Մակար Եկմալյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եկմալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մակար Եկմալյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 21 (փետրվարի 2), 1856[1][2] Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 6 (19), 1905[1][2] (49 տարեկան) Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Գերեզման | Խոջիվանք |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտության ուսուցիչ և երաժշտագետ |
Աշխատավայր | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] և Ներսիսյան դպրոց[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1888)[1] |
Մակար Գրիգորի Եկմալյան (հունվարի 21 (փետրվարի 2), 1856[1][2], Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[3][1][2] - մարտի 6 (19), 1905[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[3][1][2]), հայ կոմպոզիտոր, խմբավար և մանկավարժ։ Մակար Եկմալյանն իր ստեղծագործությամբ ու մանկավարժական գործունեությամբ մեծապես նպաստել է ազգային երաժշտական դպրոցի ձևավորմանը. մշակել է հայկական մոնոդիաների (միաձայն երգեցողություն) բազմաձայնման սկզբունքները, հիմնադրել օրատորիա-կանտատի և ռոմանսի ժանրերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վաղարշապատում, Ալաշկերտի շրջանի Եկմալ գյուղից գաղթած ընտանիքում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա Էջմիածնի Ժառանգավորաց վարժարանում, աշակերտելով Նիկողայոս Թաշճյանին։ 1872 թվականին ավարտել է Ժառանգավորաց վարժարանը։ 1874 թվականին նշանակվել է Գևորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ, 1878 թվականին ուղարկվել է Պետերբուրգ, տեղի կոնսերվատորիայում կատարելագործելու մասնագիտությունը։ Պետերբուրգի կոնսերվատորիայում աշակերտել է պրոֆեսորներ Լյադովին, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովին և Սակետտիին։ 1888 թվականին ավարտել է ուսման ընթացքը ազատ արվեստագետի դիպլոմով, մի քանի տարի ղեկավարել է Պետերբուրգի հայկական եկեղեցու երգչախումբը, միաժամանակ զբաղվել հայկական պատարագի մշակմամբ, ավարտել 1892 թվականին։ 1891 թվականին նշանակվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար։ Այդ երգչախումբն է, որ առաջին անգամ կատարել է հատվածներ նրա մշակած պատարագից, հռչակել անունը։
Մակար Եկմալյանը 1872 թվականին ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց վարժարանը։ Նշանավոր երաժշտագետ և կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ 2 տարի վարժվել է հայկական նոտագրությանը, մասնակցել հոգևոր երգերի ձայնագրությանն ու ժողովածուների հրատարակմանը, որոնք ունեն գիտական ու գեղարվեստական մեծ արժեք։ 1874 թվականից Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է երգեցողություն և հայ եկեղեցական երաժշտության տեսություն։ 1877-1891 թվականներին ապրել է Սանկտ Պետերբուրգում, 1888 թվականին ավարտել է տեղի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, միաժամանակ վարել Սբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը։ 1891 թվականից բնակվել է Թիֆլիսում և նույն թվականից[4] մինչև 1902 թվականը դասավանդել Ներսիսյան դպրոցում, որտեղ ստեղծել է տղամարդկանց երգչախումբ։ 1893-1894 թվականներին Եկմալյանը դասավանդել է Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ուսումնարանում, եղել ռեկտորը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին լույս է ընծայել «Երգեցողութիւն Սրբոյ Պատարագի» պարտիտուրան։ Ներսիսյան դպրոցում և հետագայում նրան աշակերտել են երգիչներ Տիգրան Նալբանդյանը[5], Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Մուշեղ Աղայանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Անտոն Մայիլյանը, Ազատ Մանուկյանը և ուրիշներ։ Խոշոր դեր է կատարել ժողովրդական երգերի կատարման և մշակման գործում։ Մշակել է մի քանի տասնյակ ազգային և ժողովրդական երգեր. «Ազնիվ ընկեր, մեռնում եմ», «Տե՛ր, կեցցո դու զհայս», «Ո՛չ փող զարկինք, ո՛չ արձագանք», «Կապույտ երկնքում աստղեր են փայլում» և այլն, որոնք լայն տարածում են գտել։ Նրա վոկալ և գործիքային ստեղծագործություններից մի քանիսը, այդ թվում «Ռոզայի թափառումները» կանտատը, որը գրել է Պետերբուրգի կոնսերվատորիայի ավարտման առթիվ, մնացել են ձեռագիր և կորել են[6]։
