Ալեքսանդր Ցաունյա
Ալեքսանդր Ցաունյա լատիշ․՝ Aleksandrs Cauņa | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ազգությունը | Լատվիա | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Լատվիա | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 19, 1988[1][2][3] (36 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Դաուգավպիլս, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||
Հասակ | 176 սմ | |||||||||||||||||
Քաշ | 74 կգ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալեքսանդր Ցաունյա (լատիշ․՝ Aleksandrs Cauņa, հունվարի 19, 1988[1][2][3], Դաուգավպիլս, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
14 տարեկան հասակից Ալեքսանդրը մարզումներ է անցկացրել «Սկոնտոյի» ֆուտբոլային ակադեմիայում, իսկ արդեն 18 տարեկան հասակում դառնալով ռիգայական «Օլիմպ» ակումբի ֆուտբոլիստ՝ սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ Կես տարի անց վերադարձել է «Սկոնտո», որի կազմում անցկացրել է մի քանի մրցաշրջան։ 2009 թվականին կնքելով վարձավճարային պայմանագիր՝ շուրջ չորս ամիս հանդես է եկել անգլիական «Ուոթֆորդի» կազմում։ 2011 թվականից եղել է մոսկովյան «ԲԿՄԱ»-ի ֆուտբոլիստ, որի հետ պայմանագրում նշված հինգ տարի ժամկետի լրանալուց հետո չի երկարաձգել պայմանագիրը։ Ներկայում ունի ազատ գործակալի կարգավիճակ։
Ալեքսանդրը հանդես է եկել Լատվիայի պատանեկան հավաքականում 2004 թվականից, իսկ 2007 թվականին դարձել է արդեն ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկը։ Վնասվածքների պատճառով հանդես չի գալիս ազգային հավաքականի կազմում սկսած՝ 2013 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Ցաունյան ծնվել է 1988 թվականի հունվարի 19-ին լատվիական Դաուգավպիլս քաղաքում։ 4 տարեկան հասակում որոշում է բարձրացնել հոր մարզագունդը, որը ընկնում է նրա աջ ոտքին, ինչից հետո էլ Ալեքսանդրը երկար ժամանակ ցավ է զգում աջ ոտքի վրայի վնասված հատվածում։ Այս դեպքից հետո նա, սկսած մանուկ հասակից, գնդակին հարվածում է մեծ մասամբ հենց ձախ ոտքով։ Ոտքը ապաքինվում է, սակայն սովորությունը մնում է, և արդեն իր պրոֆեսիոնալ կարիերայում Ցաունյան չնայած նրան, որ աջլիկ է, համարվում է «ձախլիկ» ֆուտբոլիստ (ձախ ոտքը աջից ավելի զարգացած է)[4]։
Մանուկ հասակում երազում էր խաղալ «Դինաբուրգ» ֆուտբոլային ակումբի կազմում այն պատճառով, որ իր պապը խաղացել էր հենց այդ ակումբում[5]։ Յոթ տարեկանում նրան գրանցում են Դաուգավպիլս քաղաքի մանկապատանեկան սպորտային դպրոց[6]։ Սովորել է № 12 դպրոցում, որը քաղաքի երկու դպրոցներից մեկն էր. դպրոցներում դասավանդումը ընթանում էր լատիշերենով։ Լատվիական դպրոց ուղարկելը նրա ծնողների որոշումն էր, չնայած նրան, որ Ալեքսանդրի ամբողջ ընտանիքը խոսում էր ռուսերեն։ Լատիշերենը նա սկսում է սովորել գերազանց միայն այն ժամանակ, երբ տեղափոխվում է Ռիգա[4]։
14 տարեկանում, երբ տեղափոխվում է Ռիգա, սկսում է մարզվել «Սկոնտո» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում և սովորել Նատալի Դրաուդզինիի գիմնազիայում։ Նոր միջավայրին հարմարվելը այնքան էլ հեշտ չէր ընթանում առաջին հերթին այն պատճառով, որ գիմնազիայում դասավանդումը միայն լատիշերենով էր, և բոլոր աշակերտները խոսում էին լատիշերեն, իսկ դեռևս Դաուգավպիլսում չնայած դասավանդումը նույնպես լատիշերենով էր, սակայն ընդմիջումների ժամանակ բոլորը խոսում էին ռուսերեն։ Համադասարանցիների