Փարիզի կոնսերվատորիայում աշակերտել է Ա. Ժեդալժին, Շ. Մ. Վիդորին, Վ. դ'Էնդիին։ Եղել է «Վեցյակ» ստեղծագործական խմբի անդամ։ Որպես դիրիժոր իր երկերի կատարումով հանդես է եկել Եվրոպայում (ԽՍՀՄ-ում՝ 1928 թվականին) և ԱՄՆ-ում։ Ֆրանսիայի ժողովրդական երաժշտական ֆեդերացիայի անդամ էր (1930-ական թվականներ) մասնակցել է մասսայական բացօթյա ներկայացումների երաժշտական ձևավորմանը, այդ թվում՝ «14 հուլիսի» (ըստ Ռ. Ռոլանի, 1936), «Ազատություն» (1937)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եռանդուն գործել է ժողովրդական ճակատում։ Հոնեգերի բազմաժանր ստեղծագործությունը աչքի է ընկնում հումանիստական, հակաֆաշիստական ուղղվածությամբ, ֆրանսական ու շվեյցարական երաժշտության ավանդույթների և 20-րդ դարի երաժշտական մշակույթի լավագույն նվաճումների զուգորդումով։ Մեծ ավանդ ունի օրատորիալ ժանրերի (այդ թվում՝ օպերա-օրատորիայի) զարգացման ասպարեզում («Դավիթ արքա», 1921, 3-րդ խմբ.՝ 1924, «Ժաննա դ'Արկը խարույկի վրա», 1935, դրամատիկական օրատորիաները և այլն)։ Գրել է 5 սիմֆոնիա (1930-1950), սիմֆոնիկ այլ երկեր («Մոնոպարտիտ», «Պասիֆիկ 231» և այլն), կանտատներ («Ազատության երգ», 1942), օպերաներ («Հուդիթ», «Անտիգոնե» և այլն), օպերետներ, բալետներ («Շամիրամ», «Երգ երգոց» և այլն), գործիքային անսամբլներ և պիեսներ, երգեր (այդ թվում՝ Ա. Չոպանյանի խոսքերով), երաժշտություն ռադիոյի, կինոյի, դրամատիկական ներկայացուցումների համար, ինչպես նաև «Ես կոմպոզիտոր եմ» գիրքը (1948)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 543)։