Ամպերի հետևում (անիմե)
Ամպերից այն կողմ 雲のむこう、約束の場所 | |
---|---|
Ժանր | Ռազմական Դրամա Գիտական ֆանտաստիկա Ռոմանտիկա |
Երկիր | Ճապոնիա |
Թվական | 2004 թվական |
Պրեմիերա | 20 նոյեմբերի, 2004 թվական |
Լեզու | Ճապոներեն |
Ռեժիսոր | Մակոտո Շինկայ |
Պրոդյուսեր | Մակոտո Շինկայ |
Սցենարիստ(ներ) | Մակոտո Շինկայ |
Երաժշտություն | Թեմմոն |
Ընկերություն | CoMix Wave Inc. |
Տևողություն | 91 րոպե |
IMDb | ID 0381348 |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Ամպերներից այն կողմ (ճապ.՝ 雲のむこう、約束の場所 Քումո նո Մուկո, Յաքուսոկու նո Բաշո, Ամպերից այն կողմ, Խոստացված վայրը), լիամետրաժ անիմե ֆիլմ, որի հեղինակն է Մակոտո Շինկայը։ Սա նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է, նկարված գիտական ֆանտաստիկայի ժանրում` սիրային դրամայի էլեմենտներով։ Նկարահանվել է CoMix Wave Inc. ստուդիայի հետ համատեղ։
Ֆիլմի ճապոներեն թողարկումը կայացել է 2004 թվականին։ 2006 թվականին ֆիլմը թողարկվել է DVD- ով XL Media ընկերությունում, «Ամպերներից այն կողմ. Պատանեկության օրերի խոստումը» վերնագրով։ 2005-ին այն ստացել է Լավագույն մուլտիպլիկացիոն աշխատանք մրցանակը Mainichi Film Concours մրցանակաբաշխության ժամանակ։
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` Շինկայը կրկին աշխատանքի մեծ մասն իր ուսերին վերցրեց` հասցնելով օժանդակ անձնակազմի թիվը նվազագույնի։ Այս անգամ նա հանդես եկավ իբրև սցենարիստ, ռեժիսոր և նկարիչ-մուլտիպլիկատոր` զուգահեռ զբաղվելով նաև կազմակերպչական հարցերով։ Այնուամենայնիվ, այս անգամ էլ ծրագրին մասնակից դարձան նաև կողմնակի ուժեր։ Այսպես, հերոսների` իրենց բաղձալի երազանքն ի կատար ածել ցանկացող ճապոնացի դպրոցականների դիզայնը մտածել է հայտնի նկարիչ-նկարազարդող Ուշիո Տաձավեն, իսկ դպրոցականների կողմից պատրաստված ինքնաթիռի տեսքը մշակվել է 3D-մոդելավորող Կաձունորի Տակադան։
Քրտնաջան աշխատանքի արդյունքը յուրօրինակ անիմացիան է, որ դիպչում է մարդկային հոգու ամենաթաքուն լարերին։ Ֆիլմը դեռահասների փոխհարաբերությունների, նրանց սիրո և ընկերության մասին է, որ բարդ քաղաքական պայմաններում աչքի է ընկնում անկեղծությամբ և ինքնատիպ կատարմամբ։ Այս անիմեում Մակոտո Շինկայը զարգացնում է նկարահանման այն ուղղություններն ու ավանդույթները, որ ձևավորել էր իր նախկին կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես, օրինակ, «Հեռավոր աստղի ձայնը» և «Ժպիտ» անիմեներն են։ Սակայն, միևնույն ժամանակ, «Ամպերից այն կողմ»-ը հանդիսատեսի դատին է հանձնում անսովոր և հուզիչ սյուժե` դրանով իսկ հրավիրելով նրան ուշադիր դիտելու և իմաստավորելու այն։
Տեխնիկական առումով ֆիլմը կրկին տարբերվում է տվյալ ժանրի այլ գործերից։ Մանրակրկտորեն նկարված են բոլոր դետալները, նուրբ երանգները, աննկարագրելի գեղեցկության համայնապատկերները, որոնց վրայով հաճախ սահում են ամպերը․ այս ամենը դառնում է չիրականացած երազանքների խորհրդանիշ։ Լույսի ու խավարի խաղը այն աստիճան է ապշեցնում, որ թվում է, թե ինքդ հայտնվել ես կանաչազարդ դաշտերում և վազում ես երկնքում սավառնող հրթիռների ներքո։
