Jump to content

Արգանդի պատռվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգանդի պատռվածք
Արգանդի լայնական պատռվածք
Տեսակկլինիկական նշան
Հիվանդության ախտանշաններՑավի ավելացում, հեշտոցային արյունահոսություն, կծկանքների փոփոխություն[1][2]
Բժշկական մասնագիտությունՄանկաբարձություն
ՀՄԴ-9665.1
ՀՄԴ-10O71.0 և O71.1
Ռիսկի գործոններՀեշտոցային ծննդաբերություն կեսարյան հատումից հետո, արգանդի այլ սպիեր, ծննդաբերության դիստոցիա, ծննդաբերության խթանում, վնասվածք, կոկաինի օգտագործում[1][3]
ԱխտորոշումԱջակցվում է երեխայի սրտի զարկերի արագ անկմամբ[1]
ԲուժումՎիրահատություն[1]
ՀաճախությունՆորմալ արգանդով 12000 հեշտոցային ծննդաբերություններից 1-ի դեպքում[1]
, կեսարյան հատումից հետո հեշտոցային 280 ծննդաբերություններից 1-ի դեպքում[1]
ՍկիզբըԾննդաբերության ընթացքում[4]
ԿանխատեսումՄոր մահվան 0,1%-10% ռիսկ[5],, նորածնի մահվան 6% ռիսկ[1]
 Uterine rupture Վիքիպահեստում

Արգանդի պատռվածք, երբ արգանդի մկանային պատը պատռվում է հղիության կամ ծննդաբերության ընթացքում[4]։ Ախտանիշները, որոնք սովորաբար ներառում են ցավի ավելացումը, հեշտոցային արյունահոսությունը, կամ կծկանքների փոփոխությունը, միշտ չէ որ առկա են[1][2]։ Որպես արդյունք կարող է առաջանալ մոր կամ երեխային հաշմանդամություն կամ մահ[1][4]։

Ռիսկի գործոնները ներառում են՝ հեշտոցային ծննդաբերություն կեսարյան հատումից հետո (ՀԾԿՀՀ), արգանդի այլ սպիեր, ծննդաբերության դիստոցիա, ծննդաբերության խթանում, վնասվածք և կոկաինի օգտագործում[1][3]։ Մինչդեռ պատռվածքը սովորաբար տեղի է ունենում ծննդաբերության ընթացքում, այն երբեմն կարող է առաջանալ նաև հղիության վաղ շրջաններում[1][4]։ Ախտորոշումը կարող է կասկածվել ծննդաբերության ընթացքում երեխայի սրտի զարկերի արագ անկման հիման վրա[1][3]։ Արգանդի փեղեքումը ավելի թեթև վիճակ է, որի դեպքում առկա է արգանդի հին սպիի ոչ լրիվ պատռվածք[1]։

Բուժումը ներառում է շտապ վիրահատություն՝ արյունահոսությունը վերահսկելու և երեխային հանելու նպատակով[1]։ Հնարավոր է արյունահոսության վերահսկման համար անհրաժեշտ լինի կատարել հիստերէկտոմիա (արգանդի հեռացում)[1]։ Արյան կորուստը լրացնելու համար կարելի է կատարել արյան փոխներարկում[1]։ Կանանց, որոնք նախկինում ունեցել են արգանդի պատռվածք, հիմնականում խորհուրդ են տալիս հետագա հղիությունների ժամանակ կատարել կեսարյան հատում[6]։

