Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողով
Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողով, Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման խորհրդարան, որը ձևավորվել է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում[1]։ Այն Հայաստանի պատմության միակ խորհրդարանն է, որի լիազորություններն ավարտվել են ժամկետից շուտ[2]։ Խորհրդարանն ուներ 105 պատգամավոր, որոնք ներկայացնում էին 4 քաղաքական ուժեր[3]։ Առաջին խորհրդարանն է, որն ընտրել է Հայաստանի նախագահ և Հայաստանի վարչապետ[4][5]։ ՀՀԿ-ն 58 պատգամավորներով ուներ կայուն մեծամասնություն, նրան էր պատկանում ԱԺ խոսնակի և երկու փոխխոսնակների պաշտոնները[6]։ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն ներկայացված էր 7 պատգամավորներով։ Ընդդիմադիր Ծառուկյան դաշինքը և «Ելք» դաշինքը ներկայացված էին համապատասխանաբար 31 և 9 պատգամավորներով[1]։ Ազգային ժողովի նախագահը Արա Բաբլոյանն էր[7]։ Խորհրդարանն իրավունքի ուժով ցրվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին[2]։
Ձևավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի 6-րդ գումարման Ազգային Ժողովը ձևավորվել է 2017 թվականի ապրիլի 2-ին։ Առաջին նիստը կայացել է մայիսի 18-ին, որը վարել է ամենատարեց պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ՀՀԿ խմբակցության անդամ Կնյազ Հասանովը[8]։ Նիստին ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Հայաստանի կառավարության անդամները։ Նիստը բոյկոտել է «Ելք» դաշինքը։ Առաջին նիստի ընթացքում ընտրվել է Ազգային Ժողովի ղեկավար կազմը։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]6-րդ գումարման Ազգային ժողովում 5 անգամ անցկացվել է Հայաստանի վարչապետի ընտրություն, որից 3 դեպքում վարչապետ չի ընտրվել։ Այն եղել է Հայաստանի պատմության միակ խորհրդարանը, որտեղ կառավարությունը ձևավորել է ընդդիմությունը։
Պատգամավորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]6-րդ գումարման Ազգային ժողովն ուներ 105 պատգամավոր, որից 58-ը ներկայացնում էին ՀՀԿ-ն, 31-ը՝ Ծառուկյան դաշինքը, 9-ը՝ Ելք դաշինքը և 7-ը ՀՅԴ-ն։ Գործունեության 1,5 տարվա ընթացքում դադարեցվել է 15 պատգամավորի լիազորություն։
«Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ղեկավարել է Թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում Ազգային Ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի վարչապետ[9]։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է անձեռնմխելիությունից և կալանավորվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու, ինչպես նաև յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու մեղադրանքներով[10]։
Լուծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին[11]։ Խորհրդարանի ինքնալուծարման ֆորմալ ընթացակարգը պահպանելու համար անհրաժեշտ էր, որպեսզի լիներ վարչապետություն ընտրություն և թեկնածուն չընտրվեր։ «Ելք» դաշինքը հոկտեմբերի 23-ին վարչապետի թեկնածու էր առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին[12], որն էլ հոկտեմբերի 24-ի հատուկ նիստում չընտրվեց Հայաստանի վարչապետ[13]։ Նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովը երկրորդ անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում և Ազգային Ժողովն արձակվեց իրավունքի ուժով[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Ովքեր են 6-րդ գումարման ԱԺ պատգամավորները ըստ ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների». Tert.am. 04.04.17. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ 2,0 2,1 Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ. ԱԺ–ն իրավունքի ուժով արձակվեց
- ↑ «6-րդ գումարման Ազգային ժողովի նախնական կազմը». 04/04/2017.
- ↑ «Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի նախագահ».
- ↑ «Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ».
- ↑ «ՀՀԿ-ն մեծամասնություն կունենա նաև Ազգային ժողովում ձևավորվող նոր մարմնում».
- ↑ «ԱԺ նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը».
- ↑ «6-րդ գումարման ԱԺ առաջին նիստը՝ ուղիղ (տեսանյութ)». Մայիս 18,2017.
- ↑ «Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ 16-րդ վարչապետ, կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 42».
- ↑ «Մանվել Գրիգորյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից».
- ↑ «Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց».
- ↑ ««Ելք»-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու».
- ↑ «Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ». News.am. 15:50, 24.10.2018.
- ↑ ««Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով։ Շնորհավորում եմ». Նիկոլ Փաշինյան».