Բյուրեղաֆիզիկա
Բյուրեղաֆիզիկա, գիտություն բյուրեղների ֆիզիկական հատկությունների մասին։ Ուսումնասիրում է բյուրեղների պլաստիկ դեֆորմացիայի, ամրության, աբսորբման, մագնիսական, լյումինեսցենտային, գերհաղորդականության, սեգնետաէլեկտրական և ֆիզիկական այլ երևույթների հետ կապված հարցերը։
Բյուրեղաֆիզիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է բյուրեղների օպտիկական հատկությունները, կոչվում է բյուրեղաօպտիկա։ Բյուրեղաօպտիկան ուսումնասիրում է նաև բյուրեղներում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների կապը բյուրեղների ներքին սիմետրիայի և ատոմային կառուցվածքի հետ։
Բյուրեղաֆիզիկայում էական նշանակություն ունեն բյուրեղների անիզոտրոպությունը և նրանց կառուցվածքի կատարելությունը։ Ուստի բյուրեղաֆիզիկան զբաղվում է նաև բյուրեղների արատների հարցերով։ Բյուրեղաֆիզիկայի կարևոր խնդիրներից է պահանջվող հատկություններով բյուրեղային նյութերի ստացումը, բյուրեղների աճի, ներքին կառուցվածքի ուսումնասիրումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 484)։ |