Ասույթ, արտասանական և բովանդակային առումներով մեկ միասնություն կազմող արտահայտություն, որն ունի հաղորդակցական, հաղորդակցական-էքսպրեսիվ կամ միայն էքսպրեսիվ արժեք։ Կառուցվածքով կարող է լինել ծավալուն կամ համառոտ, զեղչումներով, ստեղծված լինել նույնական տարրերով, բայց տարբեր համադրություններով, գործադրելի լինել տարբեր իրադրություններում կամ կոնկրետ իրադրության մեջ։
Ասույթը խոսքային միավոր է, կարող է կառուցվածքով համընկնել կամ չհամընկնել նախադասությանը։ Ասույթն առավել եղանակավորված, հնչերանգային և բովանդակային առումներով ամբողջական, արտահայտչականությամբ հագեցած միավոր է։ Նախադասությունը լեզվական միավոր է և ունի առավել ընդգծված կառուցվածքային դրվածք։ Սակայն երբեմն դժվար է լինում սահմանագծել այս երկու կարգի միավորները։ Հայերենագիտական գրականության մեջ երբեմն «ասույթ» տերմինով նշում են նաև որոշ դարձվածքային կամ այլ իմաստալից արտահայտություններ կամ բառակապակցություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 596)։