Արեցո
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Արեցո | |||||
իտալ.՝ Arezzo | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Համայնք | Արեցո | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 9-րդ դար թ. | ||||
Մակերես | 384,7 կմ² | ||||
ԲԾՄ | 296±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▼96 260 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC 1 և UTC 2 | ||||
Հեռախոսային կոդ | 0575 | ||||
Փոստային դասիչ | 52100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AR | ||||
Պաշտոնական կայք | comune.arezzo.it(իտալ.) | ||||
| |||||
Արեցո (իտալ.՝ Arezzo), քաղաք Իտալիայի Տոսկանա մարզում, համանուն գավառի վարչական կենտրոնը[2]։ Գտնվում է Ֆլորենցիայից 80 կմ հարավ-արևելք` Առնո գետի վերին հոսանքի բլուրների վրա։ Քաղաքի բնակչությունը 91.600 մարդ է (2001)։
Քաղաքի հովանավորն է համարվում սուրբ Դոնատը։ Քաղաքի տոնը նշվում է օգոստոսի 7-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեցոն Տոսկանայի հնագույն քաղաքներից է։ Առաջին անգամ այս կողմերում բնակություն են հաստատել մ. թ. ա. 6-րդ դարում։ Շուտով Արետումը (լատին․՝ Arretium), ինչպես հետագայում քաղաքն անվանեցին հռոմեացիները, դարձել է Էտրուրիայի 12 քաղաք-պետություններից մեկը։ Ամենայն հավանականությամբ, Էտրուրիայի կազմում Արեցոն զգալի վերելք է ապրել` շնորհիվ Կենտրոնական Իտալիայի այլ քաղաքների հետ ունեցած առևտրի։ Մեր օրերում էտրուսկյան հին քաղաքից պահպանվել են ամրոցային պատի մնացորդները, Պաջո դել Սոլ գերեզմանոցի ավերակները, ինչպես նաև Քիմեռի և Միներվայի բրոնզե քանդակներ, որոնք գտնվում են Ֆլորենցիայի հնագիտական թանգարանում։ Նույնիսկ էտրուսկական քաղաքների անկումից հետո Արետիումը պահպանում է իր նշանակությունը, զարգացում է ապրում կավե և բրոնզե իրերի պատրաստումը։ Տիտոս Լիվիոսը Կիուզի և Պերուջա քաղաքների հետ Արեցոն անվանել է «էտրուսկների մայրաքաղաք»։
Քաղաքը Հին Հռոմի դեմ պայքարի առաջատարներից է եղել։ Սակայն մ. թ. ա. 311 թվականին այն նվաճվել է հռոմեացիների կողմից։ Քաղաքի կենտրոնը մասամբ ավերվել է, իսկ բնակիչների մեծ մասը վերաբնակեցվել է նրա սահմաններից դուրս։ Արետիումը վերածվել է հռոմեական գաղութի։ Մ. թ. ա. 3-րդ դարում Արետիումը Հռոմի հետ պայքարում է գալլերի դեմ` հետագայում դառնալով Հռոմեական պետության հյուսիսային արշավանքների հիմնակետը։ Մ. թ. ա. 1-ին դարում բնակավայրը ստանում է քաղաքի (լատին․՝ municipium) կարգավիճակ։ Գայոս Մարիոսի և Սուլլայի միջև տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ժամանակ Արետիումը պաշտպանում է Մարիոսին, ինչի պատճառով էլ Սուլլայի պարտությունից հետո քաղաքն ավերածությունների է ենթարկվում, իսկ բնակիչների մեծ մասը արտագաղթում է։ Նրանց փոխարեն քաղաքը բնակեցվում է Սուլլայի բանակի վետերաններով, որոնք այստեղ հիմնում են Արետիում Ֆիդենս (լատին․՝ Arretium Fidens) գաղութը։ Հուլիոս Կեսարի իշխանության տարիներին քաղաքն ընդունում է վետերանների նոր հոսք, որ ձևավորում է Արետիում Յուլիումը (լատին․՝ Arretium Julium):