հետ ընկերանալուն նպաստում է դպրոցական ֆուտբոլային մրցաշարը։ Դասարանի թիմում կար խաղացողների անհրաժեշտություն և Ալեքսանդրի դպրոցական ընկեր Մարիս Արայսը հրավիրում է նրան։ Մրցաշարում Ալեքսանդրի դասարանը հաղթանակ է տանում։ Դասարանը հաղթում է նաև հետագայում կայացած դպրոցի մյուս մրցաշարերում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Օլիմպ», «Սկոնտո», «Ուոտֆորդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնչորս տարեկան հասակում Ցաունյան հաջողությամբ անցնում է ռիգայական «Սկոնտոյի» փորձաշրջանը, ինչից հետո սկսում է մարզվել ակումբի ակադեմիայում։ Թիմի երիտասարդական կազմում ապագա ֆուտբոլիստը հանդես է գալիս մինչև 2005 թվականը։ 18 տարեկանում սկսում է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։ 2006 թվականի հունվարին միանում է «Օլիմպ» ֆուտբոլային ակումբին, որի կազմը կազմված էր մի քանի ռիգայական ակումբների ֆուտբոլիստներից։ Ալեքսանդրի նոր ակումբը հանդես էր գալիս Լիտվայի առաջնության առաջին լիգայում։ Մայիսին ֆուտբոլիստը վերադանռում է «Սկոնտո»։ 2006 թվականին փորձաշրջանական ծրագրով տեղափոխվում է Հռոմի «Լացիո»[7]։ Արդեն հաջորդ մրցաշրջանում Ցաունյան վերադառնալով՝ դառնում է «Սկոնտոյի» հիմնական կազմի ֆուտբոլիստ[8]։ 2007 թվականի մրցաշրջանում նա մասնակցում է առաջնության 28 խաղերից 22-ին և դառնում է չորս գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում կայացած «Յուրմալայի» դեմ խաղում խփված նրա գոլը դառնում է ակումբի համար հաղթական[9]։ 2008 թվականի մրցաշրջանում կրկին մասնակցում է առաջնության 28 խաղերից 22-ին, սակայն այս անգամ հեղինակում է մեկ գոլ ավելի քիչ, քան նախորդ մրցաշրջանում։ Կիսապաշտպանի կայուն խաղը հետաքրքրություններ է առաջացնում անգլիական Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբների մոտ։
2008 թվականի հունվարին «Չելսիի» հրավերքով ուղևորվում է Անգլիա, որտեղ մեկ շաբաթվա չափով մարզվում է ակումբի երկրորդ թիմի հետ[10]։ Անգլիական գրանդին չի գոհացնում Ալեքսանդրի խաղը և ակումբը նրան պայմանագիր չի առաջարկում։ Հուլիսին ֆուտբոլիստով սկսում է հետաքրքրվել անգլիական մեկ այլ ակումբ՝ «Ֆուլհեմը»[11]։ Ֆուտբոլիստը ակումբի մոտ անցնում է մեկ շաբաթյա փորձաշրջան և թիմի գլխավոր մարզիչը տալիս է ֆուտբոլիստի հետ կապված իր հավանությունը, սակայն կողմերը համաձայնության չեն կարողանում հասնել։ Արդյունքում Ալեքսանդրը լքում է Անգլիան։ Կես տարի անց, 2009 թվականի հունվարին Ցաունյան վարձավճարային պայմանագիր է կնքում Անգլիայի ֆուտբոլային լիգայում հանդես եկող «Ուոթֆորդի» հետ[12]։ Այդ ակումբի կազմում կիսապաշտպանը մասնակցում է հինգ խաղի և դառնում է մեկ գոլի հեղինակ։ Պայմանագրի ժամկետի լրանալուն պես Ալեքսանդրը վերադառնում է «Սկոնտո»։ 2010 թվականին ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում արդեն անգլիական «Բլեքփուլում»[13], սակայն լատվիացի ֆուտբոլիստին պայմանագիր չի առաջարկվում։