Երիտասարդ մուլտիպլիկատորի տաղանդը բարձր է գնահատվում կինեմատոգրաֆիստների շրջանում. ֆիլմը մասնակցում է մի շարք մրցույթների և փառատոնների։ Սակայն ամենակարևոր մրցանակը, անշուշտ, հազարավոր երկրպագուների սերը և ճանաչումն են։ Անգամ պրեմիերայից մեկ տասնամյակ անց ֆիլմը շարունակում է գրավել բարձրորակ անիմացիան նախընտրողներին իր յուրօրինակությամբ և հիանալի կատարողականությամբ։
«Ամպերից այն կողմ»-ը շատ գեղեցիկ և տխուր ֆիլմ է։ Այն ցույց է տալիս աշխարհի փխրունությունը, ստիպում է մտածել հարազատ մարդկանց մասին, հիշել սեփական Երազանքը, որը միգուցե դեռ ուշ չէ ի կատար ածել։ Աշտարակի կործանումը, ինչպես տարիներ շարունակ սրտումդ պահած երազանքի կործանումը, Մակոտո Շինկայի այլաբանությունն է, որ յուրաքանչյուրը կարող է իրեն վերագրել։ Միևնույն ժամանակ դա նուրբ ու զրնգուն աշխարհը փրկելու հույս է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը տեղի են ունենում այլընտրանքային ժամանակակից իրականությունում` 1990-ական թվականների հետպատերազմական Ճապոնիայում։ Երկրում ծանր քաղաքական իրավիճակ է. ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (այն չի փլուզվել) զինված բախումներից հետո Ճապոնիան, ինչպես մի ժամանակ Գերմանիան, բաժանվում է երկու մասի։ Դրանցից մեկը` Հոնշու կղզին, գտնվում էր ԱՄՆ-ի զորքերի, մյուսը` Հոկկայդոն` ԽՍՀՄ-ի իշխանության ներքո։ Ծագող արևի երկրի կիսման սահմանին` Ցուգարու նեղուցի մյուս ծայրին, բարձրացվել է մի խորհրդավոր աշտարակ, որը և դարձել է հասարակ ճապոնացի դպրոցականների հետաքրքրության առարկան։
1996 թվական։ Ֆիլմի դեպքերը զարգանում են Հոնշու կղզու վրա` Աոմորի նահանգում, որ գտնվում է կղզու հյուսիսային հատվածում։ Ճապոնացի դպրոցականներ Հիրոկի Ֆուջիսավան և Տակույա Շիրակավան դասերից հետո աշխատում են ռազմական գործարանում, որն արտադրում էր թևավոր հրթիռներ ԱՄՆ-ի բանակի համար։ Նրանք գումար են հավաքում, որ իրականացնեն իրենց վաղեմի երազանքը` վերականգնեն անտառում գտած ինքնաթիռը, դրանով թռչեն դեպի հեռավոր աշտարակը և բացահայտեն դրա գաղտնիքը։ Հետագայում նրանց է միանում համադասարանցի Սայուրի Սավատարին, ով համոզում է տղաներին իրեն էլ իրենց հետ վերցնել այդ վտանգավոր ճանապարհորդությանը։ Տղաները խոստում են տալիս, որ մի գեղեցիկ օր կվերցնեն նրան իրենց հետ և կհասնեն աշտարակին։ «Բելլա Սյելլա» ինքնաթիռը (օրիգինալ` Valaciela) դառնում է ընդհանուր գաղտնիք, իսկ ուղևորությունը դեպի առեղծվածային աշտարակ` ամենաբաղձալի մանկական երազանք։
Սակայն ընկերների երազանքը չի իրականանում Սայուրիի հիվանդության պատճառով։ Տարիներ շարունակ նա տեսնում է առեղծվածային երազներ, որ աստիճանաբար խաթարում են աղջկա հոգեկան աշխարհը։ Այդ երազները գնալով ավելի են զզվեցնում, և հերոսուհին ստիպված է լինում մեկնել Տոկիո` հոգեբուժարանում բուժվելու։ Այսպես մասնատվում է անբաժան եռյակը։
