Ագրոքիմիա
Ագրոքիմիան (ագրոնոմիական քիմիա) գիտություն է մշակաբույսերի մշակության ընթացքում պարարտանյութերի, բույսերի և հողի փոխազդեցության մասին, որի խնդիրն է ուսումնասիրել սննդատարրերի հաշվեկշիռն ու շրջապտույտը երկրագործության մեջ և հայտնաբերել հողի ու բույսի մեջ կատարվող քիմիական պրոցեսների վրա ներգործելու այն միջոցները, որոնք կարող են բարձրացնել բերքի քանակն ու որակը, ինչպես նաև հողի բերրիությունը։
Ագրոքիմիական դպրոցի հիմնադիր ակադեմիկոս Դ. Ն. Պրյանիշնիկովի բնորոշումով.
Պարարտացման դաշտային ու վեգետացիոն փորձերի նկարագրությունը մտնում է ագրոքիմիական հետազոտությունների մեթոդիկայի մեջ։
Գիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրոքիմիական գիտությունն ուսումնասիրում է հողի հիմնական հատկությունները, պարզում սննդատարրերի ընդհանուր և բույսի համար մատչելի պաշարները՝ հաշվի առնում թե յուրաքանչյուր բերքի հետ որքան և ինչ սննդատարրեր են հեռացվում։ Պարզում թե բուսական մնացորդների, տեղական պարարտանյութերի և բնական պրոցեսների միջոցով, որ սննդանյութերի ինչ քանակություններ են մտնում հողը։ Եվ հետևաբար այդ տվյալների հմիան վրա կազմում են սննդանյութերի ելքի և մուտքի հաշվեկշիռը։ Բոլոր դեպքերում այդ հաշվեկշիռը բացասական է՝ պակասավոր։ Ագրոքիմիան պարզում է այդ պակասի չափը և նշում այն պարարտանյութերը, որոնց կիրառոււմով կարելի է բարձրացնել հողի բերրիությունը և գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը։
Ագրոքիմիան բույսերի սննդառությունն ուսումնասիրելով պարարտանյութերի օգնությամբ աշխատում է բարելավել ու ղեկավարել այդ գործընթացը, ուստի, բնական է, որ այն սերտ կապ ունի բույսերի ֆիզիոլոգիայի հետ։
Կ. Ա. Տիմիրյազևը ագրոքիմիան և բույսերի ֆիզիոլոգիան համարել է ագրոքիմիայի գիտական հիմքը։ Նրա կարծիքով, եթե վերջին դարում երկրագործությունը դարձել է գիտակցված, խելացի գործունեության մի բնագավառ, ապա այդ տեղի է ունեցել երկու գիտության՝ ագրոքիմիայի և բույսերի ֆիզիոլոգիայի շնորհիվ։ Ագրքոիմիան սերտ կապված է նաև միկրոբիոլոգիայի հետ։
Ագրոքիմիան, որպես քիմիական գիտություն, ազատորեն օգտվում է նաև քիմիական ուսումնասիրության մեթոդներից, և հիմնվում է քիմիայի օրենքների վրա։ Ագրոքիմիան մշակել ու մշակում է ուսումնասիրության քիմիական մեթոդներ, որոնք հաճախ կիրառվում են այլ բնագավառներում։
Ագրոքիմիական գիտության մեջ ամենացայտուն կերպով դրսևորվում է տեսության և պրակտիկայի միասնությունը, նրանց փոխադարձ սերտ կապը։ Ագրոքիմիան տեսական գիտություն է, քանի որ մշակել և կատարելագործում է գյուղատնտեսական բույսերի սննդառության, հողի բերրիության և պարարտանյութերի արդյունավետ կիրառման տեսությունը ու սեփական մեթոդներ՝ ուսումնասիրության համար։ Այդ առումով ագրոքիմիական հետազոտությունների կենտրոնական օբյեկտը գյուղատնտեսական բույսն է և նրան սնող հողը։
Զարգացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրոքիմիայի զարգացմամբ այժմ ձևավորվում են նրա՝
- ընդհանուր
- մասնավոր կամ բնագավառային բաժինները։