«Ուոթֆորդից»՝ «Սկոնտո» վերադառնալով, Ցաունյան չի կարողանում անմիջապես օգնել իր ակումբին. նա բաց է թողնում Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում հյուսիսիռլանդական «Պորտադաունի» դեմ կայացած խաղը՝ վնասվածքի պատճառով[14]։ Ապաքինվելուց հետո նա վերադառձնում է իր տեղը թիմի հիմնական կազմում։ 2010 թվականի մրցաշրջանում Ալեքսանդրին է վիճակվում Լատվիայի բարձրագույն առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչումը[15], իսկ նոյեմբերին, որպես «Սկոնտոյի» մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ մրցանակ է ստանում Unibet-ից։ Լավագույն ֆուտբոլիստը ընտրվում էր երկրպագուների առցանց քվեարկության, լրագրողների և առաջնությունում հանդես եկող ակումբների մարզիչների կարծիքների արդյունքում։ Յուրաքանչյուր խումբ պետք է ընտրեր լավագույն երեք ֆուտբոլիստների։ Եվ մարզիչները, և լրագրողները առաջին հորիզոնականում են նշում Ալեքսանդրին[16]։
«ԲԿՄԱ» Մոսկվա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ։ որակավորում որպես՝ հենակետային կիսապաշտպան
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարին Ցաունյան մասնակցում է մոսկովյան «ԲԿՄԱ»-ի մինչմրցաշրջանային հավաքին։ «Բանակայինների» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին հավաքից հետո է բնութագրում Ալեքսանդրին այսպես. «Առաջին հավաքի ժամանակ Ցաունյան թողեց շատ հաճելի տպավորություն. Ալեքսանդրը կրթված, արագ և լավ տեխնիկական կարողություններով օժտված ունիվերսալ գրոհային ֆուտբոլիստ է, ով ընդունակ է խաղալ կիսապաշտպանության աջ, ձախ և կենտորնական դիրքերում»[17]։ Փորձաշրջանի արդյունքներով Ցաունյային առաջարկվում է կես տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր՝ վերջնական գնման էքսկլյուզիվ իրավունքով[18]։
Ալեքսանդրը նշում է իր նորամուտը նոր ակումբի կազմում 2011 թվականի փետրվարի 17-ին, Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած հունական «ՊԱՕԿ»-ի դեմ խաղում։ Այդ հանդիպմանը Ցաունյան մասնակցում է 19 համարի մարզաշապիկով։ Ավելի վաղ այդ համարով մարզաշապիկը պատկանում էր ակումբի նախկին ֆուտբոլիստներից Յուրիս Լայզանսին, ով Ալեքսանդրի հայրենակիցն էր և բացի «ԲԿՄԱ»-ի նախկին ֆուտբոլիստը համարվելուց նաև հանդես էր եկել «Սկոնտոյում» և Լատվիայի ազգային հավաքականի ներկայիս ֆուտբոլիստներից էր[19]։ «ՊԱՕԿ»-ի դեմ փետրվարի 22-ին կայացած պատասխան խաղում Ցաունյան ազդրի ետնային մասում ցավեր է զգում, ինչի հետևանքով փոխարինվում է[20]։ Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակիչը և Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը պահեստային նստարաններին անցկացնելով, Ցաունյան դառնում է «ԲԿՄԱ»-ի կազմում իր առաջին տիտղոսի դափնեկիրը («ԲԿՄԱ»-ն հաղթանակ է տանում գավաթի խաղարկությունում)[8]։
2011 թվականի հունիսի 27-ին Ալեքսանդրը հինգ տարի ժամկետով պաշտոնական պայմանագիր է կնքում «ԲԿՄԱ»-ի հետ[21]։ Ակումբի կազմում ֆուտբոլիստը հեղինակում է իր առաջին գոլը նույն թվականի հոկտեմբերի 18-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած թուրքական «Տրաբզոնսպորի» դեմ խաղում։ Դեկտեմբերի 11-ին կիսապաշտպանը ճանաչվում է Լատվիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[22]։ 2012 թվականի հունվարին իսպանական Կամպոամորե քաղաքում կայացած մարզական հավաքի ժամանակ Ցաունյան վնասվածք է ստանում. ոտնաթաթի ներբանի հինգերորդ ոսկորի կոտրվածք[23]։ Անհրաժեշտություն է առաջանում վիրահատություն անելու։ Ապաքինումը տևում է շուրջ երկու ամիս։ 2011-12 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցում է 18 հանդիպման և դառնում է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
