Ասադո
Ասադո | |
Argentine cuisine? | |
Ծագում | |
Տեսակ | ուտեստ |
Ենթատեսակ | մսային ուտեստ և կերակուր |
Առաջացման երկիր | Արգենտինա |
Հիմնական | Տավարի միս, խոզի միս, գառան միս և L. glama |
Asado Վիքիպահեստում |
Ասադո (իսպ.՝ Asado), տապակած մսից պատրաստված հանրահայտ ուտեստ Արգենտինայում, Բոլիվիայում, Չիլիում, Կոլումբիայում, Էկվադորում, Պարագվայում, Պերուում, Ուրուգվայում և Վենեսուելայում։ Միսը պատրաստելու համար օգտագործվում է տավարի միս, որը տապակվում է գրիլի կամ բաց կրակի վրա[1]։
Ասադոյի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունի մսի պատրաստման երեք եղանակ ՝
- գրիլ (ամենատարածվածն է)
- շամփուրի վրա, որը ամրացված է գետնին, իսկ միսը տապակվում է կրակին ուղղահայաց
- «ասադո կոն կուերո», միսը տապակվում է մաշկով հանդերձ, ինչի շնորհիվ պահպանվում է նրա հյութն ու բույրը
Արգենտինայում, Պարագվայում և Ուրուգվայում ասադոն պատրաստվում է երկու եղանակով` ալ դիսկո` գրիլի միջոցով, որը պատրաստված է օգտագործված հին ցաքանի սկավառակից, և ալ օրնո դե բարրո` ավանդական կավե վառարանում, որը հարմարեցված է տապակած մսի համար[1]։
Նախապատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասադոն սովորաբար պատրաստում են տղամարդիկ՝ ասադորները։ Ուտեստի պատրաստման գրիլ (իսպ.՝ parrilla) կա գրեթե բոլոր լատինամերիկյան ընտանիքներում։ Հաճախ ասադոն պատրաստվում է հենց բակում կամ պատշգամբում։ Ճաշատեսակի բաղադրիչների ցանկը հետևյալն է՝ միս, երշիկ, երիկամներ և այլն։ Բացի այդ, կարելի է ավելացնել նաև հավի, գառան, ուղտայծի (լամա) կամ հորթի միս։ Ճաշատեսակը պատրաստվում է հետևյալ չափաբաժնով՝ յուրաքանչյուր մարդուն՝ կես կիլոգրամ միս։ Ասադոն մատուցվում է հացով, աղցանով, չիմիչուրի սոուսով և կարմիր գինով։
Ասադոյի պատրաստման գործընթացն ունի մի շարք առանձնահատկություններ։ Կրակի համար օգտագործվում է կվեբրախո ծառի փայտը կամ ածուխ։ Այլ վառելիքի տեսակներ չեն օգտագործվում։ Միաժամանակ պետք է երկու կրակ, մեկի ածուխները հետագայում դրվում են գրիլի տակ, որտեղ և վառվում է երկրորդ կրակը։ Ուտեստի պատրաստման համար կրակը պետք է ուժեղ չլինի, քանի որ այդ դեպքում այն արտաքինից կայրվի, իսկ ներսից՝ հում կմնա։ Մեղմ կրակը պարզապես կխաշի այն, իսկ ասադոն պետք է տապակած լինի։ Գրիլը դրվում է վառվող ածուխներից 10 սանտիմետր բարձրության վրա։ Նախևառաջ անհրաժեշտ է գրիլը տաքացնել՝ նախորդ ասադոյից մնացած յուղը մաքրելու համար։
Միսը կտրատվում է ամենավերջում։ Դա անելու համար պետք է նախապատրաստել խոշոր տախտակ, պատառաքաղ և դանակ՝ երկար բռնակներով։ Մսից հեռացվում է ավելորդ ճարպը։ Ասադոն սովորաբար պատրաստվում է տավարի կողերից, բայց նաև կարելի է պատրաստել հավի մսից, սթեյքից, նրբերշիկից և փափկամսից։ Միսը կտրատվում է փոքր կտորներով և տապակվում։ Նրբերշիկեղենը մի քանի րոպե թողնում են սառը ջրում, ապա պատառաքաղով ծակծկում, որպեսզի յուղոտ լինի, այդկերպ դրանք չեն պայթում։
Այնուհետև պետք է տապակել 40 րոպե։ Ավելի շատ ածուխ պետք է դնել մսի տակ, և ավելի քիչ՝ երշիկեղենի։ Անհրաժեշտ է կտորները պտտել, որպեսզի նրանք հավասարապես տապակվեն։ Երբ հյութը սկսում է հայտնվել, միսը պետք է շրջվի։ Աղը լցվում է վերջում, որպեսզի մսի հյութը պահպանվի։
Երիկամներից ասադո պատրաստելու համար հեռացվում է թաղանթը և կտրատվում մանր կտորների։ Ոմանք, նախքան գրիլի վրա դնելը, երիկամները թողնում են մի քանի րոպե աղաջրի մեջ, մյուսներն էլ՝ չորացնում են։ Երիկամի կտորները տապակում են։ Աղիքներից ասադո պատրաստելու համար դրանք լավ լվանում են և, նախքան գրլի վրա դնելը՝ թողնում են աղի լուծույթի մեջ։ Ապա ոլորում են, ծակծկում և տապակում։
Պատրաստի երշիկները տապակվում են վերջին րոպեին։ Մատուցելիս սեղանի վրա պետք է լինի շատ կծու չիմիչուրի սոուսը։ Այն պատրաստվում է նախապես, ասադոյի պատրաստումից մի օր առաջ և պահվում է սառնարանում։
Ասադոյի համար լավագույն աղանդեր կարող է լինել մրգային աղցանը, սերկևիլի մուրաբան և պանիրը։
Չիմիչուրի պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 10 հատիկ սխտոր, 1 ճաշի գդալ չորացրած օրեգանո, 4 դափնու տերև, 2 գդալ պղպեղ, 1 գդալ ծոթրին, 1 գդալ ռեհան, 1 գդալ մանր կտրատած մաղադանոս, 1/2 գդալ քեմոն, 1 գդալ աղ, 1/2 գդալ աղացած պղպեղ, 1/2 բաժակ բուսական յուղ, 1/4 բաժակ քացախ, 1 բաժակ եռացած ջուր։ Սխտորը մանրացնում են և խառնում մնացած բաղադրիչների հետ։ Խառնուրդը լցնում են շշի մեջ և թափահարում՝ մինչև միասեռ խառնուրդ ստանալը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сайт об аргентинском асадо
- Philippine Asado Recipe Արխիվացված 2017-02-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասադո» հոդվածին։ |
|