Jump to content

Ասիական լայնականջ չղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ասիական լայնականջից)
Ասիական լայնականջ չղջիկ
Ասիական լայնականջ չղջիկ
Ասիական լայնականջ չղջիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ցեղ Լայնականջներ (Barbastella)
Տեսակ Ասիական լայնականջ չղջիկ (B. leucomelas)
Միջազգային անվանում
Barbastella leucomelas
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Ասիական լայնականջ չղջիկ (լատին․՝ Barbastella leucomelas), հարթաքթայինների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Հայաստանում հանդիպում է հարավ և հարավարևելյան մարզերում։ Բնակվում է քարանձավներում, խորշերում, տարբեր շինությունների նկուղներում, երբեմն՝ պայտաքիթ և հարթաքիթ չղջիկների ընտանիքների այլ տեսակների հարևանությամբ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը մինչև 47 մմ է, պոչինը՝ մինչև 35 մմ, կենդանի զանգվածը՝ 7-8 գ։ Ականջները լայն են (1517 մմ), արտաքին եզրին արտահայտված մաշկային ելուստը (ցցվածք) բացակայում է։ Միջին ականջաելունդը (կոզելոկ) հիմքում լայնացած է։ Մարմնի վերին մասը ոսկեգույն է կամ հարդագույն, փորինը՝ սպիտակաարծաթագույն։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որսի է դուրս գալիս մթնշաղին։ Սնվում է միջատներով (գերադասում է գիշերաթիթեռներին և մոծակներին), ինչպես նաև ճանճերով, մոծակներով ու բզեզներով։

Սովորաբար, ապրում և ձմեռում են քարանձավներում և անձավներում, հազվադեպ` տարբեր շինությունների նկուղներում և ձեղնահարկերում։ Գերադասում են բնակվել նոսրանտառներում և ջրավազաններին մոտ։

Երբեք մեծ գաղութներ չեն առաջացնում, ավելի հաճախ ապրում են մենակ կամ փոքր խմբերով (2-7 առանձնյակ)։ Ակտիվ են օրվա բոլոր մութ ժամերին։ Էգը մայիսի վերջին կամ հունիսի սկզբին ծնում է մեկ, հազվադեպ` երկու ձագ։ Ձմռանն անցնում են ավելի խոր և համեմատաբար տաք թաքստոցներ[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Կովկասից մինչև Դաղստան, Հիմալայներ և Սիչուան։

Հայաստանն այս սակավաթիվ տեսակի արեալի արևմտյան սահմանն է։ Ընդգրկում է Երևանի շրջակայքը, Կոտայքի մարզը (Գառնի, Գեղարդ, Արզնի, Աբովյան), Վայոց ձորի մարզը (Արփի, Ելփին, Չիվա, Արենի, Հերհեր, Մարտիրոս գյուղեր և այլն), Սյունիքի մարզը (Խնձորեսկ, Նռնաձոր (Նյուվադի) գյուղեր, Մեղրի և Գորիս քաղաքներ), Տավուշի և Լոռու մարզեր[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիչ մտահոգող կարգավիճակով տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Արեալը նկատելիորեն կրճատվում է հյուսիսից դեպի հարավ։ Այս տեսակի հանդիպման սովորական վայրերում ևս թվաքանակը կրճատվել է։

Սպառնացող վտանգներից է բնական հարմար թաքստոցների կրճատումը և քանդումը։

Քարանձավների մի մասը ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում։ «Մագելի» քարանձավը փակվել է այցելուների համար[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական լայնականջ չղջիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական լայնականջ չղջիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։