- Ընդհանուր ագրոքիմիա
Ընդհանուր ագրոքիմիան ուսումնասիրում է բնության մեջ կարևորագույն սննդատարրերի շրջանառությունը, մշակում բույսի, հողի կամ արհեստական սննդամիջավայրում տեղի ունեցող քիմիական պրոցեսների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որոնք կարող են բարձրացնել բույսերի բերքատվությունը և որակը։
- Բնագավառային
Բնագավառային կամ մասնավոր ագրոքիմիայի հիմնական խնդիրը գյուղատնտեսական տարբեր բույսերի պարարտացումն է, որը սննդատարրերի շրջանառությունը բարելավող հզոր միջոցներից Է։
Քիմիական արդյունաբերության զարգացմամբ նորանոր պարարտանյութերի, բույսերի պաշտպանության կամ նրանց աճը խթանող, մոլախոտերը ոչնչացնող, հողի որակը բարձրացնող բազմազան նյութերի արտադրությանը զուգընթաց ընդլայնվում են ագրոքիմիական հետազոտությունների խնդիրները։
Զարգացման հիմնական պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրոքիմիայի պատմությունն ըստ էության բույսերի սննդառության և պարարտացման ուսմունքի, հողի բերրիության ու գյուղատնտեսական բույսերի բերքատվության բարձացման պատմությունն է։ Բույսերի սննդառության հարցերով, կապված հողի բերրիության և պարատանյութերի կիրառման հետ, ուսումնասիրվել են և՛ փիլիսոփաների, և՛ երկրագործների կողմից, մ. թ. ա. 1-ին դարում։
Այդ տերմինը առաջին անգամ առաջարկել է անգլիացի քիմիկոս և ֆիզիկոս Հեմֆրի Դևին[1] 1813 թվականին։
Մ. թ. ա. 600 տարի առաջ հույն փիլիսոփա Ֆալեսն այն կարծիքն է հայտնել, որ բույսերը սնվում են միայն ջրով, և որ ջուրն է բուսական բոլոր նյութերի, բերքի ու կյանքի աղբյուրը։ Անգլիացի փիլիսոփա Ֆ. Բեկոնը (1561-1626) կրկնելով այդ միտքը գտնում է, որ ջուրը բույսերի հիմնական սնունդն է, իսկ հողը նրա համար է միայն, որ բույսն իր արմատներով հենվի և ուղղահայաց դիրքով կանգնած մնա։ Բեկոնի այս նույն կարծիքը հաստատեց նաև հոլանդացի գիտնական Վան Հելմոնտը (1620) իր հայտնի փորձով։ Վան Հելմոնտի փորձը մեթոդական տեսակետից ճիշտ էր, բայց եզրակացությունը՝ սխալ։
Անգլիացի Վուդվորդը 1699 թվականին փորձերով ապացուցեց, որ բույսը մաքուր անձրևաջրի մեջ ավելի վատ է աճում, քան պղտոր ջրի մեջ։
Լոմոնոսովի (1711-1765)և Լավուազեյի (1743-1794) հիմնած քիմիական գիտությունը մշակեց լաբորատորիական քիմիական ուսումնասիրությունների մեթոդիկա, որն սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից լայնորեն կիրառվեց բոււյսերի և հողերի անալիզի համար։
Գերմանացի գիտնական Ա. Թայերը (1752-1828) առաջին փորձն արեց բացատրելու հողի բերիության անկման պատճառները, երբ նույն հողի վրա մի քանի տարի մշակվում է նույն միամյա բույսը։ Նա ընդունեց, մշակեց բույսերի սննդառության հումուսային տեսությունը՝ նրան «գիտական» հիմնավորում տալով։
Ագրոքիմիական գիտության և բույսերի սննդառության ուսմունքի զարգացման գործում որոշակի ծառայություն է մատուցել գերմանացի ագրոքիմիկոս Հելոիգելը (1831-1895)։ Նա երկար ժամանակ զբաղվել է պարզելու համար գյուղատնտեսական բույսերի պահանյջը հողի սննդանյութերի հանդեպ՝ օգտվելով ավազային կուլտուրաների և քիմիական անալիզի մեթոդներից։ Նա փորձեց նաև հողի բաղադրության և բերրիության աստիճանի մասին դատել նրա վրա աճած բույսի քիմիական կազմությամբ։
