Արղանա-Մադեն
Քաղաք | ||
---|---|---|
Արղանա-Մադեն | ||
թուրքերեն՝ Maden | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Երկրամաս | Արևմտյան Հայաստան | |
Գավառ | Արղանամադենի գավառակ | |
Մակերես | 937 կմ2 կմ² | |
ԲԾՄ | 10 մ մ | |
Պաշտոնական լեզու | Թուրքերեն | |
Բնակչություն | Ընդհանուր՝ 12․360 Քաղաք՝ 5,016 Գյուղեր՝ 7,344 մարդ (2012) | |
Ազգային կազմ | քրդեր, թուրքեր | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC 3 | |
Հեռախոսային կոդ | ( 90) 424 | |
Փոստային ինդեքս | 23400 | |
Փոստային ինդեքսներ | 23400 | |
Ավտոմոբիլային կոդ | 23 | |
Պաշտոնական կայք | maden.gov.tr (թուրքերեն) | |
|
Արղանա–Մադեն (թուրքերեն՝ Maden), քաղաք և շրջան Թուրքիայի Խարբերդի նահանգում, Արևմտյան Հայաստանի տարածաշրջանում։ Հին հայկական աղբյուրներում կոչվել է Արկնի, Արղնի, Արղանա, իսկ այժմ՝ Մադեն, Հին Արղանա։ Համարվել է բերդ, ավանաբերդ, գյուղաքաղաք, քաղաք[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Արևմտյան Տիգրիսի ակունքներից մեկի՝ Արղանա գետի (Աղանա-սու) աջ ափին, Խարբերդ–Դիարբեքիր ճանապարհին, Դիարբեքիրից մոտ 55 կմ հյուսիս–արևմուտք, ծովի մակարդակից 1235 մ բարձրությամբ սարավանդի վրա։ Նախկինում շրջակայքն ամբողջովին պատած էր խիտ անտառներով, որոնք շարունակ կտրտվել են պղինձ ձուլելու համար փայտածուխ ստանալու նպատակով։ Քաղաքի հարավարևմտյան կողմում կան պղնձի հարուստ հանքավայրեր, որոնք հայտնի են և շահագործման են ենթարկվել տակավին ուրարտական ժամանակներից։ Այժմ էլ դրանց պաշարները չեն սպառվել և արդյունահանումը շարունակվում է։ Պղնձից բացի նույն հանքավայրերում կան նաև ոսկի և արծաթ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1800–1830-ական թվականներին Արղանա–Մադենն ուներ մոտ 8000 բնակիչ, որից 6000–ը հայեր, 1830–50-ական թթ. նրա բնակչության քանակը նվազելով հասել էր 3000 մարդու, որի կեսը կազմում էին հայերը։ Որոշ աղբյուրներում մոտ 3000 բնակիչ է նշված նաև XX դարի սկզբների Արղանա–Մադենում, բայց այլ աղբյուրների համաձայն, այդ ժամանակ գյուղաքաղաքն ունեցել է մոտ 1500 տուն, կամ շուրջ 7000 – 8000 բնակիչ։ Հայերից բացի այստեղ բնակվում էին նաև քրդեր, հույներ և հրեաներ։ 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ տեղի քրիստոնյա (հայեր և հույներ) բնակչությունը բռնությամբ տեղահանվել է, մի մասն էլ սպանվել։ 2012 թ. տվյալներով քաղաքում բնակվում են 5000 մարդ[2], մեծ մասամբ քրդեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Հայքի ժամանակ Ծոփք նահանգի Պաղնատուն գավառի մեջ։ Օսմանյան կայսրության տիրապետության օրոք Արղանա–Մադենը Դիարբեքիրի նահանգի համանուն գավառի կենտրոնն էր։ Արղանա–Մադենը բաժանված էր երեք մեծ թաղամասերի՝ Վերին, Միջին և Ստորին։ Քաղաքում հայերը, հույները, քրդերը և հրեաներն ապրում էին առանձին թաղերում։ Տները ցրված էին սարահարթի և լեռնալանջի վրա՝ լեռան գագաթից մինչև ստորոտը կազմելով անկանոն մի քանի շարքեր։ Հայերն ունեին իրենց եկեղեցին՝ Սբ. Աստվածածին անունով, և մի վարժարան, որ գործում էր անցյալ դարի կեսերից։
Քաղաքի հայ բնակիչները աշխատում էին պղնձի հանքերում, զբաղվում երկրագործությամբ, արհեստներով ու առևտրով։ Գ. Սրվանձտյանի վկայությամբ 1840–1860-ական թթ. ծաղկում ապրող Արղանա–Մադենի հանքարդյունաբերությունը հետագա տասնամյակներում անկման էր հասել և դատապարտվել անուշադրության։ Այստեղ պղնձի հանույթն ու ձուլումը կատարվում էին բացառապես ձեռքի աշխատանքով և իբրև վառելիք օգտագործվում էր փայտածուխը։ Նրա պղնձարդյունաբերությունը որոշ աշխուժացում է ապրել XIX դարի վերջերին և ХХ-ի սկզբներին։ Մեր դարի սկզբներին այստեղ տարեկան արտադրվում էր մոտ 3000 տոննա սև պղինձ, որը հիմնականում առաքվում էր Դիարբեքիր, Էրզրում և Տրապիզոն։
Արղանա–Մադենի պղնձի հանույթը և նախնական մշակումը խիստ կրճատվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նրա հայ բնակչության մի մասը տարագրվեց օտար երկրներ, որի հետևանքով այստեղի պղնձարդյունաբերությունը զրկվեց հարյուրավոր որակյալ աշխատողներից։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքն ուներ Ս․ Աստվածածին և Ս․ Սարգիս անուներով եկեղեցիներ։
Արղանա֊Մադենից հարավ, հին Արկնի բերդաքաղաքի մոտ գտնվում են Արնկիի անմատույց բերդի և Բարձրահայաց Ս․ Աստվածածին վանքի ավերակները[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀՍՀ, հ. 2–րդ, էջ 86։
- ↑ Population of province/district centers and towns/villages by districts - 2012 Արխիվացված 2014-05-17 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 459-460
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 86)։ |