Jump to content

Այգեգործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այգիները օգոստոսին

Այգեգործություն, խաղողագործություն[1], 1. գյուղատնտեսական արտադրության ճյուղ, ընդգրկում է խաղողի վազի մշակումը։ Այգեգործությունը գինու, պահածոների արտադրությանը[2] մատակարարում է հումք, բնակչությանը՝ խաղող և չամիչ։ Այգեգործությունը ինտենսիվ, աշխատատար, բայց եկամտաբեր ճյուղ Է։

Այգեգործության նշանակությունը ժողովրդի տնտեսության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգեգործը աշխատանքի ժամանակ 1607

Այգեգործության նշանակությունը ժողովրդի տնտեսության մեջ կարևոր է նաև նրանով, որ խաղողի վազը կարելի է աճեցնել նույնիսկ այնպիսի հողերում, որոնք պիտանի չեն մշակովի շատ բույսերի համար (խիստ քարքարոտ կամ շարժուն ավազից կազմված հողեր և այլն)։ Կան թաղվող կամ չթաղվող, ոռոգվող կամ անջրդի, յուրարմատ կամ պատվաստված այգիներ։

Խաղողի վազի ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղողի վազն ունի շատ հին ծագում, վայրի խաղողն սկսել են մշակել դեռևս էնեոլիթի և բրոնզի դարերում։ Հարավային Կովկասում և Միջին Ասիայում գինեգործությունը հայտնի էր դեռ մ. թ. հազարամյակներ առաջ։ Այգիների համաշխարհային տարածությունը (ըստ խաղողի և գինու միջազգային բյուրոյի տվյալների) կազմում է 10 միլիոն հա (1966 թ.)։

Ինտենսիվ աճեցում, խնձորի ծառեր

Այգեգործական հիմնական երկրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգեգործական հիմնական երկրներն են՝ Իսպանիան[3] (1654 հազար հեկտար), Իտալիան[4] (1644 հազար հեկտար), Ֆրանսիան[5] (1385 հազար հեկտար), ԽՍՀՄ[6] (1057 հազար հեկտար)։ ԽՍՀՄ-ում այգեգործության հնագույն շրջան են՝ Հարավային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը։ Հայաստանում, ունի շատ հին ծագում։ Դեռևս մ. թ. ա. 10-19-րդ դարերում ուրարտացիներն ունեցել են զարգացած այգեգործություն ու գինեգործություն։ Այդ մասին են վկայում ասորեստանյան սեպագիր արձանագրությունները, Կարմիր բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերված մառանների, բազմաթիվ կարասների (որոնց վրա նշված է տարողությունը), գինեգործական պարագաների, ծծմբի առկայությունը։

Այգեգործությունը Հայկական լեռնաշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բլուրում հայտնաբերված խաղողի ածխացած սերմերը վկայում են, որ խաղողի այժմյան որոշ փոփոխակներ (օրինակ՝ Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարատի և այլնք ունեն տեղական ծագում։ Աղթամարի վանքի աշխարհիկ թեմայով բարձրաքանդակներից մեկում պատկերված է այգին բահով փորող հայ շինականը (10-րդ դար)։ Հայկական մանրանկարչությունը, միջնադարյան քաղաքների պեղումներից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդները արժեքավոր տեղեկություններ են տալիս նաև միջնադարում զարգացած այգեգործության վերաբերյալ։

Այգեգործությունը տարածված էր Այրարատում, Վասպուրականում, Աղձնիքում, Փոքր Հայքում, Արցախում, Սյունիքում և Հայաստանի այլ մասերում։ Որոշ վայրերում (Արցախ, Գողթն) 19-20-րդ դարերում խաղողի որթերը բարձրացվում էին մարդու հասակից վեր՝ փայտյա բարակ հենասյուներով հատուկ հարմարանքների վրա։ Այս եղանակը հատուկ էր բազմամյա այգիներին։ Նախախորհրդային Հայաստանում կար 9,2 հազար հեկտար (1913) այգի, որից բերքատու՝ 7,8 հազար հեկտար։ Առաջին համաշխարհային պատերազմի և քաղաքացիական կռիվների տարիներին այգեգործությունը անկում ապրեց, կրճատվեց այգիների տարածությունը (5,1 հազար հեկտար, 1919

Այգեգործություն

Սովետական իշխանության տարիներին այգեգործության զարգացումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովետական իշխանության տարիներին կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների կազմակերպումը, ոռոգման նոր ցանցերի կառուցումը հնարավորություններ ստեղծեցին այգեգործության զարգացման համար։ 1970 թվականին ՀՍՍՀ-ում խաղողի այգիների տարածությունը 37 հազար հա էր։ Նախատեսված է առաջիկայում հասցնել 60 հազար հա-ի։ Մեքենայացվել են այգու նախատնկման և մշակման աշխատանքները (հողի խորդուբորդությունների վերացումը, հիմնաշրջումը, հիմնաշրջած հողի հարդարումը, այգետունկը, քաղհանը և այլն)։

