Ավետարանոց
Գյուղ | ||
---|---|---|
Ավետարանոց | ||
ադրբ.՝ Çanaqçı | ||
Տեսարան դեպի Ավետարանոց գյուղ, 29․09․2010թ․ | ||
Երկիր | Արցախի Հանրապետություն | |
Շրջան | Ասկերանի շրջան | |
Համայնք | Ավետարանոց | |
Մակերես | 2433,58 հա կմ² | |
ԲԾՄ | 1119 մետր | |
Խոսվող լեզուներ | Հայերեն | |
Բնակչություն | 1039[1][Ն 1] մարդ (2005 թվական) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի (մինչև 2020 թվականի նոյեմբեր) | |
Ժամային գոտի | UTC 4 | |
| ||
Ավետարանոց (նաև Չանախչի), գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում[3][4][5][6][7][8][9], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի բնակավայր[4], իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Խոջալուի շրջանի բնակավայր։
Բնակավայրի անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի հայկական անունը Ավետարանոց է, որն ավանդաբար կապվում է երկրամասում քրիստոնեության տարածման հետ[10]։ Խորհրդային ժամանակներում հայերը գյուղը նաև անվանել են Չանախչի։ Այդ անունով են բնակավայրը կոչում նաև ադրբեջանցիները։ Գյուղը Ադրբեջանի կողմից պաշտոնապես կոչվում է Չանախչի (ադրբ.՝ Çanaqçı), իսկ Արցախի Հանրապետության կողմից տրված պաշտոնական անվանումը Ավետարանոց է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում։ Շրջկենտրոն Ասկերան քաղաքից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 23 կմ հեռավորության վրա[3][4]։
Համայնքը լեռնային է, ունի 2433,58 հա տարածք, որոնցից 894,91 հա-ը անտառային է։ Ծովի մակարդակից բարձր է մոտ 1200 մ։ Գտնվում է Քիրս լեռան ստորոտում։ Ավետարանոց համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետարանոց գյուղը Արցախի հնագույն բնակավայրերից է, սակայն հուշագրություններում և պատմական հիշատակարաններում առավելապես հայտնի է 17-18-րդ դարերից։ Բնակավայրում եղել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ[10][11][12][13][14][15]։
17-19-րդ դարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]17-րդ դարում Արցախը կիսանկախ պետական միավոր էր Սեֆյան Պարսկաստանի կազմում։ 1603 թվականին Պարսկաստանի շահ Աբբաս I Սեֆիի հրովարտակով Վարանդայի նոր մելիքության հիմնադիր է դառնում Վերին Խաչենի (Ծարի) Դոփյան իշխանատոհմի ճյուղերից մեկի՝ Մելիք-Շահնազարյանների ներկայացուցիչ, Սոթքի Մելիք-Շահնազար Ա-ի եղբայր Միրզա-բեկը։ Վերջինին ժառանգության սկզբունքով հաջորդել են Բաղրխանը, Մելիք-Բաղի Ա-ն, Մելիք-Շահնազար Ա-ն, Մելիք-Բաղի Բ-ն և սրա եղբայր Մելիք-Հուսեյն Ա-ն, որոնք աչքի են ընկել հայրենապաշտպան ու մշակութանպաստ գործունեությամբ։ Նրանց վարած քաղաքականության արդյունքում իրենց ենթակայության ներքո գտնվող տարածքներում ամրապնդվել է հայկական մշակութային, քաղաքական ներկայությունն ու ինքնուրույնությունը։ Իշխանատոհմի ներկայացուցիչները որպես նստավայրեր կառուցել են նաև ապարանքներ (մելիքական ապարանքներ)[10][13][16][17]։
1747 թվականին Պարսկաստանի Նադիր Շահի սպանությունից հետո երկրում և ենթակա տարածքներում առաջացած քաղաքական անկայունության պայմաններում Մելիք-Հուսեյն Ա-ի կրտսեր որդի Շահնազարը, սպանելով Նադիրի կողմից մելիք հաստատված և 1736 թվականին հորը հաջորդած եղբորը՝ Մելիք-Հովսեփին, ապօրինաբար տիրանում է Վարանդայի մելիքական աթոռին։ Լինելով ազգությամբ հայ՝ Շահնազար Բ-ն վարել է թուրքամետ քաղաքականություն։ Երկրամասի հայկական կիսանկախ իշխանության համար աննախադեպ այս սպանությունը և Արցախի մելիքների միասնականության խախտելու հանգամանքը Շահնազարի դեմ պատժիչ արշավանքի է դուրս հանում Գյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի և Դիզակի մելիքներին։ Սակայն Շահնազարը 1750 թվականին պատսպարվում է Ավետարանոց մելիքանիստում և անառիկ բերդավանի վերածում այն։ Այնուհետև դաշնակցում է Արցախի մերձակա դաշտավայրերում հայտնված թափառական ցեղապետ Փանահի հետ, նրան տրամադրում Վարանդայի հնագույն ու անառիկ Քարագլուխ-Շոշի բերդը, որը և վերակառուցվում-լրացվում է 1752-1754 թվականներին[10][11][17][18][19]։ Իր մահից վեց տարի առաջ՝ 1786 թվականին Շահնազարը Ավետարանոցում կառուցել է ապարանք ու նվիրել իր թուրք ապօրինի կնոջից ունեցած որդուն՝ Հուսեյն-բեկին (Սէյին-բեկին)։ Այդ մասին նա թողել է շինարարական արձանագրություն[10]։
1840 թվականից մինչև 1923 թվականը Ավետարանոց բնակավայրը եղել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի կազմում[20]։
1923 թվականին տարածաշրջանը խորհրդայնացվել է և ներառվել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ասկերանի շրջանում։
1991 թվականին Խորհրդային Միության փլուզմամբ և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության հռչակումով Ավետարանոցը դարձել է Արցախի Ասկերանի շրջանի բնակավայր։ Ադրբեջանի Հանրապետությունը չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը և այդ տարածքը համարում է իրենը, այդ թվում՝ Ավետարանոցը (Չանախչին) որպես Ադրբեջանի Խոջալուի շրջանի բնակավայր։
Հայ-ադրբեջանական հակամարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան պատերազմ, 1991-1994
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թվականին հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվացումից հետո՝ 1990 թվականին Ավետարանոցում կազմավորվել է Հ․Ստեփանյանի հրամանատարությամբ գործող կամավորական ջոկատ, որի հիմքի վրա 1991 թվականի վերջին ստեղծվել է վաշտ։ 1992 թվականից Ավետարանոցի ջոկատն առանձին, իսկ վաշտը Ա. Ղարամյանի հրամանատարությամբ Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել են Հասանաբադի, Լեսնոյի, Քարինտակի, Մալիբեկլուի, Շուշիի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ավետարանոցից հրամանատարներ են եղել Հ. Ստեփանյանը, Ա. Ղարամյանը։ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել են Հ. Ստեփանյանը, Ա. Համբարձումյանը, հետմահու՝ Ա. Հայրապետյանը, Մ. Հովսեփյանը, Կ. Գադյանը։ Արցախյան ազատամարտի ընթացքում գյուղից զոհվել է 12 ազատամարտիկ[3]։
Հայ-ադրբեջանական պատերազմ, 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[6][7][8][9][21]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետարանոց գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնցից 53-ը համարակալված և հաշվառված են պետության կողմից[4]։ Կան նաև բազմաթիվ այլ պատմական հուշարձաններ, որոնք ներառված չեն պետության կողմից կազմված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմից հետո, երբ Ավետարանոց գյուղը անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, պատմամշակութային հուշարձանների վիճակի մասին տեղեկություններ չկան։
Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառված է գյուղի մեջ գտնվող և 13-ից 19-րդ դարերով թվագրվող «Չանախչի» ամրոցը, 17-րդ դարով թվագրվող դիտակետը, 1616 թվականին կառուցված «Կուսանաց անապատ» վանքի եկեղեցին, գավիթը, 10-ից 16-րդ և 20-րդ դարերով թվագրվող 11 խաչքարերը, 17-րդ դարով թվագրվող խաչքար տապանաքարը և 1579 թվականով թվագրվող տապանաքարը, 1651 թվականին գյուղի մեջ կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին, 1511, 1616 թվականներով և 17-րդ դարով թվագրվող և «Եղցուն խաչ» անունը կրող երեք խաչքար, 1511 թվականով, 16-րդ, 17-րդ և 19-րդ դարերով թվագրվող տապանաքարեր, գյուղից 5 կմ արևմուտք գտնվող և 