Արգանդի պատռման հաճախականությունը հեշտոցային ծննդաբերության ժամանակ մեկ նախորդ կեսարյան հատումից հետո, որն արվել է բնորոշ տեխնիկայով, գնահատվում է 0,9%[1]։ Ցուցանիշները ավելի բարձր են նրանց մոտ, ովքեր նախկինում ունեցել են մի քանի կեսարյան հատումներ կամ ատիպիկ կեսարյան հատումներ[1]։ Այն կանանց մոտ, որոնք ունեն սպի արգանդի վրա, հեշտոցային ծննդաբերության ընթացքում ռիսկը մոտավորապես 1-ը 12000-ի է[1]։ Երեխայի մահվան ռիսկը մոտավորապես 6% է[1]։ Զարգացող երկրներում արգանդի պատռվածքը ավելի հաճախ է հանդիպում և ունի ավելի վատ ելքեր[4][7]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատռվածքի ախտանիշները սկզբում կարող են բավականին աննկատ լինել։ Կեսարյան հատման հին սպին կարող է փեղեքվել, հետագա ծննդաբերությունների դեպքում կնոջ մոտ կարող է առաջանալ որովայնի ցավ և հեշտոցային արյունահոսություն, սակայն այս նշանները դժվար է տարբերել նորմալ ծննդաբերությունից։ Հաճախ պտղի ստրի զարկերի վատթարացումը առաջատար նշան է, բայց արգանդի պատռվածքի հիմնական նշանը հեշտոցային ներզննման ժամանակ պտղի առաջադրության կորուստն է։ Ներորովայնային արյունահոսությունը կարող է հանգեցնել հիպովոլեմիկ շոկի և մահվան։ Թեև սրա հետ կապված մայրական մահացությունը ներկայումս մեկ տոկոսից քիչ է՝ պտղի մահացության հաճախությունը երկուսից վեց տոկոս է, երբ պատռվածքը տեղի է ունենում հիվանդանոցում։

Հղիության ընթացքում արգանդի պատռվածքը կարող է կենսունակ որովայնային հղիության պատճառ հանդիսանալ։ Հենց սա է հանդիսանում որովայնային հղիությունների ծննդաբերությունների մեծ մասի պատճառը։

  • Որովայնի ցավ և ցավոտություն։ Ցավը կարող է ուժեղ չլինել, այն կարող է հանկարծակի առաջանալ կծկանքի գագաթնակետին։ Կինը կարող է նկարագրել մի զգացում, որ ինչ-որ բան «թուլացել է» կամ «պատռվել»։
  • Կրծքավանդակի ցավ, ցավ թիակների միջև, կամ ցավ ներշնչման ժամանակ։ Ցավը առաջանում է կնոջ ստոծանու գրգռումից, դրա տակ կուտակված արյան պատճառով։
  • Արյունահոսության հետևանքով առաջացած հիպովոլեմիկ շոկ, որի մասին վկայում են զարկերակային ճնշման անկումը, հաճախասրտությունը, հաճախաշնչությունը, սառը և կպչուն մաշկը և տագնապը։ Զարկերակային ճնշման անկումը հաճախ արյունահոսության ուշ նշան է։
  • Պտղի օքսիգենացիայի հետ առնչվող նշաններ, ինչպիսիք են՝ ուշ դեցելերացիաներ, նվազած փոփոխականություն, հաճախասրտություն և հազվասրտություն։
  • Պլացենտայի լայնածավալ վնասման դեպքում պտղի սրտի տոների բացակայություն, գերձայնային հետազոտությամբ պտղի սրտի ակտիվության բացակայություն։
  • Արգանդի կծկանքների դադարեցում։
  • Պտղի շոշափում արգանդից դուրս (սովորաբար առաջանում է միայն մեծ, լրիվ պատռվածքների դեպքում)։ Հավանաբար, այս պահին պտուղը արդեն մահացած է։
  • Որովայնային հղիության նշաններ։
  • Գերհասուն հղիություն։

Ռիսկի գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդ կեսարյան հատումից հետո արգանդի սպին ամենից հաճախ հանդիպող ռիսկի գործոնն է (մեկ վերլուծության մեջ 52%-ը ունեցել են նախկին կեսարյան հատումների սպիեր)[8]։ Արգանդի վրա իրականացվող այլ վիրահատությունները, որոնց ընթացքում իրականացվում են ամբողջ հաստությամբ կտրվածքներ (ինչպիսին է միոմէկտոմիան), դիսֆունկցիոնալ ծննդաբերությունը, ծննդաբերության խթանումը օքսիտոցինով կամ պրոստոգլանդիններով, և բազմածնությունը նույնպես կարող են հիմք հանդիսանալ արգանդի պատռվածքի համար։ 2006 թվականին արձանագրվել է արգանդի պատռվածքի ծայրահեղ հազվադեպ դեպք առաջին հղիության ժամանակ՝ առանց ռիսկի գործոնների[9]։

