Jump to content

Արաբերենի ձայնանիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևով նշված են արաբական այբուբենի տառերը, իսկ մոխրագույնով`հարաքաները

Ձայնավորումները (արաբ․՝ حركات‎‎ «շարժում», եզ.թ. حركةհարաքա), տողի վերևում կամ ներքևում դրվող նշանների համակարգ են, որոնք արաբերենում օգտագործվում են կարճ ձայնավոր հնչյունները և արտաբերվող բառի այլ առանձնահատկությունները նշելու համար։ Տեքստում այս ձայնավորների տեղադրումը արաբերեն նաև անվանում են թաշքիլ (արաբ․՝ تشكيل‎‎)[1]։ Քանի որ արաբական այբուբենի տառերով նշվում են միայն բաղաձայներն և երկար ձայնավորները, հետևաբար չձայնավորված տեքստը անհնար է «բարձր կարդալ», կարելի է միայն կռահել այնտեղ գրված բառերի ձայնավորումները։ Իսկ ձայնավորված տեքստը բնականաբար իր մեջ է պարունակում բառը ճիշտ արտաբերելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ղուրան X դարի Նասրի և Յահյիի թաշքիլով (կարմիր կետեր)

Սկզբնական շրջանում արաբական գրի մեջ տառերի ներքևի և վերևի մասերում ոչ մի նշաններ չէին դրվում, իսկ արաբական այբուբենը բաղկացած էր ընդամենը 15 տառից, որոնք իրենց մեջ արդեն պարունակում էին մի քանի հնչյուններ։ Ըստ ավանդույթի առաջին թաշքիլը հայտնագործվել է քուֆացի Աբու ալ-Ասուադ ադ-Դուալիի կողմից՝ ուղղափառ խալիֆ Ալիի հրամանով, ով Ղուրանի նմուշը տեսնելուց նկատել էր մի շարք լեզվական վրիպակներ, որոնք անհրաժեշտ էր շտկել։ Այսպես սկսվում է Ղուրանի տեքստերի ձայնավորումը, իսկ ձայնավորումները նշվում էին գունավոր կետերի օգնությամբ։ Այնուամենայնիվ ձայնավորման այս եղանակը այնքան էլ նոր հայտնագործություն չէր և իրականում ադ-Դուալին չէր դրանց հեղինակը։ Ձայնավորման այսպիսի մեթոդ, մասնավորապես, կարելի է տեսնել մի պապիրուսի մեջ, որը ուսումնասիրողները վերագրում են 643 թ.-ին։

Ղուրանը ժամանակակից ձայնավորումներով (սկիզբ XX դարի)

Ձայնավորումների համար նախատեսված առանձին նշանները սկսում են հայտնվել VII դարի երկրորդ կեսին, երբ Իրաքի կառավարիչ Ալ-Խաջաջա իբն Յուսուֆի (661-714) հրամանով ստեղծվում է կարճ ձայնավորների նշման համար նախատեսված նշանների համակարգը, որոնք իրենցից տեքստի մոտ դրվող փոքրիկ կարմիր կետեր էին ներկայացնում։ Այս նոր համակարգի հիմնադիրները եղան ադ-Դուալիի 2 աշակերտները՝ Նասեր իբն Ասիմը (մահ. 707) և Յահյա իբն Յամուրը (մահ. 746)։ Սակայն այս եղանակը ուներ մի շարք թերություններ՝ հիմնականում կապված ձայնավորների նշման համար անհրաժեշտ տարատեսակ գույների օգտագործման հետ։

Ձայնավորումների ժամանակակից տարբերակը ստեղծվել է 786 թ. օմանացի Խալիլ իբն Ահմադ ալ-Ֆարհադիի կողմից, որը հայտնի է նաև նրանով, որ կազմել է արաբերենի առաջին բառարանը։ Նա նաև ստեղծել է համզայի պատկերման համար նախատեսված նշանը։ XI դարի սկզբից սկսած ձայնավորման համար նախատեսված այս նշանների օգտագործումն արդեն դառնում է համընդհանուր բոլոր արաբական տեքստերի համար[2]։

Հաճախ արաբերեն տեքստերում ձայնավորումները չեն դրվում։ Բացառություն են կազմում Ղուրանը, և այն դեպքերը, երբ հարկավոր են տեքստի միտքը ճիշտ հասկանալու համար, հատկապես մանկական և ուսուցողական գրականության մեջ[1]։ Որպեսզի հասկանալի լինի հարաքաների դերը տեքստում, անհրաժեշտ է բերել մի պարզ օրինակ։ Վերցնենք հայերեն որևէ բառ և այնտեղից հանենք բոլոր ձայնավորները՝ տողնելով միայն բաղաձայները, օրինակ՝ հմլսրն բառը։ Այս բաղաձայների խմբից կազմված բառը բնականաբար անհասկանալի կլինի հայերեն լեզվի կրող չհանդիսացող մարդու համար։ Մինչդեռ հայերենին տիրապետող մարդը միանգամից կհասկանա, որ խոսքը համալսարան բառի մասին է։ Այսինքն նա կվերծանի այս բաղաձայների խումբը՝ավելացնելով դրանց համապատասխան ձայնավորները, մինչդեռ լեզվին չտիրապետող մարդը դա անել չի կարող։ Ահա այս նպատակի համար էլ ստեղծվել են հարաքաները։ Նրանց միջոցով արաբերենին չտիրապետող մարդը կարող է հեշտությամբ կարդալ արաբական գիրը, և խնդիր չի ունենա տեքստի վերծանման հետ կապված, քանի որ ամեն մի բաղաձայնի մոտ որոշակի նշաններով նշված կլինի, թե այս կամ այն տեղում բաղաձայնից հետո ինչ ձայնավոր պետք է կարդալ։ Հենց այս նշաններն էլ կոչվում են հարաքաներ։

Բերենք հարաքաների օգտագործման օրինակ Ղուրանից (Ալ Ֆաթիհա 1։1).

