Աշան
Գյուղ | ||
---|---|---|
Աշան | ||
ադրբ.՝ Heşan | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու | |
Համայնք | Մարտունու շրջան | |
ԲԾՄ | 745 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 588 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC 4 | |
| ||
Աշան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունիի շրջանում՝ շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արևմուտք՝ 700 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 1344 հեկտար։ Գտնվում է հանրապետության հարավարևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 28 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 49 կմ հեռավորության վրա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ Լուսասարի և Եղնիկասարի հարավհայաց լանջին։ Աշանը սահմանակցում է Բերդաշեն, Եմիշճան, Սպիտակաշեն, Կաղարծի, Հացի ու Նորշեն գյուղերին։ Գյուղը գտնվում է Արցախի նախալեռնային հատվածում, որի բնակլիմայական պայմանները հարմատավետ են գյուղատնտեսությամբ զբաղվելու և բարեկեցիկ կյանքով ապրելու համար։ Արցախի հնագույն բնակավայրերից է։ Բնակչությունը հիմնականում տեղաբնիկ է։ Որոշ ընտանիքներ տեղափոխվել են Ջրաբերդից[1]։
Համայնքը լեռնային է, ունի 1891,1 հա տարածք, որից 1341,87 հա գյուղատնտեսական նշանակության, 481,87 հա անտառային հողեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի շրջակայքում եղած հնավայրերը վկայում են, որ այդ բնակավայրը գոյություն ունի Ք. ա. 1-ին հազարամյակից։ Մովսես Կաղանկատվացին գյուղը ներկայացնում է Արաժան, Արաժանք ձևով։ Սարգիս Ջալալյանցը պատմում է, որ Վաչագան Բարեպաշտը 5-րդ դարում Ամարաս տանող ճանապարհին անցել է Արժան գյուղով»[1]։
19-րդ դարի վերջին այստեղ կար 90 տուն։ Այդ նույն ժամանակահատվածում Հայկունին, լինելով Աշանում, գրել է, որ այստեղ նա տեսել է մի հին կարմիր Ավետարան։ Տեղացիները նրան պատմել են, որ այն 200 տարվա գրչագիր է։
1929 թվականին ստեղծվում է Աշանի կոլտնտեսությունը, որի վարչության առաջին նախագահն էր Ռուբեն Քոչարյանը։ Տնտեսությունը զարգացում ապրեց 1970-80-ական թվականներին։ Այդ ժամանակ կոլտնտեսությունը ղեկավարում էր Ժորա Ստեփանյանը, այնուհետև` Էմիլ Բալայանը։
Աշանը, փռված լինելով Խութ սարի լանջին, գտնվում է ակտիվ սողանքների գոտում։ Սողանքների պատճառով բնակիչները 1965-1968 թթ.-ին տեղափոխվել են և գյուղից 3 կմ հեռավորության վրա հիմնել Աշանը։
Ծննդով աշանցի են կուսակցական, պետական գործիչ Լևոն Միրզոյանը, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը։ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Աշանից մասնակցել են 325 տղամարդ և 15 կին։ Նրանցից 8 հոգի դարձել են գնդապետներ, 4 հոգի` փոխգնդապետներ։ 163 աշանցիներ զոհվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին[1]։
Նրանց հիշատակին 1968 թվականին գյուղում կառուցվել է հուշարձան։
Աշանը Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1988 թ.-ին Աշանում կազմավորվել են ինքնապաշտպանական խմբեր, 1989 թ.-ին՝ կամավորական ջոկատ (հիմնադիր-հրամանատար՝ Արմեն Ավագյան)։