Անցնում է երեք տարի։ Տակույա Շիրակավան` որպես երիտասարդ և անհավանական տաղանդ ունեցող մասնագետ, աշխատում է գաղտնի լաբորատորիայում։ Հիրոկի Ֆուջիսավան, ով երազում անընդհատ տեսնում է միայնակ և լքված Սայուրիին, պատահաբար տեղեկանում է, որ աղջիկը, որին նա անհույս սիրահարված էր, մինչ այդ պահը հատուկ մասնագիացված կլինիկայում է գտնվել. երեք տարի է, ինչ նա անգիտակից վիճակում է։ Հիրոկին դիմում է Տակույային խնդրանքով, որ օգնի բուժել աղջկան։ Հարկավոր է ընդհատել նրա տարօրինակ երազը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել պատանեկության օրերի երազանքը։ Ընկերները չեն էլ պատկերացնում, որ Սայուրիի վիճակն անմիջականորեն կապված է առեղծվածային աշտարակի հետ։
Երբ Հիրոկիին թվում է, որ նրանք այլևս երբեք չեն հանդիպի և չեն կարողանա կատարել խոստումը, նրան նամակ է գալիս Օկաբեից։ Հիրոկին գտնում է Սայուրիին, ով ընկել է լեթարգիական քնի մեջ․ քնի և իրականության սահմանին։ Այդ ժամանակ գալիս է հին ընկերնեևի վերամիավորման պահը՝ երիտասարդ տարիքի խոստումը կատարելու համար։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրոկի Ֆուջիսավա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիրոկի Ֆուջիսավան երիտասարդ տղա է, գլխավոր հերոսուհու համադասարանցին։ Դեռ դպրոցական տարիքից սիրահարված է Սայուրի Սավատարիին, սակայն համարձակություն չի ունեցել խոստովանելու։ Իր բնույթով անուղղելի ռոմանտիկ լինելով` տղան հաճախ է ամպերում սավառնում` երազելով և մտքում պատկերացնելով ամենաանհավանական իրավիճակները։
Սայուրիի անհետացումը նրա համար իսկական ցնցում էր։ Հենց դրա պատճառով նա և Տակույան կիսատ են թողնում ինքնաթիռի վերականգնումը։ Դպրոցն ավարտելուց հետո Հիրոկին ընդունվում է Տոկիոյի մասնավոր քոլեջներից մեկը։ Անգամ երեք տարի անց աղջկա մասին մտքերը նրան հանգիստ չեն տալիս. նա հաճախ է երազում տեսնում նրան` միայնակ և տխուր։ Ժամանակի ընթացքում կենսուրախ տղան դառնում է ավելի ու ավելի ինքնամփոփ` երիտասարդ հասակից ճաշակելով մենակության դառնությունը։ Բաժանման ընթացքում նա հասցրել էր ջութակ նվագել սովորել և կարողանում էր նվագել այն երաժշտությունը, որ նվագում էր Սայուրին իր ընկերների համար։ Աղջկան գտնելու նրա բազում փորձերն անհաջողությամբ են ավարտվում։
Վերջապես նրան հաջողվում է իմանալ, որ Սայուրին հոգեբուժական կլինիկայում է. նա սլանում է այնտեղ, Տակույայի հետ առևանգում անգիտակից աղջկան և վերջիվերջո հասնում աշտարակին, որտեղ էլ հենց Սայուրին ուշքի է գալիս։ Այդ ժամանակ Հիրոկին հրթիռ է բաց թողնում աշտարակի վրա` այդպիսով ոչնչացնելով այլընտրանքային աշխարհի կողմից ներկայիս աշխարհը կլանելու վտանգը։
Սեյուն Հիդետակա Յոշիոկան է՝ ճանաչված դերասան և սցենարիստ։