Ռուսաստանի Դաշնությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարի 60-ական թվականները կարելի է համարել Ռուսաստանում ագրոքիմիական գիտության հիմնադրման նախապատրաստական շրջան։ 1725 թվականին Պետերբուրգում հիմնված Գիտությունների ակադեմիան և 1755 թվականինյ հիմնված Մոսկվայի համալսարանը մշակեցին հողերի, բույսերի ու պարարտանյութերի անալիզի առաջին մեթոդները։ Մ. Վ. Լոմոնոսովը առաջին ռուս քիմիկոսն էր, ով ստեղծեց սևահողի առաջացման առաջին գիտական ենթադրությունները։
19-րդ դարի երկրորդ կեսից սկսած Ռուսաստանում զարգացող կապիտալիզմը խթան հանդիսացավ բնական գիտությունների՝ այդ թվում նաև ագրոքիմիական գիտության հիմնադրմանն ու զարգացմանը։
Ս. Ն. Էնգելգարդտը (1832-1893) իր կալվածքում հիմնեց փորձնական կայան ու նրա գործունեությունը ղեկավարեց մինչև կյանքի վերջ։ Հետագայում այդ կայանը դարձավ պետական ձեռնարկություն և ի հիշատակ հիմնադրի, կոչվեց «էնգելդարդտյան փորձնական կայան»։
Ռուս գիտնական Դ. Ի. Մենդելեևը՝ քիմիայի խոշորաքգույն զարգացնողը, մեծ ուշադրություն է դարձրել գյուղատնտեսության մեջ քիմիայի կիրառման հարցերին, հատկապես հանքային պարարտանյութերի արտադրությանը և Ռուսաստանում նրանց կիրառմանը։
Մենդելեևի ջանքերով հիմնվեցին և նրա անմիջական ղեկավարությամբ աշխատեցին չորս փորձնական կայաններ՝ Պետերբուրգի, Մոսկվայի, Սմոլենսկի և Սիբիրսկի նահանգներում։ Նախապես մշակված միասնական պլանով և մեթոդիկայով այդ կայաններում կատարվեցին փորձեր՝ մշակելու ագրոտեխնիկական, բուսաբուծական և պարարտացման հարցերը։
Փորձերից պարզվեց, որ պարարտանյութերի կիրառումը և հողի վարելաշերտի խորացումը բարձրացնում են բերքատվությունը։ Պարզվեց նաև, որ պոդզոլային հողի համար օգտակար է ազոտական և կրային պարարտանյութերի կիրառությունը։
Կ. Ա. Տիմիրյազևը (1843-1920) Մենդելեևի ղեկավարությամբ կատարել է ագրոքիմիական հետազոտություններ և պարարտանյութերի հետ դաշտային փորձեր։ Ըստ Տիմիրյազևի ֆիզիոլոգիան և ագրոքիմիան ժամանակակից երկրագործության գիտական հիմունքների ուսումնասիրող և զարգացնող գիտության ճյուղերն են։ Պարարտանյութը ագրոքիմիկոսի ձեռքում բույսի կենսական պրոցեսների վրա ներգործելու հզոր միջոց է։
Ակադեմիկոս Դ. Ն. Պրյանիշնիկովը (1865-1946) իր ամբողջ գիտական կյանքը նվիրել է ագրոքիմիայի զարգացմանը։ Նա շարունակել և զարգացրել է Էնգելգարդտի սկսած գործը՝ ֆոսֆիդների, իբրև անմիջական պարարտանյութի և սուպերֆոսֆատի արտադրության հումքի օգտագործման վերաբերյալ։
Պրյանիշնիկովի անմիջակյան ջանքերով հիմնադրվեցին և մինչև այժմ գործում են Պարարտանյութերի գիտական ինստիտուտը՝ «НИУ», ագրոհողագիտական համամիութենական ինստիտուտը՝ «ВИУА»։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում ագրոքիմիական կամ պարարտանյութերի կիրառման հարցերով ոչ ոք չի զբաղվել։ Ագրոքիմիան Հայաստանում խորհրդային կարգերի ծնունդ է, որը կապված է պրոֆեսոր Պ. Բ. Քալանթարյանի անվան հետ։
