Գիհի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Գիհի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Cycadophytanae |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Նոճազգիներ (Cupressaceae) |
Ենթաընտանիք | Նոճայիններ (Cupressoideae) |
Ցեղ | Գիհի (Juniperus) L., 1753 |
Գիհի (լատին․՝ Juníperus), նոճազգիների ընտանիքի մշտադալար թփերի և ծառերի ցեղ։ Տերևները ասեղնաձև են կամ թեփուկաձև։ Պտուղները պարունակում են եթերային յուղեր, շաքար, խեժ, օրգանական թթուներ։
Գիհին ունի տնտեսական նշանակություն, որոշ տեսակների բնափայտն օգտագործվում է մատիտներ պատրաստելու համար և որպես ատաղձագործական հումք։
Հայկական իրականության մեջ ծառը հայտնի է նաև ակռի, արոտակ, արտուճ, գենի, գի, հարար, ձխնի, մատիտածառ, ցրդենի անուններով։
Հայտնի բոլոր գիհիների փշատերևները բութ կամ սուր թեփուկների տեսք ունեն։ Իսկ ցածրաճ գիհու փշատերևները ասեղնաձև են, կոշտ ու ամուր՝ 1,6-2 սմ, անգամ մինչև 4 սմ երկարությամբ։ Կլոր, մուգ կապտավուն կոները հասունանում են 1-3 տարվա ընթացքում և պարունակում են 1-10 սերմիկներ։ Երկարակյաց է. ապրում է 300-400 տարի։ Բազմանում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Փայտանյութը խիստ արժեքավոր է, քանի որ չի փտում։ Օգտագործվում է որպես խաղողի վազի հենափայտ (խչմար), ինչպես նաև ատաղձագործական և խառատային գործիքների փայտյա մասերը պատրաստելու համար։ Բնափայտը կոնապտուղների հետ միասին օգտագործում են բժշկության մեջ միզամուղ, հակալնդախտային, ցավամեղմիչ դեղամիջոցներ պատրաստելու համար։ Փշատերևները և կոնապտուղները պարունակում են մի շարք վիտամիններ, իսկ սերմերը՝ ճարպեր։ Մշակված խեժից ստանում են ջնարակ, որն օկտագործում են փայտյա իրերի լաքապատման համար։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիհին Նոճազգիների ընտանիքի Նոճայինների ենթաընտանիքի ցեղ է։ Նույն ընտանիքի ցեղեր են նաեւ Կենսածառը (տույա կամ թույա), Գետնանոճին ու Նոճին, որոնք եւս ունեն տեսակներ ու ենթատեսակներ։
Հայաստանում հանդիպում են Գիհու 75-ից միայն 5 տեսակներ՝
1) Գիհի ցածրաճ կամ Գիհի սովորական (Juniperus communis)
2) Գիհի բազմապտուղ (Juniperus polycarpos)
3) Գիհի կազակական (Juniperus sabina)
4) Գիհի սրաթեփուկ (Juniperus foetidissima)
5) Ինչպես նաեւ ցածրաճ գիհու տարբեր ենթատեսակներ, ինչպես օրինակ Գիհի երկարատերևը (Juniperus communis oblonga):
Տես նաեւ՝ Գիհի վիրգինյան (Juniperus virginiana)
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտադալար փշատերև թուփ է կամ ծառ՝ նոճազգիների ընտանիքից, մինչև 16 մ բարձրության։ Տերևներն ասեղնաձև են։ Ծաղկում է մայիս ամսին, իսկ կոնապտուղները հասունանում են միայն երկրորդ տարվա աշնանը։ Ահա թե ինչու նույն ճյուղի վրա կարելի է տեսնել բոլորովին խակ և հասուն կոնապտուղներ։ Բույսը բավական լուսասեր է, բայց ոչ պահանջկոտ հողի նկատմամբ. աճում է նույնիսկ այնպիսի չորուտներում և աղքատ հողերում, ուր այլ բուսատեսակներ կամ բոլորովին չեն աճում կամ աճում են շատ վատ։ Աճում է շատ դանդաղ, տարվա ընթացքում հազիվ տալով մի քանի սմ աճ։ Գիհի երկարակյաց է, առանձին տեսակներ ապրում են 300 տարուց ավելի։ «Յունպերուս» անունը հանդիպում է Պլինիուսի և Վերգիլիոսի մոտ։ Կարծում են, որ այն ծագել է կելտական «ենեպրուս» (փշոտ) բառից, կամ լատիներեն «իունիոտ» (կրտսեր) և «պարիո» (ծնում եմ) բառից, ելնելով այն բանից, որ նույն ծառի վրա դեռ հասուն կոնապտուղները չթափված, կարելի է տեսնել նորերին։ Գիհու բազմաթիվ տեսակներից մեր հանրապետությունում աճում են միայն 5-ը, որոնք բոլորն էլ այս կամ այն չափով բուժական նշանակություն ունեն։