Տակույա Շիրակավա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տակույա Շիրակավան Հիրոկիի և Սայուրիի համադասարանցին է։ Մի ժամանակ ընկերոջ հետ տարված էր ինքնաթիռ պատրաստելու և դրանով աշտարակին հասնելու մտքով։ Սակայն շուտով այդ մանկական գաղափարը դադարում է նրա համար արդիական լինել։
Նրան, ինչպես և Հիրոկիին, դուր էր գալիս իր դասընկերուհին, բայց նրա զգացմունքները զուտ ընկերական էին։ Տակույան նպատակասլաց, զուսպ, պատասխանատու և շատ ճկուն երիտասարդ է։ Դպրոցն ավարտելով` նա շարունակում է ուսումը ռազմական քոլեջում։ Լինելով բավականին տաղանդավոր երիտասարդ գիտնական` նա հետաքրքրում է ռազմական հետաքննության ներկայացուցիչներին։ Տակույան աշխատում է կառավարական մասնագիտացված լաբորատորիայում և նվիրում է իրեն ԽՍՀՄ-ի առեղծվածային աշտարակի և նրա հետ կապված զուգահեռ աշխարհների ուսումնասիրությանը։
Ի տարբերություն ընկերոջ` Տակույան այնքան էլ ծանր չէր տարել նախկին դասընկերուհու հետ բաժանումը, և վերջինս մնացել էր Տակույայի համար միայն խոր անցյալի հիշողություն։ Այնուամենայնիվ, երեք տարի անց հենց Սայուրին է դառնում երկու մտերիմ ընկերների միջև լուրջ կռվի առարկան։ Տակույան վստահ է, որ Սայուրին չպետք է արթնանա, քանի որ նրա արթնանալուց աշտարակը կոչնչանա և իր հետ կոչնչացնի ամբողջ աշխարհը։
Սակայն շուտով Տակույան որոշում է օգնել հին ընկերոջն ու իրականացնել պատանեկության օրերի երազանքը` պայմանով, որ աշտարակը կոչնչացվի հրթիռով։ Հենց ինքն է Հիրոկիին տանում Սայուրիի մոտ։ Տակույային դուր է գալիս Մակին, և նա հույս ունի, որ կրկին կհանդիպի իր կոլեգային, երբ ինքն ու Հիրոկին վերջացնեն աշտարակի հետ կապված աշխատանքը։
Սեյուն է Մասատո Հագիվարան։
Սայուրի Սավատարի
[խմբագրել | խմբագրել կոդը]Սայուրի Սավատարին Հիրոկիի և Տակույայի նախկին դասընկերուհին է։ Ռոմանտիկ զգացմունքներ է տածում Հիրոկիի հանդեպ։ Նա շատ հմայիչ, անկեղծ աղջիկ է, որ փոքր հասակից տարօրինակ երազներ է տեսնում։ Այդ երազները անհասկանալի ձևով կապված են առեղծվածային աշտարակի հետ։ Դեպքերի զարգացմանը զուգընթաց պարզ է դառնում, որ աշտարակը նախագծել է հենց նրա պապը։ Ամենայն հավանականությամբ հենց դրանով է բացատրվում նրա տեսիլքների և աշտարակի միջև կապը։ Դպրոցը չավարտած` հանկարծ անհետանում է` ոչ մի բառ չասելով իր ընկերներին։
Տարիքի հետ երիտասարդ աղջկա հիվանդությունը զարգանում է, և նա ընկնում է հոգեբուժական կլինիկա, որտեղ էլ մնում է մի քանի տարի։ Սայուրին զգում է միայնության պատճառած ամբողջ ցավը, և նրան թվում է, թե ամբողջ տիեզերքում մենակ է մնացել։ Ոչ ոք չի կարող օգնել հերոսուհուն` ո´չ ժամանակակից բժշկությունը, ո´չ տեխնիկական նոր սարքերը։ Միմիայն Հիրոկին է, իմանալով մանկության ընկերուհու դժբախտության մասին, փորձում փրկել նրան։ Հիվանդանոցում նա հասցրել էր նամակ գրել Հիրոկիին և Տակույային, ուղարկել դա Օկաբեին, սակայն Օկաբեն կարողացել էր նամակը Հիրոկիին հասցնել միայն երեք տարի անց։ Սայուրին արթնանում է այն ժամանակ, երբ Հիրոկին տանում է նրան իր հետ դեպի աշտարակը` այդպես հենց իրականացնելով խոստումը։