Վերաբնակվողների անդադար հոսքի շնորհիվ` Արետիումի նշանակությունը հետզհետե աճում է։ 1-ին դարի սկզբին նրա բնակչությունն անցնում էր 100.000-ից` քաղաքը դարձնելով բնակչության թվով երրորդ քաղաքն Իտալիայում (Հռոմից ու Նեապոլից հետո)։ Զգալիորեն ընդարձակվել էր նաև Արետիումի տարածքը։ 2-րդ դարում կառուցվել են հասարակական բաղնիքներ և ամֆիթատրոն, որի ավերակները հասել են մեր օրեր։ Քաղաքը մեծ համբավ է ձեռք բերում որպես տերակոտայի կենտրոն. արետինյան սկահակները արտահանվում էին Հռոմեական կայսրության ամենահեռավոր անկյունները։ Ծագումով Արետիումից էր Գայոս Մեկենասը` Օկտավիանոս Օգոստոս կայսեր ջերմ համակիրը, որ հայտնի է արվեստի հովանավորությամբ։
Վաղ միջնադար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական կայսրության անկումից հետո բարբարոսների ներխուժման հետևանքով Արեցոյի բնակչությունը զգալիորեն կրճատվում է, տնտեսությունն անկում է ապրում։ Սակայն Պո գետի հովտում` Հռոմ տանող ճանապարհին գտնվելը քաղաքին թույլ էր տալիս պահպանել կարևոր նշանակությունը միջնադարում։ 5-6-րդ դարերում Արեցոն գտնվել է Օստգոթերի թագավորության սահմանին Ռավեննայի եքսարքոսի տիրապետության տակ, իսկ հետագայում դառնում է իտալական առաջին բնակավայրերից մեկը, որ անցնում է լանգոբարդների իշխանությանը։ Վերջիններիս իշխանության ժամանակ քաղաքի էթնիկ կազմը զգալիորեն փոխվում է, առևտրական կապերը պակասում են, իսկ քաղաքի կենտրոնը տեղափոխվում է բլրի վրա, որտեղ ամրոց է կառուցվում։ 8-րդ դարի վերջին Արեցոն մտնում է Կառլոս Մեծի, ապա Հռոմեական սրբազան կայսրության կազմի մեջ։ Այս շրջանում քաղաքի մշակութային ու տնտեսական զարգացումը կանգ է առնում` պայմանավորված Կենտրոնական Իտալիայում ծագած երկպառակություններով։
Արետինյան հանրապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XI—XII դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով Հռոմեական սրբազան կայսրության կազմում` Արեցոն ենթարկվել է Տոսկանայի մարկային, սակայն Տոսկանայի դերկոմսերի իշխանությունը քաղաքում թույլ էր։ Քաղաքի իշխանությունը կենտրոնացած էր Արեցոյի եպիսկոպոսի ձեռքերում։ Քաղաքում եպիսկոպոսություն էր հիմնվել դեռևս 4-րդ դարում, և չնայած բազում պատերազմներին ու ներխուժումներին` քաղաքի եպիսկոպոսական իշխանությունը երբեք չի ընդհատվել։ Հռոմեական սրբազան կայսրության կայսրերը, շահագրգռված լինելով Իտալիայում ամուր հենարան ունենալով, ակտիվորեն աջակցում էին եպիսկոպոսներին, նվիրում հողատարածքներ։ 11-րդ դարի կեսերին Արեցոյի եպիսկոպոսը համարվում էր Առնոյի վերին հոսանքի շրջանի բնակավայրերի քաղաքական և հոգևոր առաջնորդը։ 1059 թվականից Արեցոյի եպիսկոպոսը կրում էր նաև կոմսի տիտղոս` դրանով իրեն շնորհելով աշխարհիկ իշխանություն։