Հղիության ընթացքում արգանդի պատռվածքը առանց նախորդող կեսարյան հատման անոթային Էհլերս-Դանլոսի համախտանիշի (աԷԴՀ) ախտորոշման հիմնական չափանիշներից մեկն է[10]։

Ոչ լրիվ պատռվածքի դեպքում որովայնամիզը չի վնասվում։ Լրիվ պատռվածքի դեպքում արգանդի խոռոչի պարունակությունը թափվում է որովայնի խոռոչ կամ կլոր կապան։

Արգանդի պատռվածքի բուժման համար ցուցված է հրատապ ախտորոշիչ որովայնահատում կեսարյան հատումով, որն ուղեկցվում է հեղուկների և արյան փոխներարկմամբ։ Կախված պատռվածքի բնույթից և բուժառուի վիճակից՝ արգանդը կարող է վերականգնվել կամ հեռացվել (կեսարյան հիստերէկտոմիա)։ Բուժման հետաձգումը էական ռիսկի տակ է դնում թե՛ մորը, թե՛ երեխային։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Toppenberg, KS; Block WA, Jr (2002 թ․ սեպտեմբերի 1). «Uterine rupture: what family physicians need to know». American Family Physician. 66 (5): 823–8. PMID 12322775.
  2. 2,0 2,1 Lang, CT; Landon, MB (March 2010). «Uterine rupture as a source of obstetrical hemorrhage». Clinical Obstetrics and Gynecology. 53 (1): 237–51. doi:10.1097/GRF.0b013e3181cc4538. PMID 20142660.
  3. 3,0 3,1 3,2 Mirza, FG; Gaddipati, S (April 2009). «Obstetric emergencies». Seminars in Perinatology. 33 (2): 97–103. doi:10.1053/j.semperi.2009.01.003. PMID 19324238.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Murphy, DJ (April 2006). «Uterine rupture». Current Opinion in Obstetrics & Gynecology. 18 (2): 135–40. doi:10.1097/01.gco.0000192989.45589.57. PMID 16601473. S2CID 23617249.
  5. Togioka, Brandon M.; Tonismae, Tiffany (2022 թ․ հունիսի 27). «Uterine Rupture». StatPearls. PMID 32644635. Վերցված է 2023 թ․ մարտի 5-ին.
  6. Larrea, NA; Metz, TD (January 2018). «Pregnancy After Uterine Rupture». Obstetrics and Gynecology. 131 (1): 135–137. doi:10.1097/AOG.0000000000002373. PMID 29215521.
  7. Berhe, Y; Wall, LL (November 2014). «Uterine rupture in resource-poor countries». Obstetrical & Gynecological Survey. 69 (11): 695–707. doi:10.1097/OGX.0000000000000123. PMID 25409161. S2CID 22593593.
  8. Chibber R, El-Saleh E, Fadhli RA, Jassar WA, Harmi JA (March 2010). «Uterine rupture and subsequent pregnancy outcome - how safe is it? A 25-year study». J Matern Fetal Neonatal Med. 23 (5): 421–4. doi:10.3109/14767050903440489. PMID 20230321. S2CID 13566623.
  9. Walsh CA, O'Sullivan RJ, Foley ME (2006). «Unexplained prelabor uterine rupture in a term primigravida». Obstetrics and Gynecology. 108 (3 Pt 2): 725–7. doi:10.1097/01.AOG.0000195065.38149.11. PMID 17018479. S2CID 8021433.
  10. Byers, Peter H. (2019). Vascular Ehlers-Danlos Syndrome (անգլերեն). University of Washington, Seattle. PMID 20301667.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգանդի պատռվածք» հոդվածին։