2012 թվականի ամռանը «ԲԿՄԱ»-ն գնում է Ռասմուս Էլմին և Ցաունյան կանգնում է թիմի հիմնական կազմում ունեցած իր տեղը կորցնելու խնդրի առաջ։ Շնորհիվ այն բանի, որ Լեոնիդ Սլուցկին վերաորակավորում է ֆուտբոլիստին հարձակվողական ոճի կիսապաշտպանից՝ հենակետայինի[24], Ալեքսանդրը կրկին դառնում է հիմնական կազմի ֆուտբոլիստ և առաջնությունում մասնակցում է 18 հանդիպման, ընդ որում 16 խաղերում խաղադաշտ է դուրս գալիս առաջին րոպեներից սկսած։ Այդ մրցաշրջանում նա «Անժիի» դեմ խաղում ստացած երկու դեղին քարտերի հետևանքով որակազրկվում է և բաց է թողնում մեկ հանդիպում։ Մրցաշրջանային արդյունքներով Ցաունյան դառնում է չորս գոլի հեղինակ և կատարում է մի քանի գոլային փոխանցումներ[25]։ 2012 թվականի դեկտեմբերին կիսապաշտպանը երկրորդ անգամն անընդմեջ ճանաչվում է Լատվիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ[26]։ Հաջորդ՝ 2012-13 թվականների մրցաշրջանում «ԲԿՄԱ»-ն դառնում է առաջնության չեմպիոն և հաղթանակ է տանում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում։ Այս անգամ Ալեքսանդրը արդեն որպես թիմի հիմնական կազմում վերջնականապես հաստատված ֆուտբոլիստ մասնակցում է Ռուսաստանի գավաթի համարյա բոլոր խաղերին (1/16-րդ եզրափակչից սկսած բաց է թողնում միայն կիսաեզրափակիչը)։ Գավաթի խաղարկության շրջանակներում նա նաև հեղինակում է 1/16 եզրափակչում կայացած «Տոմի» դեմ խաղի հաղթական գնդակը։
«Վնասվածքների» երկու տարին
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մրցաշրջանի միջնամասում Ցաունյան ակումբի հետ միասին մասնակցում է Չինաստանում ընթացող առևտրական շրջագայությանը։ Շրջագայության վերջին խաղում նա կրկին ստանում է ոտնաթաթի ներբանի հինգերորդ ոսկորի վնասվածք[27]։ Ապաքինումը տևում է երկու ամիս։ Սակայն ապաքինումից մեկ ամսի անց, 2013 թվականի սեպտեմբերի վերջին արդեն ստանում է ձախ ոտքի մատի կոտրվածք[28]։ Սկզբում կանխատեսվել էր, որ ապաքինումը կտևի մեկ ամիս, սակայն արդյունքում նա կարողանում է վերադառնալ թիմի մարզումներին միայն հունվարին կայացած հավաքին։ Ընդհանուր առմամբ այդ վնասվածքի պատճառով նա բաց է թողնում շուրջ չորս ամիս։ Հունվարին կայացած այդ հավաքի ժամանակ նա կրկին վնասվածք է ստանում. այս անգամվա ախտորոշումը աջ մեծ սրունքոսկրի մկանի այտուցումն էր[29], ապաքինումը տևում է շուրջ ութ ամիս։ Ամեն ամիս ակումբի բժշկական շտաբը կանխատեսում էր, որ ֆուտբոլիստը շուտով կվերադառնա մարզումներին, սակայն ամեն ամիս այդ ժամկետը երկարաձգվում էր։ Ցաունյան տանում է ոտնաթաթի ներբանի ոսկորների մի քանի վիրահատություններ, որոնցից հետո անհրաժեշտ էր երկարատև վերականգնում։ Վերջնական ապաքինված նա կարողանում է վերադառնալ ակումբի կազմ միայն 2014 թվականի դեկտեմբերին։ Ընդհանուր հաշվարկով նա բաց է թողնում մեկ ու կես տարի[30]։ Չանցկացնելով անգամ մեկ լիակատար մարզական հավաք, 2015 թվականի փետրվարին, Ցաունյան կրկին վնասվածք է ստանում, որը այս անգամ նրա համար «արժենում է» երկու ամիս[31]։ Վերջին վնասվածքների պատճառով Ցաունյան ուղղակի ի վիճակի չէր մասնակցել մարզումներին մինչև վերջ։ Վնասվածքները նրան հանգիստ չեն թողնում, և մարզումներից մեկի ժամանակ նա ստանում է հերթական վնասվածքը, որի պատճառով դուրս է մնում ակումբի կազմից մինչև մրցաշրջանի ավարտը[32]։