Հայաստանը, նախախորհրդային շրջանում հանքային պարարտանյութերի մասին գաղափար անգամ չուներ, պատմական կարճ ժամանակաշրջանում դարձավ այդ նյութերի ոչ միայն լայն սպասող, այլև արտադրող երկրի։
Հայաստանում գյուղատնտեսական բույսերի բերքատվությունը բարձրացնելու համար գյուղատնտեսկական գիտությունների շարքում անհրաժեշտ համարվեց զարգացնել նաև ագրոքիմիան, որը կոչված էր գիտական հիմունքների վրա դնելու բույսերի սննդառության և պարարտացման գոործը հողակլիմայական տեսակետից այնպիսի խայտաբղետ մի վայրում, ինչպիսին Հայաստանն է։
Հայաստանում ագրոքիմիայի տարածման և զարգացման առաջին և գլխավոր օջախներից մեկը Պետական համալսարանի գյուղատնտեսկական ինստիտուտի ագրոքիմիայի ամբիոնն էր։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագրոքիմիական արտադրությունը՝ պարարտանյութերի արտադրությունը, առանձնանում էր բարձր էներգատարողություն։ Օրինակ, գազի մասնաբաժինը ազոտական պարարտանյութերում հասնում է 75 %-ի[2][3]։
Ռուսաստանը վերահսկում է պարարտանյութի համաշխարահային պաշարի 8,4 %-ը, զիջելով միայկն մինի ին, ով շուկայում վերհսկում է ԱՄՆ (13,1 %) և Չինաստանը (20,6 %)[4]։
2005 թվականին Ռուսաստանում արտադրվել է $1,4 մլրդ ազոտային պարարտանյութ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ * Davy H. Elements Of Agricultural Chemistry In A Course Of Lectures. London: Longman, 1813. Деви Г. Основы земледельческой химии. СПБ. 1832.
- ↑ «Об актуальных проблемах развития сельского хозяйства и роли современных технологий в устойчивом развитии агропромышленного комплекса Российской Федерации». Министерство сельского хозяйства России. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 15 февраля 2007-ին.
- ↑ «Синтез без анализа». "Эксперт РА". Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 15 февраля 2007-ին.
- ↑ «Программа развития химической промышленности Республики Казахстан на 2006-2011 годы». Министерство индустрии и торговли Республики Казахстан. Արխիվացված է օրիգինալից (doc) 2018 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 15 февраля 2007-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Смирнов П. М., Муравин Э. А. Агрохимия. — М.: Колос, 1981. — 319 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Минимум в Белоруссии Արխիվացված 2010-11-30 Wayback Machine
- Агрохимия в Казахстане. Модификации и проведение исследований почв Արխիվացված 2014-04-21 Wayback Machine
- Журнал "Агрохимия" в электронной библиотеке eLIBRARY
- Журнал "Агрохимия" на сайте издательства МАИК Արխիվացված 2007-05-14 Wayback Machine
Ընթերցե՛ք «ագրոքիմիա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 60)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրոքիմիա» հոդվածին։ |
|