Քիմիական բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի բոլոր մսերը պարունակում են եթերայուղ, որի քանակը կոնապտուղներում հասնում է 2, ճյուղերում՝0,25, տերևներում՝ 0,18, կեղևում՝ 0,5 %-ի։ Այն իր մեջ ունի պինեններ, կադինեն, ֆելանդրեն, դիպենտեն, սաբինեն, տերպինեոլ, բորնեոլ, իզոբորնեոլ, ցիդրոլ:Կոնապտուղներում, բացի վերոհիշյալ նյութերից, պարունակվում են նաև 40% ինվերտոզա, 9,5% կուպր, ներկանյութեր, ճարպայուղ, մրջնաթթու, խնձորաթթու, իսկ քիմիական տարրերից՝ մանգան, երկաթ, պղինձ, ալյումին։ Կեղևի մեջ հայտնաբերված են մինչև 8% դաբաղանյութեր, փշատերևում՝ մինչև 266% C վիտամին, մոմ, պոկտին։
Բուժական նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են իգական հասուն կոնապտուղները, որոշ չափով՝ փշատերևը և բնափայտից ստացվող կուպրը։ Սակայն առանձին տեսակների կոնապտուղները, թունավոր են։ Անհրաժեշտ է իմանալ, որ թունավոր գիհու կոնապտղի մեջ կա միայն 2 սերմիկ, այն սև-կապտավուն է, ծածկված մոմանման փառով, իսկ փշատերևը կնճռոտված է, առանց ակոսիկների։ Մինչդեռ բուծական լայն կիրառում ունեցող գիհիների իգական կոնապտուղները սև գորշավուն են, պարունակում են 3 սերմիկ, տերևները սուր ասեղանման են, վերևից ակոսավոր։ Կոնապտուղները հավաքում են աշնանը հումքը չորացնում են ստվերում, միջանցիկ քամու տակ. պահում թղթով պաստառված ամաններում կամ պարկերի մեջ։ Կոնապտուղների մակերեսը հարթ է, փայլուն, անթափանց գնդաձև կամ ձվաձև, գորշ սևավուն, յուրահատուկ դուրեկան հոտով, քաղցր համով։ Հումքը պիտանի է օգտագործման 2-3 տարի։ Գիհի բժշկության մեջ կիրառվում է շատ վաղուց։ Այն օգտագործվել է գեղձախտի, լնդախտի, ջրգողության, մալարիայի և մի շարք կանացի հիվանդությունների, արտաքին՝ քոսի, ռեմատիզմի, պոդագրայի և այլ դեպքում։ Ավիցեննան դեղաբույսը հիմնականում խառնուրդների ձևով օգտագործել է ջերմային վիճակի հետ կապված քնկոտության, բերանի վատ հոտի, ատամների ախտահարման, լնդերի վերքերի, բրոնխիալ ասթմայի, ստամոքսի սուր և խրոնիկական բորբոքումների ժամանակ։ Ուշագրավ տվյալներ է նշել գիհու մասին Ամիրդովլաթը։ Նա գրում է. գիհին «քնքուշ այնող է, յուր հոտը օգտե ըխտավորին և պիղծ պուղարին ի գլխոյն տանի և չի թողուր, որ ականջն ծանրանայ և իր հոտն օգտե կրծոց ցավին և թե ծխես ամենայն գազանահարին օգտես»։ Գիտական բժշկությունը վաղուց բացահայտել է գիհու բուժիչ հատկությունները։ Օգտագործվում են պտուղները, նրանցից ստացվող յուղը, սպիրտը և ոգեթուրմը։ Հասուն, չոր պտուղները, գլխավորապես քացախաթթվական կալիումի հետ, օգտագործվում են միզամուղ նպատակով։ Եթերայուղը, որ անգույն կամ դեղնավուն, գիհու բնորոշ հոտով, թափանցիկ հեղուկ է, գրգռելով մարսողական տրակտի լորձաթաղանթը, ուժեղացնում է ստամոքսաաղիքային տրակտի շարժունակությունը, դրդում բրոնխիալ գեղձերի սեկրեցիան, ջրիկացնում խուխը և նպաստում նրա հեշտ արտազատմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 68)։ |
Ընթերցե՛ք «գիհի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիհի» հոդվածին։ |
|