեղափոխման համար։ Ծառայում է նաև որպես օժանդակ հաղորդակ հետևող համակարգերի տարրերի, փոխադրամեքենաների ղեկային հարմարանքների և այլն համար։ Գործադիր մեխանիզմի հիմնական նպատակն է վերացնել կարգավորվող մեծության շեղումները տրված արժեքից։ Գործողության մեջ է դրվում Էներգիայի կողմնակի աղբյուրներից, քանի որ գործադիր մեխանիզմի անմիջական կառավարումը կարգավորման սկզբնական տարրերից (ռելե, տվիչ և այլն) հնարավոր չէ նրանց փոքր հզորության պատճառով։ Սովորաբար բաղկացած է շարժիչից, փոխանցման մեխանիզմից, կառավարման, հակադարձ կապի, ազդանշանման, բլոկավորման և անջատման տարրերից։ Տեղուկների և գազերի հոսքի կարգավորման համար օգտագործվող գործադիր մեխանիզմները հիդրավլիկական, պնևմատիկ կամ էլեկտրական հաղորդակներով աշխատող կափույրներ են, սողնակներ կամ փակաղակներ։ Արդյունաբերական ավտոմատիկայի բնագավառում լայնորեն օգտագործվում են էլեկտրամեխանիկական գերծադիր մեխանիզմները։ Տիդրավլիկական գործադիր մեխանիզմներն աշխատում են մինչն 3 Մն/մ2, իսկ պնևմատիկևերը՝ մինչև 0,6 Մն/մ2 ճնշման դեպքում։ էլեկտրական գործադիր մեխանիզմների մեծ մասն ունի էլեկտրաշարժիչների 10 վտ-ից մինչև 1 կվտ հզորություև։ Հայաստանում գործադիր մեխանիզմներ են արտադրվել Սևանի գործադիր մեխանիզմների գործարանում (էլեկտրաշարժիչային՝ ԻՄՏՄ-4/2,5, ՄԷՕ-1,6/40, ՄԷՕ-4/100, Մէ0-0,25 Մէ0-0,63, ՄԷՄ-4, ՄԷՄ-10 և էլեկտրամագնիսային՝ ԴՈւՊ-1)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 173)։