Հնչյունավորել է սեյու Յուկա Նանրին` հայտնի ճապոնացի դերասանուհի և երգչուհին։ Նա մասնակցել է այնպիսի անիմեների հնչյունավորմանը, ինչպիսիք են «Macross Zero», «Sora o Kakeru Shoujo» և ուրիշները։
Մակի Կասահարա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակի Կասահարան գլխուղեղի ուսումնասիրության կենտրոնի աշխատակիցներից է։ Նա է հայտնաբերում մարդու երազների և աշտարակի գործունեության կապը։ Մակին կրթված երիտասարդ աղջիկ է, որ իրեն ամբողջությամբ նվիրել է գիտությանը։ Համակրում է Տակույային։
Սեյուն Րիսա Միձունոն է։
Օկաբե
[խմբագրել | խմբագրել կոդը]Օկաբեն ռազմական ձեռնարկության ղեկավարն է։ Հենց նրա ղեկավարության տակ են Հիրոկին և Տակույան հմտություններ ձեռք բերում թևավոր հրթիռներ պատրաստելու բնագավառում։ Օկաբեն նաև օգնում է ընկերներին ճարել անհրաժեշտ մասերը ինքնաթիռը վերանորոգելու համար` օգնություն ցուցաբերելով թե´ տեխնիկական, թե´ տեղեկատվական առումներով։ Նա ամուսնացած է եղել։
Լինելով բնույթով առաջնորդ` Օկաբեն հետագայում գլխավորում է ճապոնական ազատագրական ստորգետնյա ճակատը։ Ֆիլմի ավարտին մոտ վերջնականապես անցնում է ապստամբային գործունեության` կապված սկսվող պատերազմի հետ։ Հենց նա էլ դառնում է չարաբաստիկ աշտարակը կործանելու նախաձեռնողը։ Նրան հաջողվում է համոզել հին ընկերներին հարձակում գործել աշտարակի վրա` շահագրգռելով դա Սայուրիին փրկելու հնարավորությամբ։
Սեյուն է Ունշո Իշիձուկան։
Երկրորդական կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոֆեսոր Տոմիձավան ռազմական քոլեջի հետազոտական խմբի ղեկավարն է, որ զբաղվում է ԽՍՀՄ-ի աշտարակի, զուգահեռ աշխարհների փոխազդեցության և Օկաբե ամրոցի ուսումնասիրությամբ։ Օկաբեի հին ընկերն է։
Սեյուն Կաձուհիկո Ինոուեն է։
Երաժշտությունտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտական ուղեկցումը «Ամպերներից այն կողմ» ֆիլմի համար գրել է Թեմմոնը, ով նաև Շինկայի ընկերը։ Ավելի վաղ Թեմմոնը աշխատել է Շինկայի հետ նախորդ աշխատանքներում. «Նա և իր կատուն», «Հեռավոր աստղի ձայնը»։
Եզրափակիչ սաունդթրեքն է Քո ձայնը (ճապ.՝ Քիմի նո քոե) երգը։ Բառերի հեղինակը Շինկայն է, կատարում է Այ Կավաշիման։
№ | Ստեղծագործության անվանում |
---|---|
1 | メインテーマ / Հիմնական Մեղեդի |
2 | 日常 / Նիչիջոու (Օրեցօր) |
3 | 駅 / Էկի (Կայարան) |
4 | サユリ / Սայուրի |
5 | 二人の計画 / Ֆուտարի նո Կեյկակու (Երկու մարդու ծրագիրը) |
6 | もう一つの夢 / Մո Հիտոցու նո Յումե (Եվս մի Երազ) |
7 | 希望と憧れ / Կիբոու տո Ակոգարե (Հույս ու Ձգտում) |
8 | 遠い約束 / Տոոյ Յաքուսոկու (Հեռավոր խոստումը) |
9 | サユリの旋律 / Սայուրի նո Սենրիցու (Սայուրիի մեղեդին) |
10 | 兆候 / Չոօքու |
11 | 無垢 / Մուքու (Մաքրություն) |
12 | 夏の終わり / Նացու նո Օվարի (Ամռան ավարտը) |