Դեռևս ուսանողական տարիներին կատարել է ժողովրդական և հոգևոր մեղեդիների խմբերգային մշակումներ։ Նրա ստեղծագործության մեջ առանձնանում է ընդարձակ քնարավիպական «Պատարագը», որը գրված է երգչախմբի համար՝ առանց նվագակցության։ Հետագայում այն բարձր են գնահատել կոմպոզիտորներ Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն-Սանսը և ուրիշներ։ Եկմալյանը մշակել է բազմաթիվ ժողովրդական և աշուղական երգեր (երգչախմբի կամ մեներգի համար՝ դաշնամուրի նվագակցությամբ), որոնցից հանրահայտ են «Անձրևն եկավ», «Լուսնակ գիշեր», «Ջան գյուլում», «Հով արեք, սարեր ջան», «Աղջիկ դու սիրուն», «Վարդ կոշիկս», «Ազնիվ ընկեր», «Կեցցե Զեյթուն», «Ձայն մը հնչեց», ինչպես և եկեղեցում կատարվող շարականներ, հոգևոր երգեր («Նորահրաշ», «Աշխարհ ամենայն» և այլն)։ Գրել է «Ռոզայի դեգերումները» կանտատը, դաշնամուրային նոկտյուռն, սիմֆոնիկ նախերգանք։ Ժողովրդականություն են վայելում «Ով հայոց աշխարհ», «Թաղումն քաջորդոյն», «Լռեց...» խմբերգերը, «Պաղ աղբյուրի մոտ», «Սիրուհիս» ռոմանսները և այլ ստեղծագործություններ։
Եկմալյանին աշակերտել են Կոմիտասը, Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը և ուրիշներ։ Եկմալյանի անունով Երևանում կոչվել է փողոց։ 1895 թվականին Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի (1911-1930 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանց) միջնորդությամբ, Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հայրապետական կոնդակով՝ Մ. Եկմալյանի «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Екмалян Макар Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ներսիսեան հայոց հոգեւոր դպրոցի 1899-1900 ուսումնական տարուայ տարեգիրը. Թբիլիսի: 1901. էջ 12.
- ↑ Լիա Բալագյան «Ալեքսանդր Մանթաշյանց» Երևան, «Հայաստան», 1991, էջ 161
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 298-299.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկողոս Թեհմիզյան, «Մակար Եկմալյան-Կյանքը և գործունեությունը» (հայերեն), 1981, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, Հայաստան
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մելիքյան Ռ., Եկմալյանի հիշատակին, «Թատրոն և երաժշտություն», 1915, № 6–7։
- Կոմիտաս, Յօդուածներ եւ ուսումնասիրութիւններ, Ե., 1941։
- Աթայան Ռ., Եկմալյանի մշակած նորահայտ գեղջուկ երգերը, ՍԱ, 1968, № 12։
- Մուրադյան Մ., Հայ երաժշտությունը XIX դ. և XX դարասկզբում, Ե., 1970 (Հայկական երաժշտական մշակույթի պատմություն, հ. 2)։
- Թահմիզյան Ն., Մակար Եկմալյան. Կյանքն ու ստեղծագործությունը, Ե., 1981:
- Հարությունյան Մ., Բարսամյան Ա., Հայ երաժշտության պատմություն, Ե., 1996:
- Մակար Եկմալյան։ Վավերագրեր, նամակներ, հուշեր, հոդվածներ, կազմ.՝ Ա. Թադևոսյան, Ե., 2006։
- Армянские композиторы (сост.։ P. А. Атаян, М. О. Мурадян, А. Г. Татевосян), Е., 1956․
- Шавердян А., Очерки по истории армянской музыки XIX–XX веков, М., 1959․
- Худабашян К. Э., Особенности гармонии в произведениях М. Екмаляна, ԲԵՀ, 1968, № 2:
- Մակար Եկմալյան։ Համառոտ բիբլիոգրաֆիա, կազմ.՝ Ն. Թեյմուրազյան, Ե., 1959:
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակար Եկմալյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 498)։ |
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Վաղարշապատ քաղաքում ծնվածներ
- Մարտի 19 մահեր
- 1905 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Խոջիվանքի գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ կոմպոզիտորներ
- Կոմպոզիտորներ այբբենական կարգով
- Հայ դիրիժորներ
- Հայ մանկավարժներ
- Հայ երաժշտագետներ
- Հայ խմբավարներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- 20-րդ դարի կոմպոզիտորներ