Առևտրի և արհեստների զարգացումը, որ իտալական քաղաքներում սկսվել էր 11-րդ դարում, չի շրջանցում և Արեցոն. քաղաքում ձևավորվում է առևտրականների խավ, որը դեմ էր եպիսկոպոսի իշխանությանը։ Արդեն 11-րդ դարում Արեցոյում ձևավորվում է կոմունա, որ միավորում էր քաղաքի իշխանությանը հավակնող արհեստագործների շրջանակները։ 1098 թվականին առաջին անգամ հիշատակվում է կոմունայի կառավարման նոր մարմինը` կոնսուլների խորհուրդը, որ կիսում էր իշխանությունը Արեցոյի եպիսկոպոսի հետ։ Դերկոմսուհի Մաթիլդա Տոսկանացու մահից հետո` 1115 թվականին, Տոսկանայի կենտրոնական իշխանությունը գործնականում դադարում է գոյություն ունենալուց։ Արեցոն վերածվում է անկախ քաղաք-պետության եպիսկոպոսի ու կոմունայի տիրապետության ներքո։ Կոմունայի մարմիններն աստիճանաբար սահմանափակում էին եպիսկոպոսի իշխանությունը, սակայն մինչև 14-րդ դարը նա դեռ ուներ զգալի ազդեցություն քաղաքի կառավարման մեջ։
Շուտով Արետինյան հանրապետության ձևավորումից հետո կոմունան պայքար է մղում իր իշխանության տարածման համար։ 12-13-րդ դարերի պատերազմական մի շարք գործողություններից հետո Արեցոյի քաղաքացիներն իշխանություն են հաստատում շրջակա մի շարք բնակավայրերի նկատմամբ։ 1197 թվականին Սան Ջենեզիոյի համաժողովում համաձայնագիր է կնքվում տոսկանական քաղաք-պետությունների միջև` ազդեցության շրջանակը բաժանելով, սակայն դա ևս վերջ չի դնում հակամարտություններին։ 12-րդ դարի վերջերին Արեցոյի կառավարման համակարգը զգալի փոփոխություններ է կրում. կոնսուլների խորհրդին փոպարինելու է գալիս միանձնյա պոդեստայի իշխանությունը, որ սովորաբար նշանակվում էր օտարներից, և գլխավորում էր պետության ռազմական ուժը։
Արետինյան հանրապետությունը ծաղկման շրջանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գվելֆների և գիբելինների պայքարում Արետինյան հանրապետությունը վերջիններիս է աջակցում։ Այս շրջանում Արեցոյի հիմնական հակառակորդը գվելֆների իշխանությանը ենթարկվող Ֆլորենցիան էր, որ զավթողական քաղաքականություն էր իրականացնում Տոսկանայում։ Չնայած հյուսիսում Արեցոն որոշակի իշխանություն է զիջում Ֆլորենցիայում, սակայն հանրապետությունը շարունակում է տիրել բավական ընդարձակ տարածությունների` Կազենտինոյի հովտից մինչև Կյանա։ 1258 թվականին Արեցոյի տիրապետությանն է անցնում Կորտոնա խոշոր քաղաքը, որ Հռոմի պապի տիրապետության տակ էր գտնվում։ 1260 թվականին արետինյան զորքերը մասնակցում են Մոնտապերտիի ճակատամարտին, որի արդյունքում Ֆլորենցիայի բանակը ջախջախվում է, իսկ Տոսկանան անցնում է գիբելինների տիրապետության տակ։ Սակայն Բենեվենտի ճակատամարտից հետո 1266 թվականին իրադրությունը փոխվում է. գվելֆները, ստանալով Կառլ I Անժուացուաջակցությունը, վերածնունդ են ապրում։ 13-րդ դարում Տոսկանայի գրեթե բոլոր կոմունաներում իշխանության են գալիս գվելֆները։ Միայն Արետինյան հանրապետությունն է պահպանում իր հավատարմությունը կայսեր նկատմամբ։ Հռոմի պապի ֆինանսական և Կառլ Անժուացու ռազմական աջակցությամբ Ֆլորենցիան ձևավորում է խոշոր բանակ և 1289 թվականին Կամպալդինոյի ճակատամարտում ջախջախիչ հարված է հասցնում Արետինյան կոմունային։ Ճակատամարտում մահանում են Արետինյան կոմունայի առաջնորդները։ Ճակատամարտը վճռորոշ դեր է խաղում Արեցոյի պատմության մեջ. զգալի տարածքներ են զիջվում Ֆլորենցիային և Սիենին, իսկ Արեցոյի դերը գնալով նվազում է։