Արդյունքում 2013-14 և 2014-15 թվականների մրցաշրջաններում Ցաունյան մասնակցում է ընդամենը 9 խաղի (վնասվածքների միջև մնացած կարճ ժամանակահատվածներում)։ 2013-14 մրցաշրջանում նա մասնակցում է չորս տուրի (6-9). «ԲԿՄԱ»-ն հաղթում է այդ խաղերից երեքում։ Չնայած ստացած վնասվածքների Ցաունյան իր կարիերայում արդեն երկրորդ անգամ դառնում է Ռուսաստանի չեմպիոն։ 2014-15 մրցաշրջանում նա մասնակցում է հինգ հանդիպման՝ բոլորին խաղադաշտ մտնելով փոխարինում կատարելով։ Այս անգամ բախտը նրան անցած մրցաշրջանի չափով չի ժպտում և նա դառնում է առաջնության արծաթե մեդալակիր[8]։ Մի շարք աղբյուրներ, այդ թվում «ԲԿՄԱ»-ի պաշտոնական կայքը[8], Ցաունյայի տիտղոսների շարքը նշելիս շարքում է ներկայացնում նաև 2014 թվականի Ռուսաստանի սուպերգավաթը՝ չնայած նրան, որ այդ հանդիպմանը նա չէր մասնակցել և ոչ էլ հայտավորված էր եղել թիմի կազմում[33]։
Ակումբի կազմ վերադառնալուց հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Վնասվածքի պատճառով ընդհանուր հաշվարկով երկու տարի բաց թողնելուց հետո, Ցաունյան այնուամենայնիվ 2015-16 մրցաշրջանում վերադառնում է և մասնակցում է առաջնության երկրորդ տուրի շրջանակներում կայացած «Կռիլյա Սովետովի» դեմ խաղին[34][35]։ Սեպտեմբերի 23-ին, Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում տեղի ունեցած Իրկուտսկի «Բայկալի» դեմ խաղում՝ Ալեքսանդրը գոլի հեղինակ է դառնում է հավասարեցնում է խաղի հաշիվը, իսկ ավելացված ժամանակում «ԲԿՄԱ»-ն արդեն Կիրիլ Պանչենկոյի հեղինակած գոլի շնորհիվ հաղթանակ է տանում այդ խաղում[36]։ 2017 թվականի հունվարի 11-ին երկկողմանի համաձայնության արդյունքում Ալեքսանդրը չի երկարաձգում թիմի հետ ունեցած իր պայմանագրի ժամկետը։ Ներկայում նա ունի ազատ գործակալի կարգավիճակ[37]։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրը Լատվիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի կազմում նշել է իր նորամուտը 2004 թվականի ապրիլի 19-ին կայացած Բելգիա - Լատվիա խաղում, որը ավարտվում է 1-1 հաշվով։ Պատանեկան հավաքականի կազմում նա մասնակցել է վեց խաղի և դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստը նաև հանդես է եկել Լատվիայի մյուս տարիքային խմբերի հավաքականներում. օրինակ մինչև 19 տարեկանների հավաքականում նա անցկացրել է երեք հանդիպում, իսկ մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում՝ երկու[6]։ Մինչև 19 տարեկանների հավաքականում 2006 թվականին Ալեքսանդրը նաև մասնակցել է Գրանատկինի հիշատակի առաջնությանը[38]։
Ազգային հավաքական Ցաունյան առաջին անգամ հրավիրվում է 2007 թվականին։ Նա նշում է իր նորամուտը նույն թվականի հունիսի 2-ին կայացած Իսպանիայի ազգային հավաքականի դեմ խաղում[39]։ 2010 թվականին Ալեքսանդրը մասնակցում է 2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի չորրորդ տուրի խաղին՝ ընդդեմ Վրաստանի ազգային հավաքականի։ Խաղի ընթացքում Լատվիայի հավաքականը մեկ գոլի տարբերությամբ զիջում էր մրցակցին, սակայն երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում, շնորհիվ տուգանային հրապարակի մատույցներից դուրս Ալեքսանդրի ակրոբատիկ հարվածի՝ հավաքականը փրկվում է պարտությունից[40][41]։ 2011 թվականին հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստարկովը նշում է, որ իր կարծիքով Ցաունյան համարվում է լատվիական ֆուտբոլի գլխավոր ներկայացուցիչներից մեկը[42]։ 2013-2015 թվականների Ալեքսանդրի համար «ողբերգական» շրջանը մեծ ազդեցություն է ունենում հավաքականի իր հետագա ելույթների վրա (2015 թվականից հետո նա այլևս չի հրավիրվել հավաքական)։
Խաղաոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրը համարում է, որ իր հաջողությունները կապված են ոչ միայն իր բնածին տաղանդի, այլ նաև այն բանի հետ, որ նա մանուկ հասակից սկսած գնդակի հետ շատ «ժամանակ է անցկացրել»։ Ցաունյայի խաղը բնութագրվում է շնորհիվ այն բանի, որ նա ունի գնդակի հետ աշխատելու լավ տեխնիկա, վազքի մեծ արագություն, ճիշտ որոշումներ և հեռու տարածություններից ուժեղ հարվածներ կատարելու կարողություններ։ Թերությունների մեջ հարկ է առանձնացնել այն, որ աջ ոտքը ձախից ավելի քիչ է զարգացած և գլխով խաղի որակը թույլ է[4]։
Ցաունյայի գոլերից մեկը, 2012 թվականի օգոստոսի 26-ին «Կռիլյա Սովետովի» դեմ հեղինակված հաղթական գնդակը՝ խփվել է դաշտի երրորդ մասից (հաշվված «ԲԿՄԱ»-ի դարպասից)[43]։ Ալեքսանդրը առաջ մեկ անգամ չէ որ ցույց էր տվել իր լավ հարվածներ կատարելու կարողությունը։ Օրինակ, դեռևս «ԲԿՄԱ»-ի կազմում իր առաջին մրցաշրջաններից մեկի ընթացքում Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած ֆրանսիական «Լիլի» դեմ խաղում նա կատարում է մի քանի հեռահար հարվածներ[44]։ «Կռիլյա Սովետովի» դարպասը հեղինակած գոլից հետո ֆուտբոլային փորձագետները, լրագրողները և մեկնաբանները հաճախակի էին հիշատակում այդ գոլը, որպես Ալեքսանդրի խաղի ուղղվածության նշանակալից գիծ[45]։ Նմանատիպ գոլով Ալեքսանդրը աչքի է ընկել նաև 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Ռուսաստանի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տոմի» դեմ խաղում։ Գոլից հետո խաղը ռուսական եթերում մեկնաբանող ֆուտբոլային մասնագետը բացականչում է. «Այ քեզ թնդանոթ»[46]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլի շնորհիվ վաստակված գումարը Ալեքսանդրը նախընտրում է ծախսել իր ընտանիքի վրա։ Իր սեփական խոսքերով՝ իր շնորհիվ քույրերը մարել են իրենց վարկը, հայրը մեքենա է գնել, ծնողները վերանորոգել են բնակարանը, իսկ հետո մայրը տատիկի հետ տեղափոխվել է ավելի քաղաքակիրթ թաղամաս։ Խաղային մրցաշրջանների ընթացքում ալկոհոլ չի օգտագործում, սակայն «թշնամական» էլ չի մոտենում ալկոհոլին։ Արձակուրդների ժամանակ երբեմն խմում է. նախընտրում է գարեջրի գերմանական տեսակներ, լիտվայականներից՝ «Švyturys»-ը, իսկ լատվիականներից՝ «Lido»-ն։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո ցանկանում է դառնալ մանկական մարզիչ[4]։
2013 թվականի փետրվարին Ալեքսանդրը հարցազրույց է տալիս «Փլեյբոյ-Լատվիա» ամսագրին, որը բուռն քննարկումների առիթ է դառնում սոցկայքերում. նա հարցազրույցում պատմում է, թե ինչպես են ֆուտբոլիստները հանգստանում Մոսկվայում[47]։ Ավելի ուշ Ալեքսանդրը հայտարարում է, որ լրագրողը խեղաթյուրել է իր խոսքերը, որոնցում նա ոչ թե խոսում էր իր խաղընկերների մասին, այլ պատմում էր լրագրողին Լատվիայի և Մոսկվայի կյանքի մակարդակների տարբերությունները[48]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի հունիսի 9[49]-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Սուպերգավաթ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպ | 2006 | 10 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 |
Ընդհանուր | 10 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 12 | 2 | |
Սկոնտո | 2006 | 10 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 11 | 2 |
2007 | 22 | 4 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 26 | 5 | |
2008 | 22 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 1 | |
2009 | 11 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 13 | 4 | |