بِسْمِ ٱللهِ ٱلرَّحْمٰنِ ٱلرَّحِيمِ

բ-իսմ ի-լլահ իլ-ռահման իլ-ռահիմ
բարեգութ և մեծահոգի աստծո անունով

Հարաքաների նշաններ (կարճ ձայնավորներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաքաները տեքստում տեղադրվում են որոշակի նշանների տեսքով, որոնցով որոշվում է, թե տվյալ բառն ինչպես պետք է ճիշտ կարդալ։ Եթե ձայնավորը պետք է երկար արտասանել, օգտագործվում է նաև համապատասխան երկարացված տառը, որը դրվում է բաղաձայնից հետո (հարֆ մադդ)[3]։

Դամմա, Ֆաթհա, Քասրա
  • Ֆաթհա։ Իրենից ներկայացնում է (ֆաթհա, արաբ․՝ فتحة‎‎ «բացել») տառի վերևում դրված, դեպի աջ թեքված գիծ - մատնանշում է «ա» ձայնավորը, համապատասխան երկարացված տառը՝ا ալիֆ։
  • Քասրա։ Իրենից ներկայացնում է (քասրա, արաբ․՝ كسرة‎‎‎‎ «ջարդել») տառի ներքևում դրված, դեպի աջ թեքված գիծ – մատնանշում է «ի» ձայնավորը, համապատասխան երկարացված տառը՝ﻱ (յա)։
  • Դամմա։ Իրենից ներկայացնում է (դամմա, արաբ․՝ ضمة‎‎ «միացում») տառի վերևում դրված ստորակետ կամ կեռիկ – մատնանշում է «ու» ձայնավորը, համապատասխան երկարացված տառը՝ و (ուաու)։
  • Սուքուն։ Իրենից ներկայացնում է (սուքուն, արաբ․՝ سكون‎‎‎‎ «լռություն») տառի վերևում դրված փոքրիկ շրջանակ – մատնանշում է ձայնավորի բացակայությունը։

Իրենից ներկայացնում է (թանուին, արաբ․՝ تنوين‎‎‎‎‎‎) բառի վերջում դրվող երկու տարրակողմ ստորակետեր, որոնք ցույց են տալիս բառի անորոշ լինելու հանգամանքը։

Սուքուն, շադդա, թանուին քասրա

Իրենից ներկայացնում է (շադդա, արաբ․՝ شدة‎‎‎‎‎‎ «ուժեղացում») տառի վրա դրվող W-աձև նշան, և մատնանշում է տառի կրկնությունը։ Դրվում է երկու դեպքում՝ երբ ցույց է տալիս կրկնավորված բաղաձայնը, և երբ ցույց է տալիս կրկնավորում երկար ձայնավորի և բաղաձայնի համադրության մեջ։ Կրկնավորված բաղաձայնի վրա ֆաթհան և դամման դրվում են շադդայի վերևում, իսկ քասրա ձայնանիշը դրվում է շադդայի կամ տվյալ տառի տակ։

Իրենից ներկայացնում է (մադդա, արաբ․՝ مدة‎‎‎‎‎‎‎‎ ‎‎ «երկարացում») տառի վրա դրված ալիքաձև գիծ – մատնանշում է համզա-ալիֆ կամ համզա-համզա համադրությունը, երբ համզայի քերականական օրենքների համաձայն այն դրվում է ալիֆի վրա։ Արաբական ուղղագրության կանոնները արգելում են երկու ալիֆ գրել իրար կողք, այդ պատճառով էլ երկու ալիֆին փոխարինելու է գալիս մադդա-ալիֆ համադրությունը[4]։

Մադդան պարտադիր օգտագործվում է նաև չձայնավորված տեքստերում, ինչպես նաև համզան, որին այն փոխարինում է։ Դրա համար էլ որոշակի տարաձայնություններ կան, արդյո՞ք այն կարելի է դասել հարաքաների շարքին, թե այն իրենից ներկայացնում է արաբական գրի առանձին նշան։

Իրենից ներկայացնում է (ուասլա, արաբ․՝ وصلة‎‎‎‎ «միավորում») արաբերեն այբուբենի «սադ» տառին նման փոքրիկ նշան (ٱ), որը դրվում է բառի սկզբում՝ ալիֆի վրա։ Ուասլան շատ քիչ բառերի վրա է հանդիպում և հիմնականում գործածվում է ալ- մասնիկի հետ[5]։

Տողատակային ալիֆ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենից ներկայացնում է (արաբ․՝ ألف خنجرية‎‎, ալիֆ խանջարիյա, «թրային ալիֆ») ալիֆ տառի տեսքով նշան – մատնանշում է երկար «ա» ձայնն այն բառերում, որտեղ սովորական ալիֆ տառը չի գրվում ուղղագրական կանոններից ելնելով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ковалев А. А., Шарбатов Г. Ш., Учебник арабского языка, 3 изд., Москва, Восточная литература, 1998
  2. «The Reform of Arabic Writing». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  3. Кузьмин С. А., Учебник арабского языка, Москва, Восточная литература, 2001
  4. «Մադդա». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]