Աթենաս Նիկե աստվածուհու տաճար
Աթենաս Նիկե աստվածուհու տաճար Ναός Αθηνάς Νίκης | |
---|---|
Նիկե աստվածուհու տաճարը 2011 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հեթանոսական տաճար |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Աթենք, Հունաստան |
Դավանանք | Հին հունական դիցաբանություն |
Հիմնական ամսաթվերը | -430 |
Ներկա վիճակ | վերակառուցված |
Մասն է | Աթենյան Ակրոպոլիս |
Ժառանգության կարգավիճակ | ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության օբյեկտ |
Նվիրված | Աթենաս |
Ճարտարապետ | Կալիկրատես |
Ճարտարապետական ոճ | Դասական ճարտարապետական ոճ |
Կառուցման սկիզբ | մ․թ․ա․ 427 թվական |
Կառուցման ավարտ | մ․թ․ա․ 424 թվական |
Հիմնադրված | -430 |
Շինանյութ | պենտելիկոնյան սպիտակ մարմար |
Temple of Athena Nike (Athens) Վիքիպահեստում |
Աթենաս Նիկե աստվածուհու տաճար (հին հունարեն՝ Ναός Αθηνάς Νίκης), հին հունական Աթենաս աստվածուհուն նվիրված հեթանոսական տաճար, որը գտնվում է Աթենքի Ակրոպոլիսում։ Համարվում է Ակրոպոլիսում գտնվող ամենահին տաճարը, որը կառուցված է հոնիական օրդերով։ Որպես Աթենական Ակրոպոլիսի մաս կազմող շինություն՝ Աթենաս Նիկե աստվածուհու տաճարը ներառվել է Հունաստանի Հանրապետությունում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։
Տաճարը նվիրված է հին հունական դիցարանի դպրության աստվածուհի Աթենասին։ Կցագրված «Նիկե»-ն հունարեն բառ է, որը թարգմանաբար նշանակում է «հաղթանակած»։ Այս կերպ հեթանոս հույները փորձել են փառաբանել քաղաքի հովանավոր աստվածուհուն՝ վերջինիս համարելով Պելոպոնեսյան պատերազմում սպարտացիներին նկատմամբ տարած հաղթանակի գրավական։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթենաս աստվածուհու պաշտամունքը Հին Հունաստանում տարածվել է մ․թ․ա․ 6-րդ դարում։ Սկզբնական շրջանում Աթենասի պատվին պոլիսում կառուցվել է փոքրիկ տաճար, որը սակայն ավերվում է հույն-պարսկական պատերազմների հետևանքով։ Հունաստանից պարսիկների դուրս մղումից հետո մնացորդների տեղում կառուցվում է Աթենաս Նիկե աստվածուհու՝ «հաղթանակած Աթենաս»-ի տաճարը։ Շինարարական աշխատանքները սկսվում են մ․թ․ա․ 427 թվականին և ավարտվում երեք տարի անց՝ 424-ին։
Տաճարի ճարտարապետական նախագծի հեղինակը Կալիկրատեսն է, ով համարվում է ժամանակաշրջանի լավագույն արվեստագետներից մեկը։ Այն կառուցված է հոնիական օրդերով՝ դասական շրջանի ճարտարապետական ոճով։ Տաճարի ֆրիզները պատկերազարդ են։ Այստեղ պատկերված են տեսարաններ Հերակլեսի սխրագործություններից, հույն-պարսկական արյունարբու պատերազմներից, ինչպես նաև աթենացիների աշխատավորական գործունեությունից։ Բացի այդ, պատկերված են նաև մի շարք աստվածների դիմաքանդակներ՝ ի դեմս Զևսի, Պոսեյդոնի և քաղաքի հովանավոր Աթենասի[1]։
Աթենաս Նիկե աստվածուհու տաճարը երկար տարիներ եղել է անառիկ։ 1686 թվականին այն ավերվել է Հունաստան ներխուժած վայրագ թուրքերի կողմից, իսկ վերջինիս քարերն օգտագործվել է պաշտպանական նկատառումներով։ Հունաստանի անկախացումից հետո՝ 1834 թվականին, տաճարը վերակառուցվում է։ 1998 թվականին այն ապամոնտաժվում և վերանորոգվում է, իսկ ֆրիզերի մի մասը տեղափոխվում է Ակրոպոլիսի թանգարան, որը բացվում է 2009 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սակուլաս, Թոմաս. «Աթենաս Նիկե աստվածուհու տաճարի ֆրիզներ, ամեն ինչ Հին Հունաստանի արվեստի մասին». www.ancient-greece.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենաս Նիկե աստվածուհու տաճար» հոդվածին։ |
|
|