13-րդ դարը Արետինյան հանրապետության վերելքի ժամանակաշրջանն է։ Այս շրջանում կառուցվում են նոր ամրություններ, վերականգնվում է հին քաղաքի ռոմանական ոճը, որի վառ ապացույցն է Սանտա Մարիա ֆելա Պյեվեն, սկսվում է նոր մայր տաճարի շինարարությունը։ 1255 թվականին Արեցոյում հիմնվում է համալսարան, որը առաջիններից մեկն էր Իտալիայում և ողջ Եվրոպայում։ Զարգացում են ապրում կիրառական արվեստը և գրականությունը։ Քաղաքում աշխատում են ինչպես տեղի, այնպես էլ ֆլորենտական և սիենյան դպրոցների ներկայացուցիչները, որոնք ձևավորում են Արեցոյի մայր տաճարը։ Բարձր մակարդակի է հասնում արետինյան գրականությունը, որի ներկայացուցիչներից է Գվիտոնե դ'Արեցոն։ 1302 թվականին քաղաքում ծնվել է Ֆրանչեսկո Պետրարկան։ Գվիդո Տարլատիի մահից հետո 1327 թվականին Արեցոյի ղեկավարությունն անցնում է նրա եղբորը` Պիերո Սակոնեին, որի օրոք հանրապետությունը հայտնվում է ֆինանսական և քաղաքական խոր ճգնաժամի մեջ։ Դա հանգեցնում է նրան, որ 1337 թվականին Արեցոն վաճառվում է Ֆլորենցիային 42.800 ֆլորինով։
1343 թվականին վերականգնվում է Արետինյայ հանրապետության անկախությունը, սակայն հաստատուն կառավարություն ձևավորել այդպես էլ չի հաջողվում. գվելֆների և գիբելենների կուսակցական պայքարը թուլացրել էր հանրապետությունը։ Իրավիճակը բարդացնում էին նաև առանձին ազնվականական ընտանիքներ, որոնք ցանկանում էին Արեցոյում հաստատել ժառանգաբար փոխանցվող իշխանություն։ Արդյունքում հանրապետության` անկախությունը պահպանելու ջանքերը ձախողվում են։ 1384 թվականին քաղաքը կրկին վաճառվում է Ֆլորենցիային, և Արեցոն միացվում է Ֆլորենտական հանրապետությանը։
Արետինյան հանրապետության գոյության վերջին հարյուրամյակը առանձնանում է սեփական գեղարվեստական դպրոցի առկայությամբ, որի առավել նշանավոր ներկայացուցիչներից է Սպինելո Արետինոն (1330-1410)։ Այս նույն ժամանակին է վերաբերում նաև ուշ գոթիկայի ոճով կառուցված Պրիորների պալատը, Սան Ֆրանցիսկո եկեղեցին և մի քանի այլ շինություններ։
Վերածնունդ և նոր ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորենտական հանրապետությանը միանալուց հետո Արեցոյի նշանակությունը սկսում է անկում ապրել։ Արեցոն որոշակի ինքնուրույնություն է պահպանում, սակայն քաղաքի մշակութային, հասարակական-քաղաքական զարգացումը մայրաքաղաքի լիակատար ազդեցության տակ էր գտնվում։ Վատանում է նաև քաղաքի ժողովրդագրական պատկերը (1552 թվականին՝ 7750 բնակիչ, 1745 թվականին՝ 6700 բնակիչ)։ Ֆլորենտական իշխանության դեմ բարձրացրած ընդվզումները շատ արագ ճնշվում էին։ 1569 թվականին Արեցոն մտնում է Տոսկանայի մեծ հերցոգության մեջ։ Չնայած տնտեսական ու քաղաքական իրավիճակի վատացմանը` մշակութային կյանքը քաղաքում շարունակում էր զարգանալ։ Արեցոյում են ապրում ու ստեղծագործում այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո Բրունին (1374-1444), բուսաբան Անդրեա Չեզալպինոն (1519-1603), ֆիզիկոս Ֆրանչեսկո Ռեդին (1626-1698)։ Ծագումով Արեցոյից էր իտալացի նշանավոր բանաստեղծ, գրող Պիետրո Արետինոն (1492-1556)։ Կիրառական արվեստում գերիշխում էր վերածնունդը։ Այդ շրջանում Արեցոն ներկայանում է այնպիսի նկարիչներով, ինչպիսիք են Բերնարդո Ռոսելինոն, Ջուլիանո դա Մայանոն, Պիեռա Դելլա Ֆրանչեսկան և վերջապես Ջորջո Վազարին։