16-ից 17-րդ դարերով թվագրվող «Բլեն խութ» գյուղատեղին, գյուղի մեջ գտնվող և 17-րդ դարով թվագրվող գլխատուն, գյուղից 1․7 կմ հարավ գտնվող «Սանա եխցե» անունը կրող եկեղեցին, գյուղից 1.8 կմ հարավ գտնվող ու 16-րդ դարով թվագրվող, գյուղից 2 կմ հարավ գտնվող ու 17-րդ դարով թվագրվող «Փափադերին» անունը կրող խաչքարերը, գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվող ու 10-րդ դարով թվագրվող «Ըրտաշին տափ» խաչքարը, գյուղի մեջ գտնվող գերեզմանոցն ու 13-ից 19-րդ դարերով թվագրվող 6 տապանաքարերը, գյուղից 3.5 կմ հյուսիս-արևմուտք գտնվող ու 13-րդ դարով թվագրվող գերեզմանոցը, գյուղից 4.5 կմ հարավ-արևմուտք գտնվող և մ․թ․ա․ 1-ին հազարամյակով թվագրվող 6 դամբարանաբլուրները, գյուղից 1.7 կմ հարավ գտնվող և 16-րդ դարով թվագրվող տապանաքարը, գյուղի մոտ գտնվող և 1751 թվականով թվագրվող տապանաքարը, գյուղի մեջ գտնվող և 16-ից 17-րդ դարերով թվագրվող 3 տապանաքարերը, գյուղից 3 կմ հյուսիս գտնվող խաչքարը, Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, որը գտնվում է գյուղի մեջ[4]։
Բացի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում ընդգրկվածներից` Ավետարանոցում կային նաև պատմության այլ կարևոր վկայություններ։ Գյուղի տարածքում եղել են 3 մելիքական ապարանք, որոնցից ամենահինը կառուցվել է 17-րդ դարում Կուսանաց անապատ վանքի մոտ և կիսավեր վիճակում պահպանվել է մինչև 20-րդ դարի սկզբները[10][11]։ Երկրորդ ապարանքը կառուցվել է 18-րդ դարում գյուղի արևմտյան կողմում՝ բերդապարսպի լեռնային մասում։ Այն նույնպես չի պահպանվել մինչև մեր օրերը[10][11][22]։ Երրորդ ապարանքը կառուցվել է 1786 թվականին արևելահայաց բլրալանջի ընդարձակ դարավանդահարթակի վրա՝ խորքի պատով հպված լանջին։ Այն Ավետարանոցի միակ մելիքական ապարանքն է, որը կիսավեր վիճակում պահպանվել է մինչև մեր օրեր[10][11]։
Ավետարանոց գյուղի տարածքում հայտնի է 4 պատմական կամուրջ[23] Առաջին կամուրջը կառուցվել է 17-րդ դարում և գտնվել է Կուսանաց անապատ վանքի ստորոտով հոսող վտակի վրա։ Կամրջից պահպանվել են անմշակ քարով և կրաշաղախով կառուցված աջափնյա խելի մնացորդները[23]։ Երկրորդ կամուրջը նույնպես կառուցվել է 17-րդ դարում գյուղի հյուսիսարևելյան կողմում։ Այն անմշակ քարով, կրաշաղախով կառուցված միաթռիչք կամուրջ է, որի երկարությունը 6,21 մ է, անցուղու լայնությունը՝ 2,80 մ[23]։ Երրորդ կամուրջը կառուցվել է 17-18-րդ դարերում գյուղից 200 մ հարավ-արևմուտք` Հղցկոտ գետի վրա, և գետի անունով կոչվել է Հղցկոտի կամուրջ։ Շինանյութը եղել է անմշակ գետաքար և կրաշաղախ, իսկ թաղակիր կամարի անկյունաքարերը՝ սրբատաշ։ Կամրջի թռիչքի երկարությունը 5,50 մ է, անցուղու լայնությունը՝ 4,35 մ, բարձրությունը ջրի մակարդակից` 4,25 մ[23]։ Չորրորդ կամուրջը կառուցվել է 1663 թվականին գյուղի հարավարևելյան եզրին` Ջաղացներ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում և հայտնի է Մահտեսի Արանի կամուրջ։ Կամրջի թռիչքի երկարությունը 6 մ է, անցուղու լայնությունը՝ 3,10 մ, բարձրությունը ջրի մակարդակից՝ 4,35 մ[23]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետարանոց գյուղում գործված հայկական գորգեր, 19-րդ դարի վերջ | |
---|---|
1. Հայկական գորգ «Մեղու», 2. Հայկական գորգ «Թռչնաբուն»։ |
1908 թվականին Ռուսական կայսրությունում անցկացված մարդահամարի տվյալներով Ավետարանոցն ունեցել է 1807 բնակիչ, բոլորը հայեր[20]։
Ավետարանոց համայնքի բնակչության թվաքանակը 2015 թվականի դրությամբ 1121 մարդ էր (245 տնտեսություն)[4]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[24].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 1052 | 1083 | 1116 |