13 | 探求 / Տանքյու (Փորձություն) |
14 | 世界の見る夢 / Սեքայ նո Միրու Յումե (Աշխարհի Տեսած Երազը) |
15 | 誰もいない場所 / Դառե նո Ինայ Բաշո (Այնտեղ, ուր ոչ֊ոք չկա) |
16 | 孤独 / Կոդոքու (Մենություն) |
17 | 襲撃~眠り姫 / Շուուգեքի ~ Նեմուրի Հիմե (Հարձակում ~ Քնած Արքայադուստրը) |
18 | ひとときの再会 / Հիտոտոկի նո Սայքայ (Միավորման Ժամը) |
19 | 永遠の夏 / Էյեն նո Նացու (Մշտական Ամառը) |
20 | 二人の葛藤 / Ֆուտարի նո Կատտոու (Երկու մարդու տարաձայնությունը) |
21 | サユリの世界 / Սայուրի նո Սեքայ (Սայուրիի աշխարհը) |
22 | タクヤの決意 / Տակույա նո Կեցույ (Տակույայի վճռականությունը) |
23 | ヒロキの旋律 / Հիրոկի նո Սենրիցու (Հիրոկիի մեղեդին) |
24 | 開戦~ヴェラシーラ / Քայսեն ~ Բերա Շիրա (Ճակատամարտի սկիզբը ~ Բելլա Սյելլա) |
25 | 雲のむこう、約束の場所 / Քումո նո Մուկո, Յաքուսոկու նո Բաշո (Ամպերից այն կողմ, Խոստացված վայրը) |
26 | きみのこえ / Քիմի նո Քոե (Քո ձայնը) |
27 | パイロット版「雲のむこう、約束の場所」 / Փայրոտտո֊բան «Քումո նո Մուկո, Յաքուսոկու նո Բաշո» (Օդաչուի տարբերակ․ «Ամպերից այն կողմ, Խոստացված վայրը») |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիրոկիի և Տակույայի վեճի ժամանակ Տակույան օգտագործում է մանրակրկտորեն նկարված խորհրդային ատրճանակ «ՏՏ» -ն։
- Երբ Սայուրին առաջին անգամ այցելում է ռազմական գործարան, որտեղ աշխատում էին Հիրոկին և Տակույան, բակում թափառում է մի սև կատու։ Նա մի քանի անգամ էլ է հայտնվում կադրում։ Սա յուրօրինակ հղում է Մակոտո Շինկայի մյուս գործին` «Նա և իր կատուն»։ Բացի դրանից` կարմիր թելով ամբողջ ֆիլմով անցնում է թեյնիկը:։
- Օդաչուական հոլովակում կան տեսարաններ, որ չեն ընդգրկվել վերջնական տարբերակի մեջ։ Սայուրին գլխավոր հերոսին ազգանունով է դիմում` Ֆուջիսավա-կուն` Հիրոկիի փոխարեն, իսկ Հիրոկիի և Տակույայի կռիվը տեղի է ունենում լքված դպրոցում, այլ ոչ թե պահեստում, ինչպես վերջնական տարբերակի դեպքում։
- Օդաչուական հոլովակում կարելի է տեսնել բջջային հեռախոս, որ Սայուրին իր ձեռքերում է պահում։ Դա կարող է հղում համարվել Շինկայի նախորդ գործին` կարճամետրաժ «Հեռավոր աստղի ձայնը» ֆիլմին:։
- Թռիչքային տեսնյութերում կան տեսարաններ, որոնք չեն ընդգրկվել վերջնական մոնտաժում։ Սայուրին գլխավոր հերոսին ազգանունով է դիմում՝ Ֆուձիսավա կուն, Հիրոկիի փոխարեն, իսկ Հիրոկայի և Տակուեյի կռվի տեսարանը տեղի է ունենում լքված դպրոցում, և ոչ թե օդանավարանում, ինչպես երևում է վերջնական մոնտաժից հետո։
Տարիքային վարկանիշ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ Բրիտանիա- 12
- Ավստրալիա- PG
- Սինգապուր- PG
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պաշտոնական կայք» (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2012, փետրվարի 19-ին. Վերցված է 2010, նոյեմբերի 8-ին.
- ««Ամպերից այն կողմ»» (ռուսերեն). XL Media — արձագանքներ, սյուժե. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010, նոյեմբերի 8-ին.
|
|