1722 թվականին անցկացվում է բարեփոխում, որի արդյունքում Արեցոն և նրա շրջակա բնակավայրերը հայտնվում են վարչական նույն շրջանում։ Դա հիմք է հանդիսանում ներկայիս Արեցո կոմունայի ձևավորման համար։ 18-րդ դարի վերջին չորացվում են Կյանա հովտի ճահիճները, ինչը բարելավում է քաղաքի կլիմայական պայմանները։ 19-րդ դարում սկսվում է Արեցոյի` Տոսկանայի և Իտալիայի այլ քաղաքների միջև հաղորդակցության ճանապարհների ակտիվ շինարարություն։ Այս շրջանին են վերաբերում ճարտարապետական այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Պյացա դել Պոպոլոն, երկաթուղային կայարանը, Պորտ Ֆերդինանդը։ 1825 թվականին ձևավորվում է Արետինյան շրջանը, որ Արեցոյի գավառի հիմքն է հանդիսանում։
Անկախության կորուստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեցոյի միջազգային դրության վատացումը 13-14-րդ դարերում պայմանավորված էր գվելֆների և գիբելենների պայքարի սրացմամբ։ Մեծացել էր հանրապետության կախվածությունը վարձկան բանակից։ Լինելով գիբելենների ճամբարում` Արեցոն ստիպված էր դիմակայել գվելֆական Ֆլորենցիային և Սիենին` երբեմն դիմելով այլ երկրների օգնությանը։ 1315 թվականին Ֆաջիոլայի գիբելինյան բանակը Մոնտեկատինիի ճակատամարտում ջախջախում է ֆլորենտա-նեապոլյան ուժերը։ Այս քաղաքականությունը շարունակվում է եպիսկոպոս Գվիդո Տարլատիի շրջանում, ով 1320-ական թվականներին դառնում է Արետինյան հանրապետության փաստացի տիրակալը։ Դաշնակցելով Ֆորլիի հետ` Գվիդո Տարլատին 1323 թվականին նվաճում է Չիտա դի Կաստելոն` ընդարձակելով սահմանները հարավային ուղղությամբ և դրանով իսկ հարուցելով Հռոմի պապի թշնամանքը։
Նորագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի միավորումից և քաղաքի վարչական ինքնիշխանության մեծացումից հետո Արեցոն զարգացում ապրեց։ 1867 թվականին հաստատվում է քաղաքաշինական նոր հատակագիծը, որ թույլ էր տալիս քաղաքի տարբեր մասերի միջև լավ հաղորդակցությունը։ 1881 թվականին հիմնադրվել է Արեցոյի ազգային բանկը («Banca Etruria»), որ սկսել է վարկավորել տեղի արդյունաբերությունը։ 1895 թվականին քաղաքում առաջին անգամ հաստատվել է էլեկտրական լուսավորությունն։ Քաղաքային հին պարիսպները մասամբ քանդվել են քաղաքի արագ զարգացման արդյունքում[3]։
Արեցոն զգալիորեն տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Քաղաքը բազմիցս ձեռքից ձեռք է անցել` ենթարկվելով դաշնակիցների ռմբակոծմանը։ 1944 թվականի հուլիսի 16-ին, երբ քաղաքին են մոտեցել հակահիտլերյան կոալիցիայի ուժերը, ընդվզում է բարձրացել ֆաշիստական իշխանության դեմ։ Արեցոյի բնակիչների դրսևորած հերոսության համար 1984 թվականին քաղաքը պարգևատրվել է ոսկե շքանշանով։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության աճը
Նշանավոր բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գվիդո դ'Արեցո (մոտ 990 - մոտ 1050), երաժշտության տեսաբան և ռեֆորմատոր, ժամանակակից նոտագրման հիմնադիրներից։
- Ֆրանչեսկո Պետրարկա (1304-1374), բանաստեղծ, հումանիստ, իտալական պրոտոռենեսանսի ներկայացուցիչ։