Համայնքային կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետարանոցում գործում էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ։ Առկա էր մշակույթի տուն, բուժկետ, գյուղապետարան։ Գյուղում գործում էր նաև «Ասկերանի մանկական երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի Ավետարանոցի մասնաճյուղը։ Համայնքային ճանապարհները գրունտային և խճապատ էին։ Կոմունիկացիաների տեսակետից գյուղը զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Ավետարանոցն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ[3][4]։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում էր[Ն 2] գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Բնակավայրի տարածքի 1407,71 հա-ը գյուղատնտեսական նշանակության հողեր են[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետարանոց գյուղում գործում էր[Ն 3] Ի․ Աթայանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 165 աշակերտ, և մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 30 երեխա[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կուսանաց անապատ (Ավետարանոց)
- Սուրբ Աստվածածին եկեղեցի
- Ավետարանոցի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ավետարանոց գյուղը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ավետարանոցը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
- ↑ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազի հետևանքով Ավետարանոցը զրկվել է հայ ազգաբնակչությունից։ Գյուղը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահամար։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան, Երևան, 2004 թվական, էջ 83։
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․)։
- ↑ 7,0 7,1 7,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 8,0 8,1 8,2 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված)։
- ↑ 9,0 9,1 9,2 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Արտակ Ղուլյան, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, Երևան, 2001, (էլեկտրոնային տարբերակ(չաշխատող հղում))
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Բարխուտարեանց Մ., «Արցախ», Բագու, 1895։
- ↑ «Տարազ» 1893, N 7, էջ 109։
- ↑ 13,0 13,1 Ս. Ջալալեանց, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1853։
- ↑ Բարխուտարեանց Մ., Պատմութիւն Աղուանից, հատոր Ա, Վաղարշապատ, 1902։
- ↑ Ուլուբաբյան Բ. Ա., Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության, Երևան, 1981։
- ↑ Լեո, Հայոց պատմություն, հտ. 3, գիրք Բ, Երևան, 1973։
- ↑ 17,0 17,1 Ուլուբաբյան Բ. Ա., Արցախի պատմությունը սկզբից մինչև մեր օրերը, Երևան, 1994
- ↑ «Դիվան հայ վիմագրության», պրակ 5, Երևան, 1982։
- ↑ Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9 (Երկու ամիս Աղվանից և Սյունյաց աշխարհներում, Խամսայի մելիքություններ), Երևան, 1987։
- ↑ 20,0 20,1 Список населенных мест по Кавказскому календарю 1910 года․(ռուս.)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ Լալայան Ե., Երկեր, հատոր 2, Արցախ (Վարանդա, Գանձակի գավառ), Երևան, 1988։
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 23,4 Սամվել Կարապետյան, «Արցախի կամուրջները», Երևան, 2009, (էլեկտրոնային տարբերակ Արխիվացված 2021-09-27 Wayback Machine)։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անյա Սարկիսովա, Տիրայր Մուրադյան, Սարո Բաղդասարյան Մարտերն Ավետարանոցում․ բանակի բացակայությունն ու գյուղի անկումը(հայ.) // «Հետք».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավետարանոց» հոդվածին։ |
|
|