2010 | 12 | 5 | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 6 | |
Ընդհանուր | 77 | 16 | 5 | 2 | 0 | 0 | 5 | 0 | 87 | 18 | |
Ուոթֆորդ | 2008-2009 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 1 |
Ընդհանուր | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 1 | |
ԲԿՄԱ (Մոսկվա) | 2011-12 | 18 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 1 | 26 | 1 |
2012-13 | 25 | 3 | 4 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 31 | 4 | |
2013-14 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 5 | 0 | |
2014-15 | 5 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 0 | |
2015-16 | 9 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 13 | 1 | |
Ընդհանուր | 61 | 3 | 8 | 2 | 0 | 0 | 14 | 1 | 83 | 6 | |
Ընդհանուրը կարիերայում | 154 | 22 | 15 | 4 | 0 | 0 | 19 | 1 | 188 | 27 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի օգոստոսի 13[49]-ի դրությամբ
Թվական | ԱԱ-ի ընտրական խաղեր | ԱԱ-ի եզրափակիչ խաղեր | ԵԱ-ի ընտրական խաղեր | ԵԱ-ի եզրափակիչ խաղեր | Բալթիայի գավաթ | Ընկերական խաղեր | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |
2007 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2008 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 6 | 0 |
2009 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 8 | 2 |
2010 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1 | 5 | 2 |
2011 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 1 | 8 | 4 |
2012 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 1 | 0 | 7 | 2 |
2013 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 4 | 1 |
2014 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2015 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ընդհանուր | 15 | 4 | 0 | 0 | 12 | 4 | 0 | 0 | 4 | 1 | 10 | 2 | 41 | 11 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային[8]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լատվիայի չեմպիոն (1) – 2010
- Լատվիայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2006, 2008, 2009
- Լատվիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2006
- Ռուսաստանի չեմպիոն (3) – 2012-13, 2013-14, 2015-16
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1) – 2014-15
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2011-12
- Ռուսաստանի գավաթի դափնեկիր (2) – 2010-11, 2012-13
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լատվիայի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ – 2006[50]
- Լատվիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ – 2011, 2012[51]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Интервью журналу «Плейбой-Латвия»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Интервью Александра Цауни порталу «Delfi sport», 2007
- ↑ 6,0 6,1 ДЮСШ Даугавпилса: Александр Цауня
- ↑ «Сконто» отправил игроков в «Лацио».(լատիշերեն)
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Профиль Александра Цауни на сайте ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Сконто» выиграл у «Юрмалы».(լատիշերեն)
- ↑ Полузащитник «Сконто» отправился в «Челси»
- ↑ Цауня пройдёт просмотр в «Фулхэме».(լատիշերեն)
- ↑ Интервью Цауни «Watford observer».
