Աղուտ-ալկալի հողեր, մշակաբույսերի աճի և զարգացման համար վնասակար քանակությամբ ջրալույծ աղեր պարունակող հողեր։ Ըստ քիմիական կազմի՝ լինում են սոդային, սուլֆատ-սոդային և քլորիդ-սուլֆատային Աղուտ-ալկալի հողեր, որոնք զգալիորեն կարբոնատացված, թույլ հումուսացված, բարձր հիմնայնությամբ, միջին կամ ծանր մեխանզմ կազմով հողեր են։ Հայաստանում դրանք առաջանում են կիսաանապատային և անապատային գոտիներում, որտեղ գոլորշացումը գերազանցում է տեղումների քանակին, և ստորերկրյա ջրերի բնական հոսքը թույլ է։ Տարածված են Արարատյան դաշտում։ Զարգանում են ոռոգելի մարգագետնային գորշ հողերի տարածքում և հիմնականում ունեն հիդրոմորֆ ծագում։ Տարբերում են մարգագետնային և ճահճամարգագետնային ծագումնաբան 2 խումբ։ Մեծ տարածք (75-80%) են զբաղեցնում մարգագետնային Աղուտ-ալկալի հողեր՝ Արմավիրի (Հրազդան-Մեծամոր գետերի միջև), Արարատի (Արազդայանի տափաստան) մարզերում։ Ճահճամարգագետնային Աղուտ-ալկալի հողեր սահմանափակ տարածում ունեն, կղզյակներով զարգանում են Մեծամոր գետի երկայնքով, Հրազդան գետի դելտայի շրջանում Աղուո-ալկալի հողեր Արարատյան դաշտում և Արազդայանի տափաստանի ծայրամասում։ Հայաստանում Աղուտ-ալկալի հողերի բարելավման արդյունավետ միջոցներ են մշակվել Հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնում։ Ոչ հիմնային ռեակցիա ունեցող Աղուտ-ալկալի հողեր բարելավում են հանքայնացված ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցմամբ (2,5-3 մ խորություն) և լվացման միջոցով հողի ակտիվ շերտից աղերի հեռացմամբ։ Սոդային Աղուտ-ալկալի հողեր բարելավում են միայն քիմիական Եղանակով՝ հիմնականում ծծմբական թթվի թափոններից պատրաստած ջրային լուծույթով հավասարաչափ լվանում են հողը։ Արդյունքում ավելանում են ջրի ծծանցումը և լվացազատման ընթացքում աղերի անցումը հողից դեպի ստորերկրյա ջրեր։ Ջրալվացազատման ժամանակ հեշտ լուծվող աղերն ու նոր առաջացած միացությունները հողից հեռացվում են ցամաքուրդային ցանցով, և առաջացած գիպսը նպաստում է հողբարելավմանը։ Հողի հիմնային ռեակցիայի չեզոքացման հետևանքով մեծանում է կալցիումի և մագնեզիումի կարբոնատների լուծելիությունը, որոնց իոնները նույնպես նպաստում են հողբարելավմանը։ Որպես հողբարելավող միջոց կիրառվում են նաև երկաթարջասպի թափոնները։ Աղուտ-ալկալի հողերի հետագա բարելավման համար կարևոր են նաև ցանքաշրջանառության ճիշտ ընտրությունը և ագրոտեխնիկայի արդյունավետ ձևերի կիրառումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։