1989-1994 թթ.-ին Աշանի ջոկատը կամ նրա առանձին ազատամարտիկներ, համագործակցելով այլ կամավորական ջոկատների հետ, մասնակցել են Աշանի և շրջանի գյուղերի ինքնապաշտպանական, իսկ Մարտունիի պաշտպանական շրջանի ինքնապաշտպանական ստորաբաժանումների կազմում՝ Քաշաթաղի, Մարտակերտի, Աղդամի շրջանների ազատագրական մարտերին։ Աշանից հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատևվել է Արմեն Ավագյանը[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Աշան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 544 մարդ, կա 130 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 629 | 623 | 623 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (XIX դ.) (2001 թվականին այն վերանորոգվել է ամերիկահայ բարերարներ Պոյահյան և Աբգարյան ընտանիքների միջոցներով), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), մատուռ (VII դ.), գյուղատեղի (XVII-XVIII դդ.), հաշվառված է 4 հուշարձան։
Աշանում և շրջակայքում (նաև հին Աշանում) են Մեծ նահատակ (12-րդ դար) եկեղեցին, Պիծի կամ Նալբադանց սուրբ, Ավետարան ուխտատեղիները, Կարմիր Ավետարան մատուռը, Սվեգանց սուրբը, Ոսկե խաչ մատուռը, Աշան բերդը, Ցեց քարը, Ղուզե արտեր, Երե շեն բնակատեղիները խաչքարեր, հին բնակավայրերի ավերակներ[1]։
Համայնքի տարածքում առկա են թվով 12 աղբյուրներ` «Թեղուն տակեն», «Ավագեն», «Տանունց», «Սեթունց», «Քրահանդեն ջուր», «Քշա ջուր», «Հին շենի ջուր», «Բախշուն ջուր», «Պռավանց», «Բլեն քյահրիզ», «Արցախ» և «Կունդունց ջուր»։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1848 թվականին Աշանում բացվում է եկեղեցական-ծխական դպրոց` 30 աշակերտով, ուսուցիչն էր Հովակիմ Շինդիյանցը։ 1908-1909 ուսումնական տարում Աշանում բացվել է երկդասյա երկսեռ դպրոց։ 1917 թվականին դպրոցն ուներ 4 բաժանմունք, 88 աշակերտ, 4 ուսուցիչ։ Դպրոցը պահվում էր բաքվաբնակ աշանցիների և գյուղական հասարակության միջոցներով։ Խորհրդային տարիներին սկզբում դպրոցը յոթնամյա էր, այնուհետև դարձավ ութամյա, իսկ 1947-48 ուսումնական տարում դարձավ միջնակարգ։ Այն հարևան գյուղերի համար հենակետային դպրոցի դեր էր կատարում։ Այդ տարիներին դպրոցի տնօրեններ են եղել Վարդան Բալայանը, Հակոբ Հովսեփյանը, Միքայել Խաչատրյանը, Գուրգեն Բալայանը[1]։
1998 թվականին Աշանում գործող «Անիթա Հովսեփյան» հիմնադրամի միջոցներով և ԱՀ կառավարության աջակցությամբ շահագործման հանձնվեց դպրոցի նորակառույց շենքը։
2005-2006 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 115 աշակերտ, դասավանդում` 14 ուսուցիչ։ 2017-2018 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 76 աշակերտ։ Հետխորհրդային տարիների դպրոցի տնօրենի պաշտոնում աշխատել են Լևոն Հարությունյանը (1988-1992 թվականին), Էմիլ Բալայանը (1992-1995 թվականին), Դավիթ Իշխանյանը (1995-2000 թվականին), Մխիթար Շինդյանը (2000 թվականից առայսօր)[1]։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, կա միջնակարգ դպրոց (Արմեն Ավագյանի անվան), որտեղ սովորում 1iն 102 աշակերտներ, համայնքն ունի 1 մանկապարտեզ «Սոսե» (ՀՕՄ) հայ օգնության միության, որտեղ հաճախում են 26 երեխաներ[4]։
Հայտնի աշանցիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերո Աբրահամյան, բանաստեղծ, արձակագիր։
- Արմեն Ավագյան, ազատամարտիկ, լեյտենանտ։
- Վարդան Բալայան, արձակագիր, դրամատուրգ։
- Լևոն Միրզոյան, քաղաքական գործիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 405–407.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994). հանրագիտարան, Ե., 2004։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 220.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 465)։ |
|