- ↑ Александр Цауня на просмотре в «Блэкпуле»
- ↑ Цауня пропустит матч с «Портадауном»(լատիշերեն)
- ↑ Цауня стал лучшим игроком сентября 2010.(լատիշերեն)
- ↑ Цауня получает приз лучшему игроку сезона.(լատիշերեն)
- ↑ Слуцкий о Цауне, 2011
- ↑ «Цауня перешёл в ЦСКА». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Цауня: номер Лайзанса мне достался случайно». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Меня заменили, потому что почувствовал дискомфорт
- ↑ Цауня — настоящий армеец.
- ↑ Цауня — игрок года в Латвии
- ↑ Цауня будет прооперирован завтра
- ↑ Цауня раскрылся, став опорником.
- ↑ Цауня: «Это мой лучший сезон в карьере».
- ↑ Цауня признан лучшим футболистом Латвии второй год подряд
- ↑ У Цауни диагностирован перелом
- ↑ Цауня может пропустить месяц из-за перелома пальца
- ↑ Цауня пропустит 4 недели
- ↑ Последние полтора года были самыми сложными в карьере
- ↑ Щенников выбыл на три недели из-за травмы бедра
- ↑ Цауня выбыл до конца сезона
- ↑ «ЦСКА — «Ростов», матч за Суперкубок 2014». Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին. Վերցված է 2017-02-19-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 5 (օգնություն) - ↑ «Цауня впервые сыграл за ЦСКА в сезоне 2015/2016». delfi.lv. 26.07.2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Крылья Советов — ЦСКА 0:2». championat.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «ПФК ЦСКА в дополнительное время обыграл «Байкал»». РФПЛ. Արխիվացված է օրիգինալից 2016-09-14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ http://www.sport-express.ru/newspaper/2017-01-12/2_2/
- ↑ Состав латвийской U19 на Мемориале Гранаткина.(լատիշերեն)
- ↑ Краткая биография А.Цауни на memim.com
- ↑ Видео гола Цауни в ворота сборной Грузии
- ↑ Цауня спас Латвию от поражения
- ↑ Цауня — главный талант Латвии
- ↑ «Гол Цауни «Крыльям Советов» в 2012 году». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Текстовая трансляция матча ЦСКА-Лилль, 22 ноября 2011». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Текстовая трансляция матча Томь — ЦСКА, 26 сентября 2012.
- ↑ Видео гола Цауни в ворота Томи
- ↑ Александр Цауня: «Вначале моя зарплата в Москве была всего 5 тысяч евро»
- ↑ Я говорил лишь о том, что разница в уровне жизни в Москве и Латвии очень велика
- ↑ 49,0 49,1 Детальная статистика игрока.
- ↑ [http –//latgalesdati.du.lv/persona/6157 Лучший молодой игрок чемпионата Латвии.]
- ↑ [http –//www.sports.ru/football/145463737.html Цауня признан игроком года в Латвии второй год подряд.]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում
- Էջը «ԲԿՄԱ»-ի պաշտոնական կայքում
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը transfermarkt.co.uk կայքում(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ցաունյա» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հունվարի 19 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- ԲԿՄԱ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Լատիշ ֆուտբոլիստներ
- Լատվիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