- Սպինելո Արետինո (մոտ 1346 - 1410), ուշ միջնադարի իտալացի նկարիչ։
- Պիետրո Արետինո (1492-1556), ուշ վերածննդի իտալացի գրող, սատիրիկ, հրապարակախոս, դրամատուրգ։
- Ջորջո Վազարի (1511 - 1574), իտալացի նշանավոր նկարիչ, ճարտարապետ, գրող։
- Անդրեա Չեզալպինո (1519 - 1603), իտալացի բժիշկ, բնագետ, փիլիսոփա
- Ֆրանչեսկո Ռեդի (1626 - 1697), բժիշկ, բնագետ
- Աննա Մարիա Ռեդի (1747 - 1770), հռոմեական կաթոլիկ եկեղցու սուրբ, միստիկ։
- Ռոբերտո Բենինյի (ծնվ.` 1952), իտալացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
- Վալենտինա Ջովանյինի (1980 - 2009), էստրադային երգչուհի։
- Դիլան և Կոուլ Սպրոուս (ծնվ.` 1992), երկվորյակ դերասաններ
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեցոյի բազմաթիվ հրապարակներից ուշագրավ են Գրանդե հրապարակը (իտալ.՝ Piazza Grande) կամ Ֆերդինանդան (իտալ.՝ Ferdinanda)` սյունաշարերով, գոթական ոճի լոժայով, և հեթանոսական մեհյանի տեղում կառուցված եկեղեցին։
13-րդ դարում կառուցված տաճարը, որի ճակատային մասը շատ այլ եկեղեցիների նման ավարտին չի հասցված, ունի մարմարից հրաշալի գլխավոր խորան, որ Ջիովանի Պիզանոյի աշխատանքն է։ Այլ եկեղեցիներում կան տոսկանյան դպրոցի հրաշալի նկարներ։ Սան Ֆրանչեսկո բազիլիկում պահպանվել են Պիեռա Դելլա Ֆրանչեսկայի գործերը։
Արեցոն, լինելով նահանգապետի և եպիսկոպոսի նստավայրը, ունի ենթապատկան 15 եկեղեցիներ, գիտությունների ակադեմիա, գրադարան, դիվանագիտական արխիվ, հնաբանական թանգարան, պատկերասրահ, մի քանի մասնավոր թանգարաններ, գիմնազիա, հոսպիտալ, 4 մենաստան[4]։ Քաղաքի փողոցներն ընդարձակ են, քաղաքային կառույցները գեղեցիկ են, ապահովված ջրով։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արեցոյում, ինչպես Սիենում, կազմակերպվում են ամենամյա թատերականացված ձիարշավներ` Պալիո։
Մշակույթի պատմության մեջ Արեցոն մտել է արետինյան կերամիկայի շնորհիվ, որը ամենօրյա սպառման ապրանքի առաջին խոշոր արտադրության օրինակներից է պատմության մեջ[5]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ֆրանչեսկո Պետրարկայի տունը
-
Գվիդո դ'Արեցոյի հուշարձանը
-
Ջորջո Վազարիի տունն ու այգին
-
Ֆերդինանդ I-ի հուշարձանը
-
Սան Դոմենիկո բազիլիկը
-
Սան Միքելե եկեղեցին
-
Սան Բերնարդո եկեղեցին
-
Սուրբ Երրորդության տաճարը
-
Սուրբ Ավգուստինի եկեղեցին
-
Ժամանակակից քանդակ Սուրբ Ավգուստինի եկեղեցու մոտ
-
Քիմեռի քանդակ
-
Փողոց հին քաղաքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Arezzo)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 22-ին.
- ↑ "Allen, Silas. University of Oklahoma renovates Tuscan monastery for use as overseas campus. Daily Oklahoman, April 22, 2012". Retrieved 2012-04-24.
- ↑ "The University of Oklahoma Foundation Consolidated Financial Statement June 30, 2011 and 2010, Note 8" (PDF). Retrieved 2012-04-24.
- ↑ Unterwegs in die Vergangenheit- Verlag das Beste GmbH. 1984. Stuttgart. ISBN 3 87070 215X
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեցո» հոդվածին։ |
|