Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ, Անգլիայի հնագույն տարեգրությունները, որոնք ընդգրկում են 495 թվականին Բրիտանիայում սաքսոնների հաստատվելուց մինչև 1154 թվականն ընկած ժամանակահատվածի պատմությունը։ Այն ստեղծվել է 9-րդ դարի վերջում Ալֆրեդ Մեծ թագավորի հրամանով և օրոք՝ Բեդա Պատվելու «Պատմության» հիման վրա։ Նրանում ընդգրկվել են նաև Մերսիա և Ուեսեքս արքայատոհմերի իշխանության տարիներից պահպանված տարեգրությունների պատառիկներն ու բանավոր ավանդույթները։ Անգլո-սաքսոնական ժամանակագրություններից պահպանվել է ինը ձեռագիր օրինակ՝ գրված հին անգլերենով և մասամբ նաև լատիներենով։
Ձեռագիր Ա («Պարկերի ժամանակագրությունը», Կորպուս-Քրիստիի քոլեջ, Քեմբրիջ, ձեռագիր 173)։ Սա մինչև 924 թվականը տեղի ուենցած իրադարձությունների մասին տեղեկությունների հիմնական աղբյուրն է։ Ավելի ուշ շրջանի դեպքերին, մինչև 1070 թվականը, անդրադարձ է կատարված խիստ բացթողումներով։ Ձեռագրի ամենավաղ շրջանի էջերը գրվել են ՎինչեսթերումԱլֆրեդ Մեծի թագավորության օրոք (շուրջ 900 թվական), իսկ մնացած հատվածը գրվել է Քենթերբերիում։ Ձեռագիրն ավարտվում է արքեպիսկոպոս Լանֆրանկի գործերի ժամանակագրությամբ, և համարվում է նորմանդական նվաճումներից հետո անգլիական եկեղեցու վերակազմավորման խնդիրների վերաբերյալ գլխավոր աղբյուրներից մեկը։ Ձեռագիր Ա-ի բնօրինակը գրեթե ամբողջովին ոչնչացել է 1731 թվականին տեղի ունեցած հրդեհի ժամանակ։ Այն հայտնի է նաև «Պարկերի ժամանակագրությունը» անվամբ՝ Քենթերբերիի արքեպիսկոպոս Մեթյու Պարկերի անունից, ում գրադարանում պահպանվում էր ձեռագիրը։
Ձեռագիր Բ («Աբինգդոնյան առաջին ժամանակագրությունը», Բրիտանական թանգարան, Լոնդոն, ձեռագիր Tiberius A vi): Այս ձեռագրի առաջին մասը, որ վերաբերում է մինչև 977 թվականի դեպքերին, գրվել է շուրջ 1000 թվականին, անհայտ հեղինակի կողմից։ Մնացած մասը, որ հասցված է մինչև 1066 թվականը, գրել են 11-րդ դարի կեսերին ապրած մի քանի մատենագիրներ։ Ձեռագրեր Բ-ում Գ-ում մինչև 977 թվականի դեպքերն իրենցից ներկայացնում են կորսված մի ձեռագրի ազատ ընդօրինակումը, կատարված, ամենայն հավանականությամբ, Աբինգդոնում։
Ձեռագիր Գ («Աբինգդոնյան երկրորդ ժամանակագրությունը», Բրիտանական թանգարան, Լոնդոն, ձեռագիր Tiberius B i): Ինչպես Ձեռագիր Բ-ն, սա էլ, մինչև 977 թվականի դեպքերի մասով համարվում է կորսված մի ձեռագրի ընդօրինակություն՝ կատարված Աբինգդոնում։ Այս ձեռագրի երկրորդ մասը ևս գրվել է Աբինգդոնում։ Հատկապես ուշագրավ է Էթելրեդ II-ի կառավարման տարիներին վերաբերող նյութերը, որի առումով այս ձեռագիրը համարվում է հիմնական աղբյուր։
Ձեռագիր Դ («Վուստերյան ժամանակագրություն»; Բրիտանական թանգարան, Լոնդոն, ձեռագիր Tiberius B iv): Ստեղծվել է համեմատաբար ուշ։ Նրա ամենաառաջին մասերը գրվել են 1050 թվականի ոչ վաղ։ Իսկ մնացած հիմնական մասը գրվել է 12-րդ դարի սկզբին։ Այս ձեռագրում առանձնակի ուշադրություն է դարձված Շոտլանդիայի իրավիճակին և այնտեղ տեղի ունեցած դեպքերին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ այն ստեղծվել է Շոտլանդիայի թագավորի արքունիքում, որքան էլ որ նրա համար որպես հիմք և աղբյուր ծառայել են Վուսթերի և Իվշեմի վանքերում ստեղծված տարեգրությունները։ Ձեռագրի վերջին մասերը լրացրած մատենագիրը, հավանաբար, եղել է Էլդրեդ Յորքցու շրջանակից։ Ձեռագիր Դ-ն կարևորվում է ամենից առաջ նրանով, որ պարունակում է տեղեկություններ անգլո-սաքսոնական նախավերջին թագավոր Էդվարդ Խոստովանողի կառավարման տարիներում եղած անգլո-շոտլանդական հարաբերությունների, ինչպես նաև նորմանդական նվաճումների մասին։