Jump to content

«Կենդանիների հիգիենա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Կենդանիների հիգիենա''', '''զոոհիգիենա''' ({{lang-el|ζῷον}} – «կենդանի» և {{lang-el2|ὑγίεια}} – «առողջություն» {{lang-el2|ὑγιεινός}} — «առողջ»), գիտություն կենդանիների առողջության պահպանման մասին։ Ուսումնասիրում է կենդանի օրգանիզմի փոխհարաբերությ...»:
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 14:50, 27 Սեպտեմբերի 2024-ի դրությամբ

Կենդանիների հիգիենա, զոոհիգիենա (հուն․՝ ζῷον – «կենդանի» և ὑγίεια – «առողջություն» ὑγιεινός — «առողջ»), գիտություն կենդանիների առողջության պահպանման մասին։ Ուսումնասիրում է կենդանի օրգանիզմի փոխհարաբերությունը շրջակա միջավայրի հետ, մշակում միջավայրի անբարենպաստ պայմանները վերացնելու եղանակներ և որոշում կենդանիների առողջության ու մթերատվության վրա ազդող՝ պահելու, կերակրելու, խնամելու և օգտագործելու պայմանները։ Կենդանիների հիգիենայի խնդիրներից են նաև սանիտարական բարձրորակ անասնաբուծական մթերքներ ստանալը, շրջակա միջավայրի պահպանումը ֆերմաների ու համալիրների կեղտաջրերով, արտադրական թափոններով աղտոտումից։ Կենդանիների հիգիենան ուղղակի կապ ունի անտթոպոզոոնոզներից և մասնագիտական հիվանդություններից մարդուն զերծ պահելու հետ։ Կենդանիների հիգիենան, որպես հիվանդությունների կանխարգելիչ գիտություն, դասվում է անասնաբուժական գիտությունների շարքը և սերտորեն կապված է կենդանիների ֆիզիոլոգիայի, անասնաբուծության, թունաբանության և այլնի հետ։

Պատմական տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եսիցունեի ձիերի լվացման ջրվեժը Եսինոյի շրջանում, Իձումի գավառում, Կացուսիկա Հոկուսայի նկար (1833 թվական):

Հայտնի է կենդանիների հիգիենայի միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Հին Եգիպտոսում, Հին Չինաստանում, Հին Հնդկաստանում, Հին Հունաստանում, Հին Հռոմում։ Կենդանիների հիգիենայի զարգացման մեջ էական թռիչք է նկատվել Անգլիայում 15-րդ դարի վերջում և 16-րդ դարի սկզբին, ինչը պայմանավորված էր գյուղատնտեսության տնտեսական վերակազմավորումով[1]։

Բաժիններ, խնդիրներ, մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են ընդհանուր և մասնավոր կենդանիների հիգիենա։ Ընդհանուր կենդանիների հիգիենան ուսումնասիրում է օդային միջավայրի և հողի, ջրի ու ջրելու, կերերի և կերակրման, անասնապահության շենքերի միկրոկլիմայի, ինչպես նաև կենդանիների ամառային ու ձմեռային պահվածքի ռեժիմի խնդիրները, սահմանում է անասնաբուծության շենքերի, անասնաբուժության և անասնաբուժասանիտարական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման հանդեպ պահանջները, ֆերմաներն ու անասնապահության համալիրները վարակիչ հիվանդությունների ներբերումից պահպանելու հարցեր։

Մասնավոր կենդանիների հիգիենան լուծում է պահպանման ու կերակրման պայմանների նույն խնդիրները, ըստ կենդանու տեսակի, տարիքի, սեռի և նշանակության՝ հաշվի առնելով երկրի կլիմայական զոնաները։ Կենդանիների հիգիենային առաջադրված խնդիրները լուծելու համար օգտագործում են հետազոտման վիճակագրական, կլինիկաֆիզիոլոգիական մեթոդներ։ Հայաստանում մշակվել են կենդանիների հիգիենայի հիմնական ուղղությունները. ուսումնասիրվել են կենդանիների օրգանիզմի վրա կլիմայի և միկրոկլիմայի ազդեցությունը, սահմանվել են շենքերի միկրոկլիմայի նպատակահարմար նորմեր, կատարվել օդափոխության ծավալի և անասնապահության շենքերի մակերեսի ու ծավալի, տարածքի նորմի հաշվարկներ, կատարվել են կերերի որակի որոշման, նրանց թունաբանության գնահատականի և այլնի վերաբերյալ աշխատանքներ։ Գիտահետազոտական աշխատանքներ են տարվել անասնաբուժական, գյուղատնտեսական գիտահետազոտություններում, անասնաբուժական, անասնաբուժանասնաբուծական և գյուղատնտեսական առանձին ինստիտուտներում (մասնավորապես՝ ՀԱԱՀ-ում)։ Կենդանիների հիգիենանյի վերաբերող լայն հետազոտություններ են կատարվում արևելաեվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Յուրաքանչյուր 3–4 տարին մեկ անցկացվում է կենդանիների հիգիենայի միջազգային վեհաժողով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։