Արտադրության մեջ կիրառվում են ագրոտեխնիկայի առաջավոր մեթոդներ ու միջոցառումներ (հողի պարարտացում հատուկ մեքենաներով, հիմնաշրջման թարմացում, պայքար խաղողի վազի վնասատուների և հիվանդությունների դեմ և այլն)։ Այգեգործությամբ զբաղվում են Արարատյան, Վայքի, Զանգեզուրի և հս-արլ. գյուղատնտեսական գոտիներում։ Արարատյան և Վայքի գոտիների այգիները թաղովի են, հս-արլ. և Զանգեզուրի գոտիներինը՝ չթաղվող։ ՀՍՍՀ այգիները ջրովի են, բացառությամբ հս-արլ. գոտու որոշ այգիների։ Արարատյան գոտու ցածրադիր շրջանները մատակարարում են հումք՝ քաղցր, կիսաքաղցր, սեղանի թունդ գինիների և կոնյակի արտադրությանը (Ոսկեհատ, Գառան դմակ, ճիլար, Կախեթի, Մսխալի, Ռքածիթելի, Մուսկատ, Սափերավի և այլն), իսկ քաղաքների և արդ. կենտրոնների բնակչությանը՝ թարմ խաղող (սև և սպիտակ Արաքսենի, սև և սպիտակ Սաթենի, դեղին և վարդագույն Երհանի, Թավրիզենի, Իծապտուկ, Արարատի, Ամբարի, Շահումյանի և այլն)։

Արարատյան գոտու Աշտարակի շրջանն արտադրում է հումք՝ Ոսկեհատ, ճիլար, Մուսկատ թնդեցրած գինիների, իսկ Աբովյանի և Թալինի շրջանները՝ Ոսկեհատ, Մսխալի, Ռքածիթելի կոնյակի, շամպայն և սեղանի թեթև գինիների արտադրության համար։ Վայքի գոտին մատակարարում է սեղանի, կիսաքաղցր, կարմիր գինիների հումք և սեղանի խաղող։ Այս գոտում գինու հիմնական փոփոխակը Արենին է։ Զանգեզուրի գոտու Մեղրու շրջանն արտադրում է քաղցր և կիսաքաղցր գինիներ (հիմնական փոփոխակը Արևիկն է), իսկ Գորիսի, Սիսիանի, Ղափանի շրջանները՝ սեղանի թեթև գինիների հումք, մասամբ նաև սեղանի խաղող։

Հիմնական փոփոխակը Խնդողնին է, Կախեթի մարզը, Կարմիր կտենին, Իծապտուկը, Թավրիզենին։ Հս-արլ. գոտին հիմնականում արտադրում է սեղանի թեթև և շամպայն գինիների, մասամբ նաև կոնյակի հումք։ Հիմնական փոփոխակը Լալվարին է։

Գիտություն խաղողի վազի կենսաբանական առանձնահատկությունների և նրա մշակման մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

2.Բաժիններն են՝

ՀՍՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում, սկսած 1940-ից, ստեղծվել է հիբրիդային հարուստ ֆոնդ։ Ստացված են սեղանի և գինու խաղողի խոշորապտուղ, գեղեցիկ տեսքով, փոխադրադիմացկուն, տնտ. տարբեր նշանակության 42 փոփոխակներ։ Դրանցից 9-ը արդեն մտել են արտադրության մեջ և մշակվում են Արարատյան դաշտի շրջաններում, մյուսները պետական փորձարկման մեջ են ՀՍՍՀ-ում և ԽՍՀՄ մի քանի այգեգործական շրջաններում։ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի այգեգործության ամբիոնում գինու խաղողի միլդյուդիմացկուն, ցրտադիմացկուն և սեղանի խաղողի խոշորապտուղ փոփոխակների ստեղծման նպատակով 1964 թվականից ծավալվել են սելեկցիոն աշխատանքներ և ստացվել են հեռանկարային ձևեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://library.anau.am/images/stories/grqer/books/Barseghyan - Xaghoghagortsutyn.pdf
  2. «Գինեգործություն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «Այգեգործությունը Իսպանիայում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Այգեգործությունը Իտալիայում
  5. «Այգեգործությունը Ֆրանսիայում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. «Այգեգործությունը ԽՍՀՄ-ում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 340
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեգործություն» հոդվածին։